ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Մեր կուսակցութիւնն այն համոզմունքին է, որ Անդրկովկասեան ժողովուրդների մերձեցումը և համերաշխութիւնը խիստ ցանկալի է հէնց այդ ժողովուրդների շահերի տեսակէտից, և որ այդ կարող է լինել միայն ընդհանուր դեմոկրատիական պլատֆoրմի և ոչ թէ դասակարգային բաժանումների հիման վրայ:
Այդ համերաշխութիւնը կարող է աւելի հիմնաւորուել, երբ Անդրկովկասեան ժողովուրդների մէջ եղած տարաձայնութիւնները և վիճելի հարցերը որքան կարելի է շուտ վճռուեն: Այդպիսի հարցերի շարքում առաջին տեղն է բռնում սահմանափութեան խնդիրը:
Բարեբախտաբար Վրաստանի կառավարութիւնը, հասկանալով այս բոլորը, զիջեց Հայաստանին բոլոր այն գաւառները, որոնք ըստ սահմանափոխութեան ծրագրի, պէտք է անցնէին հայերին՝ այսինքն Փամբակի և Լօռու գաւառները: Ինչ վերաբերում է Ախալքալակին, նա էլ կկցուի մեր հանրապետութեան, երբ այնտեղից հեռանան թիւրքական զօրքերը:
Նոյն կերպ պիտի վճռուի սահմանափոխութեան հարցը Հայաստանի և Ազրբէյջանի միջև: Վերջին տեղեկութիւնների համաձայն թուրքերը գրաւել են Շուշին: Այսպիսով նրանք ցանկանում են լուծել Ղարաբաղի հարցը հակառակ սահմանափոխութեան ծրագրի և մեզ դնել կատարուած փաստի առաջ:
Մինչդեռ Զանգեզուրի և Շուշու գաւառի հայկական մասում կայ մօտ 250.000 հայ ազգաբնակութիւն և միայն 15 հազար մահմեդականութիւն, և այդ շրջանները պատմականօրէն և տնտեսապէս կապուած են Հայաստանի Հանրապետութեան հետ:
Մեր կառավարութիւնը պէտք է անմիջապէս բանակցութիւնների մէջ մտնի Ազրբէյջանի հետ և աշխատի խաղաղ ճանապարհով լուծել սահմանափոխութեան հարցը այնպէս, ինչպէս այդ վճռել են հայկական բոլոր կուսակցութիւնները 1917 թուի սեպտեմբերի Ազգային Համախորհրդակցութեան մէջ:
Հայ ժողովուրդը չի կարող ոչ մի դէպքում զիջել այս գաւառները, և Ազրբէյջանի շահը պահանջում է ընդառաջ գնալ հայ ժողովրդի բոլոր հոսանքների ցանկութեան:
«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 22, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 1918թ․












