Անցել էր մօտ երկու ամիս այն օրից – 2 Դեկտ. 1920թ. -, երբ բոլշեւիկները մտել էին Հայաստան, կազմակերպուել ու հաստատուել:
Հայկական եռագոյնը ու «Մեր Հայրենիք»ը – իբրեւ հակայեղափոխական սիմբօլներ – վերացուել էին ասպարեզից: Նրանց փոխարինել էին բոլշեւիկեան կարմիրն ու պրոլետարական «ինտերնացիոնալ»ը:
Կարմիր բանակի զինուորները տեղաւորուել էին քաղաքացիների բնակարաններում, ուտում էին նրանց հացը ու վառում վառելիքը:
Պաշտօնեաներն ու կուսակցական գործիչները գրաւել էին քաղաքի լաւագոյն տները, կահ-կարասին, անկողինները:
Յեղկոմը հրատարակում էր ամէն օր դեկրետներ (օրէնքներ) ու հրամաններ, որոնք նպատակ ունէին ամրացնելու Հայաստանում պրոլետարական դիկտատուրան եւ միաժամանակ՝ լայնացնելու ու խորացնելու համաշխարհային մեծ յեղափոխութիւնը:
Չեկիստները անսպառ եռանդով կատարում էին նրանց փրկարար գործը,- այնպիսի մեծ եռանդով, որ Հայաստանի բանդերում այլեւս ասեղ գցելու տեղ չէր մնացել:
«Ժողովրդական – կամ յեղափոխական – դրիբունալներում» (դատարաններում) ընկեր դատաւորները դատում էին ու լուծում քաղաքացիների մէջ ծագած վէճերը՝ դրական օրէնքի բացակայութեան պատճառով՝ համաձայն իրանց «յեղափոխական գիտակցութեան»:
Գիւղերում կոմբջիջները հին ու նոր հաշիւներ էին մաքրում անհաճոյ դրացիների հետ:
Քաղաքներում հաստատուել էին թաղային ու տնային կոմիտէներ: Ամէն մի տասնեակ տան վրա կարգուած էին տասնապետեր: Տասնապետերն ու տնատէրերը հսկողութիւն պիտի ունենային իրանց տների վրայ եւ եթէ նկատէին որեւէ «հակայեղափոխական» երեւոյթ – անմիջապես տեղեկացնէին Չեկային:
Վարչական սիստեմը հիմնուած էր ամբողջովին փոխադարձ հսկողութեան ու փոխադարձ լրտեսութեան վրայ: Հսկելու, լրտեսելու եւ տեղեկութիւններ հաղորդելու պարտականութիւնը դրուած էր ոչ միայն պաշտօնեաների, այլ եւ ամէն մի քաղաքացու վրայ: Քաղաքացին պարտաւորուած էր ոչ միայն ինքը բարեմիտ լինելու խորհրդային իշխանութեան հանդէպ, այլ եւ արթուն աչքով հսկելու հարեւանի բարեմտութեան վրայ: Եթէ չանէր, անձնապէս կը նկատուէր «հակայեղափոխական», այսինքն՝ ենթակայ Չեկայի խնամատարութեան:
«Կոմմունիստը» – կառավարութեան պաշտօնական օրաթերթը – շարունակ գրում էր պոգրոմային (ջարդարար) յօդուածներ: Յեղափոխութեան յաղթանակը – ասվում էր – ապահովուած չէ Հայաստանում, որովհետեւ այստեղ չի եղել քաղաքացիական պատերազմ: Կռիւ է հարակւոր, որպէսզի խորանայ բանուորագիւղացիական դասակարգային գիտակցութիւնը: Յեղափոխական պրոլետարիատը պիտի թափէ իր ձեռով բուրժուազիայի արիւնը, որպէսզի անանցանելի վիհ բաց անի իր եւ նրա միջեւ:
Նոյն բովանդակութիւնով ճառեր էին արտասանւում ու կոչեր արւում հրապարակային միտինգներում:
Պատերի վրայ փակցւում էին կուբիստական ոճով նկարած ահագին պատկերներ, ուր գետերով հոսում էր «դաշնակների» եւ ուրիշ «հակայեղափոխականների» պիղծ արիւնը… Ասենք՝ արիւնը հոսում էր ո՛չ միայն պատկերների վրայ, այլ եւ չեկայական բանդերում:
Ազգաբնակչութիւնը բաժանուած էր երկու անհաւասար մասի. բոլշեւիկներ – կամ բոլշեւիկ ձեւացողներ-, որոնց տրուած էին բոլոր իրաւունքները եւ ոչ-բոլշեւիկներ – այսինքն՝ ահագին մեծամասնութիւն-, որոնց վրայ դրուած էին բոլոր պարտականութիւնները:
Եւ առաջին հերթին՝ բոլշեւիկներին կերակրելու, նրանց բոլոր կարիքները հոգալու պարտականութիւնը:
Բոլշեւիկեան եռանդի մի կէսը ծախուում էր Չեկայի ու յարակից գործողութիւնների վրայ, միւս կէսը՝ խուզարկութիւնների ու բռնագրաւումների վրայ:
Բռնագրաուում էր ամէն բան, սկսած տնից, կառքից, գրաստից, վառելիքից եւ վերջացրած երաժշտական գործիքով, լուացքի սապոնով, թելասեղով … բաւական է, որքան բուրժուաները վայելեցին կեանքի բարիքները: Այժմ հերթը կարմիր բանակինն է ու յեղափոխական պրոլետարիատին:
Սա մի սկզբունք էր, որ գործադրւում էր ամէն ուղղութեամբ, ամենայն հետեւողականութեամբ ու արտակարգ եռանդով:
Ժողովուրդը յանկարծակիի էր բերուել, շշմել, ահաբեկուել: Չէր հասկանում, թէ ի՞նչ էր կատարւում շուրջը: Չէր հասկանում, թէ ի՞նչ են ուզում իրանց այս կարմիր աստղանի, պոպոզաւոր գլխարկներ կրող անծանօթները, այս նագաններով զինուա, երեսները փիս ներկած դեռահաս օրիորդները, այս բազմաթիւ կոմիսարներն ու կոմընկերները որ օտոմոբիլները նստան օր ու գիշեր վեր ու վար են անում Երեւանի փողոցներով…
Մենակ բուրժուան չէր, որ շշմել էր. շշմել էին նաեւ աշխատաւոր զանգուածները, որոնք բուրժուազիայի հետ հաւասար՝ տուժում էին բոլշեւիկեան իրաւակարգից: Մենակ բուրժուան չէր որ թալանուած էր, անարգուած, իրաւազրկուած: Նոյնն էր եւ ամբողջ ժողովուրդը – բացի բոլշեւիկներից, ի հարկէ-, օրուայ աշխատանքով ապրող մասսաները:
Այլեւս ոչ ոք տէր չէր ո՛չ իր ունեցածին, ոչ իր աշխատանքին: Կոմունիզմը հասկացուել էր ու իրականացւում էր այն մտքով թէ՝ ոչ-բոլշեւիկի ունեցածը հալալ է բոլշեւիկին:
Այս դրութեան անմիջական հետեւանքը եղաւ այն, որ ի սպառդադարեց կամ ծայր աստիճանի սահմանափակուեց արդիւնաբերող, շինարար աշխատանքը: Բացի առօրեայ մանր-մունր գործերից – այն գործերից որ բացարձակապէս անհրաժեշտ էինայդ մի օրը ապրելու համար – ոչ ոք, ոչ մի աշխատանք չէր ուզում կատարել: Կարծես ընդհանուր, – պասսիւ ու լռելային, բայց եւ շատ յամառ գործադուլ էր յայտարարուած ամբողջ Հայաստանում:
Իմ ապրած տան մէջ մի գիշեր պատռուեց ցրտից ջրանցքի խողովակը: Ու այդպէս էլ մնաց պատռուած: Հարցրի տնատէրից թէ ինչո՞ւ չի փոխում, նորը դնում, ասաւ.
– Տունը ի՞մն է, որ փոխեմ… Ով որ տէր է իմ տանը, թող նա էլ փոխի:
Հարեւանի տան կտուրի մի մասը եւ պատի մի անկիւնը փլան անցան օրեր. իմ պատշգամբից շարունակ դիտում էի քանդուած ու քանդուող տունը. Հարեւանս մատը մատին չէր զարնում որ նորոգի: Մի օր հարցրի թէ ինչո՞ւ չի վերաշինում, պատասխանը նոյնն եղաւ.
– Ինչո՞ւ շինեմ, ո՞ւմ համար շինեմ… թող քանդուի, իմը հօ չի՞ տունը:
Այս ընդհանուր գործադուլի հետ միաժամանակ ծնունդ էր առել նաեւ մի ուրիշ, աւելի վտանգաւոր երեւոյթ շուտով սպառելու, նոյնիսկ՝ ոչնչացնելու, փճացնելու տենչ, մի հոգեբանութիւն, որ այնքան անհարազատ է հայ մարդու շինարար ու տնտես բնաւորութեան: Փճաչնելու մի ընդհանուր համաճարակ էր, որ վարակել էր այժմ ամենքին:
Իմ տանտէրը ունէր երկու տարեկան մի լաւ հորթ, որ պահում էր մեծ խնամքով: Մի օր յանկարծ մորթեց հորթը.
– Մի եւ նոյն է, ասաւ, բոլշեւիկները պիտի խլեն ձեռիցս:
Ունէր մի տասնեակ հաւ, որոնցից մի քանիսը այս ձմռայ միջին դեռ ձու էին ածում: Բոլորը մորթեց.
– Լաւ է մենք ուտենք, քան բոլծեւիկները…
Ունէր 7-8 հատ լաւ գերաններ, որ առել էր տան մէջ նորոգութիւններ անելու համար: Երեխայի պէս ուրախանում էր ու դողում գերանների վրայ, որովհետեւ Հայաստանում շինութեան փայտ ճարելը շատ դժուար էր դառել: Եւ մի առաւօտ տեսնում եմ ահա, թէ ինչպէս տանտէրս ու իր երկու տղաները, սղոցն ու կացինը ձեռներին, կատաղօրէն սղոցում ու կոտորում են թանկագին գերանները…
– Ինչո՞ւ:
– Բոլշեւիկներից ազատելու համար:
Ու մի քանի օր շարունակ մեր վառարանները ճաքում էին վառելիքի շատութիւնից. պէտք էր ոչ միայն կոտորել գերանները, այլ եւ շուտով այրել, ոչնչացնել, որովհետեւ բոլշեւիկները վառելափայտն էլ կը խլէին ձեռներիցս:
Այս գրությունը հրապարակվել է 1965թ Քաջազնունու «Յետ Մահու. Պատմուածքներ, Յուշեր, Յօդուածներ, նամակներ» հատորում, որը պատրաստել է Սիմոն Վրացյանը (Հրատարակութիւն «Համազգային» Ընկերութեան, Տպարան Մշակ, Պէյրութ, 1965, էջ 62-63):












