Ինչու է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետականությունը իջեցնում կադաստրի վկայականի մակարդակի

1739

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Հայաստանի հիմնադրման փաստաթղթերից են.

ա/ 1990թ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը,

բ/ 1991թ սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն,

գ/ 1991 թ. սեպտեմբերի 23-ի՝ Գերագույն խորհրդի որոշումը Անկախության հանրաքվեի կայացման մասին,

դ/ մեր երկրի միջպետական փաստաթղթերը,

ե/ 1992թ մարտի 2-ին ՄԱԿ-ին անդամակցելը,

զ/ երկկողմ դիվանագիտական փաստաթղթերը,

է/ բազմակողմ դիվանագիտական փաստաթղթերը,

ը/ միջազգային կոնվենցիաներին միանալը,

թ/ Երևանում տասնյակ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները…

Հայոց այբուբենի տառերը բավարար չեն, որպեսզի մինչև վերջ թվարկենք Հայաստանի Հանրապետության Անկախության և ինքնիշխանության, ճիշտ է՝ իջեցված նշաձողով, փաստաթղթերը:

Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը դիմում նման պրիմիտիվ բառապաշարի:

Պատասխանը, իմ կարծիքով և ինձ համար շատ պարզ է և հստակ:

Մեր աղետալի պարտությունից և Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելուց հետո նա փորձում է նոր պատմություն ստեղծել, նոր պատմագիտական նյութ մատուցել, որ իր իշխանությունը վերջապես կարողացել է պահել և ամրապնդել 29.800 քառ կմ տարածքով Հայաստան և դա ներկայացնել որպես մեծ ձեռքբերում:

Դաժան բան է պատմության մեջ մտնել որպես Հայաստանի ղեկավար, որի իշխանության ժամանակ կորցրել ենք Հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող 8000 քառ կմ տարածք, այդ թվում՝

ա/ տարածք ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքից,

բ/ տարածքներ նախկին ԼՂԻՄ-ից՝ Շուշին և Հադրութը, այստեղ հավասարապես պատասխանատու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը,

գ/ տարածքներ ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս, որոնք Արցախի մաս են հռչակվել՝ համաձայն 2006թ Սահմանադրության, ու այս կորստի մեջ նաև ու կրկին պատասխաանատու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կադաստրի տակ թաքնված պրիմիտիվ հնարքը պատիվ չի բերում որևէ պետության ղեկավարի:

«Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»,-մայիսի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նա ընդունել է ընդդմիությունից հնչող այն քննադատությունը, թե Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները թե՛ Արցախի և թե՛ անկլավների մասով ու փոխարենը ոչինչ չի ստանում։ Բայց ինչպես Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը շանս է ստանում իր տարածքի սեփականատերը դառնալ դե յուրե։

«Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք ստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարա ասենք՝ հլը մի րոպե, կադաստրի վկայականը…. եթե էդ ստացվի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես, այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարանք ստանանք ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց կադաստրի վկայականի: Մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, բոլորս ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է՝ պետություն՝ միջազգայնորեն ճանաչված, դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»,- հայտարարել է Փաշինյանը:

Հ. Գ. Եթե պատմության այս մղձավանջային շրջափուլում մենք կարողանանք պահել 29,800 քառ կմ տարածքը, և եթե օրինակ, ռուսները Մեղրիի հովտում ադրբեջանցիների ձեռքով միջանցք չպոկեն, եթե կարողանանք դա թույլ չտալ, և եթե կարողանանք Արցախը պահել հայաբնակ և հայկական, ես դա կհամարեմ հաջողություն:

Կրկնեմ՝ պատմության այս շրջափուլի համար: Հետո, կտեսնենք, Աստված մեծ է, թեև Աստծո մեծությունը մեր շարունակական արկածախնդրությունների հետ, որի սկիզբը դրվել է 1998 թվականի ռազմապետական հանցավոր հեղաշրջումից հետո, կապ չունի:

Թաթուլ Հակոբյան

24 մայիս, 2023թ, ԱՆԻ կենտրոն

Արխիվային լուսանկար՝ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում, 2019թ փետրվար