Այս հոդվածը, որ իրականում սգահանդեսում արտասանված խոսք է, տեղ է գտել Հայ ժողովրդական կուսակցության Ժողովուրդ պարբերականի 1918 թվականի հոկտեմբերյան համարներից մեկում: Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդիներից Աշոտի և հայկական 4-րդ գնդի ընկած մարտիկների մասին է: 4-րդ գունդը կռվել է Ղարաքիլիսայում՝ ընդդեմ ներխուժող թուրքերի՝ 1918-ի մայիսին:
ԱՆԻ կենտրոն
4-ՐԴ ԳՆԴԻ ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
[1918 թ] Մայիս 27-ին առաջին հայկական դիվիզիան, հավաքելով իր վերջին ուժերն ու ճիգը, մի նոր թափով սկսեց Փամբակի Ղարաքիլիսայի այնքան վեհ ու արյունաշատ ճակատամարտը:
Կռիվն սկզբում հաջող էր, ոգևորությունը՝ մեծ, սակայն երբ թշնամին գրավեց Վարթանլու գյուղի մոտ բարձրացող Մայմեխ լեռը, դրությունը փոխվեց՝ ձախ թևը արդեն շրջապատված էր, և սկսվեց նահանջը:
Բայց ո՞ւր նահանջել, քանի որ միակ նահանջի ճանապարհը՝ Դիլիջանի շոսսեն [խճուղի]ռմբակոծվում էր և կտրված էր թշնամով:
Օտրյադից [ջոկատ] ոմանք վճռեցին մնալ Ղարաքիլիսայում և մնացին, ոմանք Դիլիջանի շօսսեից ձախ վերցնելով լեռներով անցան Դիլիջան, ոմանք էլ բռնեցին Սանահինի ուղին:
Այդ չարաբախտ ճանապարհով գնաց նաև 4-րդ գնդի սպայության մի մասը՝ գնդապետ Հովսեփյան, փոխգնդապետ Ղարագյոզյան, պորուչիկ Տեր-Իսահակյան, Սամսոն, Քուրդ-Արսեն, Կեաուլյան, Քալանթարյան, Մելիքյան, Անանյան Քաջազնունի, Նոհրատյան, Փաշյան, Օհանյան, Հակոբյան և ուրիշներ:
Սանահինում հավաքվում են ուրիշ գնդերից ևս զինվորներ ու սպաներ և բոլորը միասին խորհրդակցում դեպի ուր գնալու մասին:
Բաժանվում են երկու գրուպայի [խմբի], մեկը՝ գնդապետ Կորգանովի հետ անցնում է լեռներով դեպի Դիլիջան, իսկ մյուսը, կարծելով, թէ Դիլիջանն արդեն գրավված է թուրքերով, վճռում է անցնել դեպի Թիֆլիս, գնդապետ Հովսեփյանի հետ:
Չցանկանալով դճվար րոպեին մենակ թողնել ծերունի գնդապետին՝ 4-րդ գնդի սպաները մնում են նրա հետ:
Այդ խմբակը գալիս հասնում է Աղքյորփի գյուղը:
Բոլորը տեղավորվում են մի սեենյակում, բացի Նոհրատյանից, Փաշյանից և Օհանյանից, որոնց մի պոդպրապորշչիկ խոստանում է տանել իր ծանոթի մոտ և լավ հյուրասիրել: Նրանք համաձայնվում են և քայլերն ուղղում դեպի ծանոթի տունը, սակայն դեռ չհասած, լսվում են աղաղակներ՝ “տղե՛րք, փախե՛ք, թուրքական զորքն եկավ”:
Այդ չորս հոգին նետվում են մոտակա ձորը, նկատված ասկյարներից, սակայն երկար որոնումներից, լեռներում սոված-ծարավ ապրելուց հետո դուրս են գալիս Թիֆլիս: Թուրք ասկյարները շրջապատում են այն տունը, ուր գտնվում է գնդապետ Հովսեփյանն իր սպաներով և բռնելով բոլորին, տանում են Չանչախի գյուղը:
Այդ խմբից, 4-րդ գնդի երկու գնդապետներին՝ Հովսեփյանին և Ղարագյոզյանին, երկու ուրիշ գնդապետների հետ փաշան հրավիրում է իր սենյակը և հյուրասիրում թեյով, իսկ մնացածներին փակում են մի սենյակում:
Երեկոյան ժամը 9-ին դահիճներն սկսում են գործել:
Երեք-երեք կանչվում են առաջ ղարաբաղցիներին, իբր թե վկայական տալու և ուղարկելու հայրենիք, հետո երևանցիներին, նախիջևանցիներին և թիֆլիսցիներին և սյուների հարվածներով մինչև գիշերվա ժամը 2-ը հարյուր ու մեկ քաջամարտ հերոսների ազնիվ արյունը թափում են:
Վերջացնելով ցածրաստիճան սպաների և զինվորների հետ, զեկուցում են փաշային, որը, լսելով պահանջում է իր ձին և հրամայելով գնդապետներին ձի տալ և ճանապարհ գցել, հեռանում է Չանախչիից:
Հրամանը կատարվում է 4 գնդապետների գլխատումով, որից հետո ասկյարները, հավաքելով բոլոր դիակները մի հին տուն, կիրակ են տալիս ու հեռանում:
Թուրքերի գնալուց հետո գյուղացիները հանգցնում են այրվող տունը և դիակները սայլերի մեջ լցնելով բերում, թափում են մի հոր ու ծածկում հողով:
Այժմ հերոսների այդ մահվան հորը շրջապատված է տախտակներով ու մեջ տեղը տնկած է մի խաչ:
Դեռ ոչ մի մոր, հարազատի արցունքներ չեն թրջել անշուք այդ 101-ի շիրիմը:
Հանգիստ ձեր եղբայրական շիրիմին ու աճյունին, բազմաչարչար ընկերներ: Ով ձեզ ճանաչել է, նրա հոգու վրա մերթ ընդ մերթ մի դառն վշտալի թախիծ է իջնում մառախուղի պես ու ճնշում հոգին, և նա տանջվում է:
Այդ ձեր ուրվականներն են տանջում ձեր ընկերներին…:
Արամ Օհանյան
Սեպտեմբերի 29-ի սգահանդեսին արտասանված
Ժողովուրդ, թիվ 19, չորեքշաբթի, հոկտեմբերի 16, 1918
Լուսանկարում- Հովհաննես Քաջազնունու՝ թուրքերի ձեռքով սպանված որդու՝ Աշոտի ցարական զինվորական համազգեստի պարագաները












