Արցախի առաջնային, թիվ 1 խնդիրն այսօր արցախցիներին Հայաստանում պահելն է

1885

Արցախի թիվ 1 խնդիրն այսօր արցախցիներին Հայաստանում պահելն է:

Անկասկած, Հայաստանի կառավարությունը պետք է ներկայացնի համապարփակ փաթեթ, թե ինչպես է պետք դա անել, առաջին հերթին՝ Արցախի մեր հայրենակիցներին տներով ապահովելու խնդիրը:

Այս հարցում օգտակար գործ կարող են անել և անում են նաև սփյուռքյան կառույներն ու անհատներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, բայց նրանք չեն կարող փոխարինել պետությանը:

Վերջին շրջանում տեսնում ենք, որ տարբեր կառույցներ ու անհատներ հայտարարություններով խոսում, խոստանում, անգամ պահանջում են արցախահայության հավաքական վերադարձ իրենց տներ:

Ինչպե՞ս ենք պատկերացնում արցախահայության հավաքական վերադարձ, երբ մեր ուժերը չեն բավարարում անգամ Ադրբեջանի զինուժը դուրս մղել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Հերթական անգամ գործ ունենք անպատասխանատու հայրենասիրության, երազանքի ու պատրանքների հետ:

Հերթական անգամ գործ ունենք տունուտեղը կորցրած մարդկանց անունից պահանջատիրական քաղաքականության փորձերի հետ:

Արդեն իսկ հազարավոր արցախահայեր հեռանում են Հայաստանից կամ ճանապարհներ են փնտրում հեռանալու համար: Մի մասն արդեն հեռացել է Ռուսաստան, շատ շատերը Երևանում տեղակայված դեսպանությունների դռներն են ծեծում:

Չեմ բացառում, որ մի օր հնարավոր կլինի արցախցիների վերադարձ սեփական տներ, բայց ե՞րբ: Այնպես չստացվի, որ երբ այդ բաղձալի օրը գա, Հայաստանում արցախցիներ մնացած չլինեն:

Ուրեմն, պետք է տարբերակել անհրաժեշտը ցանկալիից, և ամբողջությամբ կենտրոնանալ արցախցիներին Հայաստանում պահելու խնդրի վրա:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն