«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետ Փաշինյանի և Արմինե Մոսիյանի «զրույցը»

2584

Ներքոգրյալ ողջ տեքստը բառ առ բառ սղագրությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի՝ Երևանի մոտրոպոլիտենում մարտի 22-ի հայտնի խոսակցության: Այն սղագրել և իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Հայրապետյանը:

Նիկոլ Փաշինյան – Եղբայր կարելի ա՞ մի հատ նվիրել քեզ սրանից:

Երեխա – Չէ:

Նիկոլ Փաշինյան – Չէ՞:

Արցախցի կին – Մենք Արցախից ենք ու, ճիշտն ասած, մենք ավելի ուրիշ քարտեզ ունենք:

Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ քարտեզ ունեք, կներեք:

Արցախցի կին – Ավելի ուրիշ․․․․( վերջին մի քանի բառը չի լսվում):

Նիկոլ Փաշինյան – Հա, շատ լավ, շատ լավ:

Հինգ վայրկյան անց

Նիկոլ Փաշինյան – Բայց Ձեր տղան էս քարտեզումա ապրելու, էդ հաշվի առեք:

Արցախցի կին- Միգուցե հիմա, բայց․․․

Նիկոլ Փաշինյան – (ընդհատում է) էլ բայց չկա:

Արցախցի կին- Բայց կա:

Նիկոլ Փաշինյան – էլ բայց չկա, մենք չենք թողնելու, որ Ձեր էդ գաղափարաբանությունը․․․

Արցախցի կին- Դուք չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրե՞նք, Դուք չեք թողել արդեն:

Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ․․․

Արցախցի կին – Դուք չեք կարող զրկել մեզ Արցախում ապրելու, վերադարձի հույսից ու մնացած ամեն ինչից:

Նիկոլ Փաշինյան – Ես գիտե՞ք ինչ, ես ամեն ինչ արել եմ․․․

Արցախցի կին – (ընդհատում է) Խնդրում եմ չշարունակենք, ես ցանկություն չունեմ:

Նիկոլ Փաշինյան – Չէ կշարունակեմ, ես կշարունակեմ:

Արցախցի կին – Մրցաշարից ենք ուշանում, ճիշտն ասած․․․

Նիկոլ Փաշինյան – Իմ խոսելը գնացքի ընթացքը չի խանգարում:

Արցախցի կին – (ձայնը ակնհայտ հուզված) – Խնդրում եմ լսեք, մենք մրցաշարից ենք ուշանում՝ շախմատային, թե չէ մենք անմիջապես կիջնեինք, բայց քանի որ մեր ժամերը հաշված են և մեզ պարտություն կգրանցեն ուշանալու համար, մնացինք էստեղ, խնդրում եմ մեր զրույցը չշարունակենք:

Նիկոլ Փաշինյան – (ընդհատում է) Շատ լավ, բայց քանի որ ես Ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետքա լսեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք, 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Արցա․․ ըըը Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ, և ասում էիք, որ հատուկ փակելա, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ, ասում եք ուզում էինք վերադառնայինք, (շատ բարձր ձայնով, մատ թափ տալով) բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք․․․բա ինչի՞ չեք մնացել:

Արցախցի կին- (ընդհատում է) Դուք ինձ հետ մատ թափ տալով մի խոսացեք:

Նիկոլ Փաշինյան – Ես Ձեզ հետ կխոսամ տենց:

Զուգահեռ

Արցախցի կին – Բարձր ձայնով չխոսեք ինձ հետ ու Ձեր պաշտոնը էստեղ ընդհանրապեց կապ չունի:

Նիկոլ Փաշինյան – Կխոսամ Ձեզ հետ տենց, ու էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսա՛ք:

Կնոջ ձայնը՝ Նիկոլ Փաշինյանի բարձր ձայնի ֆոնին

Արցախցի կին – Ձեր ասածը իմ ասածի հետ ընդհանրապես որևէ կապ չունի:

Զուգահեռ

Նիկոլ Փաշինյան – (շատ բարձր ձայնով) Որևէ մեկդ, որևէ մեկդ (մատ է թափ տալիս) , որևէ մեկդ, որևէ մեկդ (4 անգամ կրկնում է՝ կնոջ աչքերին նայելով, մատը թափ տալով)…

Կնոջ ձայնը՝ Նիկոլ Փաշինյանի բարձր ձայնի ֆոնին

Արցախցի կին – Ես ավելի մեծ քարտեզի մասին էի խոսում, որին գումարած 12 000 քառակուսի կիլոմետր էր, չխոսեք ինձ հետ բարձր ձայնով:

Նիկոլ Փաշինյան – Կխոսա՛մ Ձեզ հետ ես բարձր ձայնով:

Արցախցի կին- Չփորձե՛ք:

Նիկոլ Փաշինյան – Ուրեմն մյուս անգամ չփորձե՛ք ասել, որ ․․․․ փախածներով չփորձե՛ք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել ․․․

Արցախցի կին – փախածներո՞վ․․․, եթե մեկ-երկու ղարաբաղցի, արցախցի եք գտել, ովքեր Ձեզ իշխանահաճո զրույցներ են անում, էդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները նման կարծիք ունեն:

Նիկոլ Փաշինյան – Լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ․․․

Արցախցի կին- Մենք ուշանում ենք, մեզ չստիպեք մենք շուտ իջնենք, մենք շատ ուշանում ենք․․․

Նիկոլ Փաշինյան – Վերջին կանգառն ա:

Տեսախցիկը շրջվում է կնոջ դեմքը նկարելու

Արցախցի կին – Շնորհակալություն, ընդհանրապես պետք չի մեզ նկարել:

Նիկոլ Փաշինյան – Տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ էսօր Հայաստանի քաղաքացություն են ստացել և բնակավորվում են Հայսաստանում:

Արցախցի կին – Որովհետև ուրիշ ճար չունենք:

Նիկոլ Փաշինյան – Էդ մարդկանց իզուր, իզուր, իզուր մի․․․

Արցախցի կին – Մենք մինչև էդ էլ կապույտ անձնագրեր ենք ունեցել Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր էր, ոչ թե ճամփորդական փաստաթուղթ:

Նիկոլ Փաշինյան – Այո:

Արցախցի կին – Ի գիտություն Ձեզ, մեզ ու բոլորին:

Նիկոլ Փաշինյան – Ես գիտեմ, ի գիտություն Ձեզ, և դա Հայաստանի ․․․

Արցախցի կին – Եվ եթե մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ ուրիշ ճար չունեն, մարդիկ առանց գործ ապրում են, վարձ են տալիս, դա անում են, որ էդ չնչին բնակվարձից օգտվեն, զուտ դա է պատճառը, և ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն ու մի հատ էլ նորից քաղաքացիություն են ստանում:

Նիկոլ Փաշինյան – Լսեք․․․ մարդիկ․․․ ես մենակ մի բան եմ խնդրում․․․, մենակ մի բան եմ խնդրում․ էդ պանդխտության բանը․․ միտումը պետքա հանել, պետքա հանդարտվել, էս երեխուն պետք չի պանդխտության ․․․

Արցախցի կին – Էս երեխան իրա տունն ա ուզում, իրա սենյակն ա ուզում:

Նիկոլ Փաշինյան – Կունենա:

Արցախցի կին – Իրա խաղալիքներն ա ուզում:

Նիկոլ Փաշինյան – Կունենա, կունենա․․․

Արցախցի կին – Իր Արցախն ա ուզում, ուզում ա իրա պապիկի գերազմանին գնա, ով 1993-ին լեգենդար հրամանատար ա եղել, ու զոհվել ա:

Նիկոլ Փաշինյան – Հարգելիս․․․ շատ լավ ․․․

Արցախցի կին – ինձ հետաքրքիր չեն արդեն․․․ ընդհանրապես․․ ես Ձեր իմացած արցախցիներից չեմ ․․․(բարձր հուզական ձայնով):

Նիկոլ Փաշինյան – Էդ երեխան ապրելու ա Հայաստանում:

Արցախցի կին – Ես ընդհանրապես չեմ շարունակում:

Նիկոլ Փաշինյան – Էդ երեխան ապրելու ա Հայաստանում:

Արցախցի կին – (ինքն իրեն) Երեխան էս ինչքան ներվայնացավ, սրանից հետո մրցել կլինի՞, մենք հիմա դուրս ենք գալիս:

Նիկոլ Փաշինյան – Երեխան ապրելու ա Հայաստանում, երեխան ապրելու ա Հայաստանում․․․ Իմ խնդրանք էնա՝ պետք չի երեխայի մեջ պանդխտության էդ․․․ մտցնել, ես էլ բան չեմ ասելու, մի դուրս եկեք, հանգիստ եմ թողնում Ձեզ․․․հանգիստ եմ թողնում:

Արցախցի կին – Երեխան, երեխան․․․ երեխան Մա՛յր հայրենիքում ա, որովհետև ինքը հայրենիքը չի հասկանում միայն Արցախը, ինքը հասկանում ա Արցախ ու Հայաստան՝ միասնական:

Նիկոլ Փաշինյան – Այո, այո, Հայաստանի Հանրապետությունը:

Արցախցի կին – 30 000 քառակուսի կիլոմետրին գումարած էն 12 000-ը․․․

Նիկոլ Փաշինյան – Հայաստանի Հանրապետությունը:

Արցախցի կին – Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ ա, որ Արցախի հողում թուրքն է ապրում:

Նիկոլ Փաշինյան – (Նույն տոնայնությամբ կրկնում է) Հայաստանի Հանրապետությունը:

Գնացքը կանգ է առնում

Արցախցի կին – Այսօր իմ կյանքի ամենաչստացված օրն ա, կյանքում չէի պատկերացնի, որ Ձեզ կտեսնեի

Նիկոլ Փաշինյան – Ոչինչ, լինումա, ստիպված եք․․․ ստիպված եք․․․

Արցախցի կին – Խնդրում եմ Ձեր ոստիկաններին․․․

Նիկոլ Փաշինյան – (ընդհատում է) Շատ լավ, շատ լավ, Ձեզ հանգիստ կթողնեն․․․ հանգիստ:

—-

Նույն օրը երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքի էջում թողել է հետևյալ մեկմաբանությունը

Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։
Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Սիրում եմ բոլորիդ: