Հայաստանի իշխանությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական նոր խոսույթ են դրել շրջանառության մեջ, որի էությունը հետևյալն է. քանի որ ժողովուրդն է ձևավորել իշխանություն, այդ ժողովուրդն էլ պատասխանատու է կառավարության հաջողությունների ու ձախողումների համար:
Այս խոսույթը ունի ևս մեկ մեկնաբանություն, որ կրկին շրջանառության մեջ է դրել կառավարող ուժը. եթե ժողովուրդը դեմ է մեր քայլերին, ապա ինչու հեղափոխություն չի անում ու եթե հեղափոխություն չի անում, նշանակում է՝ գոհ է մեր կառավարումից:
Հեղափոխություն անելու համար անհրաժեշտ է ներքին և արտաքին մի շարք գործոնների համընկնում, ինչպես եղավ 2018 թվականին: Չնսեմացնելով Հայաստանի ժողովրդի կամքը, պետք է ընդունենք, որ տարին մեկ հեղափոխություն չի կարող իրականացվել կամ ամեն հարցի շուրջ չի կարող լինել հանրային մեծ համախմբում:
Հայաստանի ժողովուրդը գոհ չէր նախկին նախագահների և կառավարությունների գործունեությունից, բայց հեղափոխություն չեղավ երեք տասնամյակ շարունակ:
Եւ գլխավորը՝ ժողովուրդը չի կարող պատասխանատվություն կրել իր ընտրած կառավարության ձախողումների համար: Պատերազմում կրած մեր կրած պարտության և Արցախի հայաթափման պատասխանատվությունը գործող իշխանությունների վրա է՝ և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի:
Արդար չէ նաև պարտության մեջ միայն իշխանություններին մեղադրել, բայց և՛ հաղթանակի, և՛ պարտության թիվ մեկ կրողը, մեղավորն ու պատասխանատուն օրվա քաղաքական ղեկավարությունն է:
Բայց հատկապես արդար չէ Հայաստանի ժողովրդի վրա դնել մեր պարտության մեղքի ու պատասխանատվության խարանը: Հայաստանի ժողովուրդը վերջին 120 տարիներին այնքան արյուն չի տվել, որքան 2020-2023 թվականներին, սակայն հենց այդ երեք տարիներին է, որ կորցրել ենք Արցախը:
Թաթուլ Հակոբյան
Հոկտեմբեր 31, 2025 թվական













