Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի «գաղտնի» մասը. ինչու է Բաքուն երախտագիտություն հայտնում Երևանին

2214

Երևան-Բաքու հարաբերություններում արձանագրվել է չափազանց ուշագրավ զարգացում, որի մասին հայկական կողմը խուսափել է հաղորդել: Հայկական կողմը, հավանաբար փորձել է խուսափել քննադատության նոր ալիքից:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությայմբ երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանին աջակցելու համար։

«Մենք մեծապես գնահատում ենք Ադրբեջանի հետ համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին այս ընթացքում և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը», ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը դրոշների նկարներով թվարկել է բոլոր այն երկրներին, այդ թվում Հայաստանին, որոնք համերաշխություն են հայտնել և աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Մարտի 5-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:

Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։

Այսպիսով, Նախիջևանին Իրանից անօդաչու թռչող սարքերով հարվածելու հարցում Հայաստանը իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանին, որի մասին, սակայն, հայկական կողմի հայտարարության մեջ չի նշվում:

Որևէ դիվանագիտական քայլի սխալ կամ ճիշտ, հաշվարկված կամ չհաշվարկված, սթափ կամ սադրիչ լինելը ցույց է տալիս ժամանակը, և ժամանակը ցույց կտա Հայաստանի կողմից Ադրբեջանին աջակցություն հայտնելու ճիշտ կամ սխալ լինելը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 6-ը մարտի, 2026թ