1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցի» համաձայն, որն ամփոփում է 1916 թ. տվյալները, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի մի հատվածը մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի Երկրորդ ոստիկանական մասի մեջ (2-й полицейский участок, село Каймахлы):
Երկրորդ ոստիկանական մասը կազմված էր յոթ հասարակություններից, որոնցից մեկը Բարանայի գյուղական հասարակությունն էր՝ կազմված 4 գյուղերից.
Բալաքենդ, Балакенд, այսօր՝ Դովեղ,
Բարանա, Барана, այսօր՝ քաղաք Նոյեմբերյան,
Ղալաչա, Калача, այսօր՝ Բերդավան,
Կողբ, Кульп, այսօր՝ Կողբ:
Ղազախի գավառի Երկրորդ ոստիկանական հայաբնակ մյուս հասարակությունը Կոթիին էր՝ կազմված 7 գյուղերից.
Ոսկեպար հայկական, Аксибара армянское, այսօր՝ Ոսկեպար,
Բաղանիս հայկական, Баганис армнский, այսօր՝ Բաղանիս,
Ջուջեվանք, Джуджеванк, այսօր՝ Ջուջևան,
Կոթքենդ, Коткенд, այսօր՝ Կոթի,
Ղոշղոթան, Кошкотан, այսօր՝ Ոսկեվան,
Ղուրումսուլու, Курумсулу, այսօր՝ Բարեկամավան:
Այսօրվա Նոյեմբերյանի շրջանի մյուս՝ Դեբեդի հովտի հատվածի գյուղերը, մտնում էին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թվականներին՝ երկու հանրապետությունների կարճատև անկախության տարիներին, վիճելի երեք հիմնական շրջաններ կային՝ Արցախ, Զանգեզուր և Նախիջևան:
Կար նաև չորրորդ վիճելի հատվածը՝ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը: Ղազախի գավառը 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով ուղղակի կիսվեց դեռևս անկախ Հայաստանի և արդեն խորհրդայնացված Ադրբեջանի միջև: Անշուշտ, համաձայնագրում բառացի չէր ասվում կիսվելու մասին, սակայն հասկանալի էր, թե խոսքն ինչի մասին է:
1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրում այսպիսի ձևակերպում կա. «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:
Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում բախումներ, և հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ, փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ մուսուլմանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Սահմանագիծը հյուսից-հարավ անցնում էր հետևյալ գծով (նշում ենք միայն սահմանի հայկական հատվածի բնակավայրերը)՝ Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Ղուրումսուլու/Դոստլու (Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան) – Բաղանիս – Ոսկեպար – Կիրանց – Ջողաս (Բերքաբեր) – Սռի գեղ (Սարիգյուղ) – Ուզունթալա (Այգեհովիտ) – Լալիգյուղ (Վազաշեն) – Թաթլի հայ (Պառավաքար) – Ղզլբուլաղ (Ներքին Կարմիրաղբյուր)- Այգեպար – Մովսես – Չինարի:
Առանձին թեմա դարձավ Արծվաշենը, այն ժամանակ՝ Բաշգյուղ, ապա՝ Բաշքենդ: Նախքան Ճամբարակի՝ նախկինում՝ Կրասնոսելսկի շրջանի ձևավորումը, Արծվաշենը եղել է Դիլիջանի շրջանի կազմում:
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականից հետո (այդ թվականին անցկացված մարդահամարի կամ հաշվառման ժամանակ Արծվաշենը չի հիշատակվում), գյուղը հիշատակվում է 1873-ի հաշվառման ժամանակ՝ 1015 հոգի, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել է 1831-ի և 1873-ի միջև ընկած ժամանակահատվածում, հավանաբար՝ 19-րդ դարի կեսերին:
Գյուղը, որպես Ղազախի գավառի մաս, եղել է 1867-ին ձևավորված Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմում: 1920-ին Կարմիր բանակը չկարողացավ ուժով խորհրդայնացնել Արծվաշենը, սակայն բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները ստանձնեցին գյուղի վերահսկողությունը: Արծվաշենը Հյուսիսային Արցախի միակ բնակավայրն էր, որ մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1921-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում Արծվաշենը դարձավ Իջևանի գավառի մաս, որը 1922-ին կոչվեց Դիլիջանի գավառ: 1937 թվականին Արծվաշենը դարձավ նոր ձևավորված Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի (ներկայում՝ Ճամբարակ) շրջանի մաս:
1992 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրավեց Արծվաշենը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 22-ը հունիսի, 2026թ







![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




