Ալէքսանդրապոլի դէմ կանգնած թիւրքաց կորպուսի հրամանատար Շէւքէթ փաշան հետևեալ ուլտիմատումն էր ուղարկել գեներալ Նազարբէկեանին:
«16 մայիսի: Համաձայն Կովկասեան ճակատի տաճկական բոլոր զօրքերի հրամանատարի հրամանի պատիւ ունեմ առաջարկելու ձեզ հետևեալը.
Կովկասեան ճակատում գտնւած մեր զօրքերի մի մասը անհրաժէշտ ենք համարում կովկասեան պետութեան հարաւային սահմաններից փոխադրել Ալէքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղով: Այդ ճանապարհի շահագործման համար միջոցներ ձեռք կառնւեն նրա փոխադրական ունակութիւնը մաքսիմումի հասցնելու նպատակով: Եթէ դուք կապահովէք երթեւեկութեան կանոնաւորութիւնն ու անվտանգաւորութիւնը երկաթուղու վրայ, ապա հաւատացած եղէք, որ զօրքերի փոխադրութիւնը կարող է լինել բոլորովին լոյալ մեր կողմից: Անբարեացկամ վերաբերմունքի դէպքում մենք ստիպւած կը լինենք առաջ շարժւել հետեւակային կարգով և չենք ապահովում բնակիչների կատարեալ հանգստութիւնը առաջ շարժւող զօրքերի կողմից: Երկաթուղին մեր կողմից օգտագործելու խնդիրն ամբողջովին կախւած է ձեզնից: Ձեր անհամաձայնութեան դէպքում մեր առաջխաղացման խնդիրը կախւած կը լինի մեր ցանկութիւնից, բայց այդ առաջխաղացումը հետևակային կարգով իմ կողմից կը դադրեցւի ամեն րոպէ, եթէ համաձայնւէք վագոններ տալ: Տեխնիքական բնոյթ ունեցող մանրամասնութիւնը մշակելու համար կարելի է ամեն մի րոպէ դիմել Բաթում մեր բարձր իշխանութեան: Մինչև ձեր պատասխանը ստանալը՝ ստիպւած ենք սկսել առաջխաղացումը: Խնդրեմ ընդունք յարգանքիս հաւաստիքը:
Թիւրքական կորպուսի հրամանատար Շէւքէթ»:
Հորիզոն, թիւ 93, ուրբաթ, 19 մայիսի, 1918թ
https://tert.nla.am/archive/HGG%20TERT/horizon%20tiflis/1918/1918(93)_ocr.pdf












