Ղարաբաղյան հակամարտության լուծում. ի՞նչ է նշանակում

1210

Ի՞նչ է նշանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում՝ լուծում:

Քանի դեռ «լուծում»-ի բովանդակությունը երեք կողմերի համար գոնե սկզբունքորեն ընդունելի չէ, հակամարտությունը երբեք չի կարգավորվի:

Ադրբեջանում «լուծում» թարգմանվում է՝ status quo ante, այսինքն՝ փաստացի վերադարձ 1988-ի կարգավիճակին կամ ամենաբարձր, լայն ինքնավարություն: Արցախում և նաև Հայաստանում, հատկապես Ապրիլյան քառօրյայից հետո, «լուծում» նշանակում է ներկա ստատուս քվոյի ամրագրում:

Երբ Սերժ Սարգսյանը Ժնևում կամ 2011-ին Կազանում բանակցում էր Իլհամ Ալիևի հետ, բնական է, որ քննարկում էր բազմաթիվ վտանգներով լի փաստաթուղթ, որը չի ենթադրում ո՛չ status quo ante, ո՛չ էլ ներկա ստատուս քվոյի ամրագրում, այլ այդ երկուսի միջև, մոտավորապես կենտրոնում գտնվող լուծում:

Սարգսյանը բազմիցս նշել է Հայաստանի և Արցախի կարմիր գծերը, որոնք, եթե սեղմ ներկայացնենք, կունենանք հետևյալը. Արցախի անկախության ճանաչման հնարավորության դեպքում տարածքների վերադարձ Ադրբեջանին:

Անշուշտ, կարելի է մտածել, որ Սերժ Սարգսյանը բանակցելով Իլհամ Ալիևի հետ, պարզապես ժամանակ է անցկացնում և ոչ մի թիզ հող էլ չի զիջելու Ադրբեջանին:

Կարելի է մտածել, որ Իլհամ Ալիևն էլ բանակցելով Սերժ Սարգսյանի հետ, պարզապես սպասում է հարմար առիթի նոր պատերազմ սկսելու և ռազմական գործողություններով հասնելու status quo ante-ի:

Բայց, եթե մի կողմ ենք թողնում ծայրահեղ դիրքորոշումները, ապա «լուծում» նշանակում է բանակցված և համաձայնեցված մի փաստաթուղթ, որի տակ կլինի հակամարտության բոլոր կողմերի ստորագրությունը: Դրանից հետո գալիս է ամենադժվար և վտանգներով լի մի նոր գործընթացը՝ փաստաթղթի բովանդակությունը գետնի վրա իրականացնելը:

Ակնհայտ է, որ կողմերը ավելի քան հեռու են անգամ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց, հետևաբար՝ պետք չէ ակնկալել ճեղքում:

Այսօր, հակամարտության լուծման համար չկա որևէ նախապայման, պարարտ հող: Հակառակը, Նովրուզ Մամեդովների և Շավարշ Քոչարյանների պրիմիտիվ մեկնաբանությունները, դիպուկահարների կրակոցների պատճառած զոհերը միայն հեռացնում են լուծումը:

Եթե անգամ հնարավոր լինի գծել ղարաբաղյան կարգավորման ամենաարդարացի, կողմերի համար արժանապատիվ և երես փրկող լուծում՝ պատերազմական հռետորաբանության, ատելության այս մթնոլորտում հնարավոր չի լինի կյանքի կոչել:

Հետևաբար, լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության, հանդուժողականության միջավայր, ինչը բացակայում է իսպառ:

Բացի դրանից, անհրաժեշտ է ևս երեք մակարդակ. ներկայացնելով դրանք, ուզում եմ ընդգծել, որ այդ երեք մակարդակները գրեթե հավասարաչափ կարևոր են և դրանցից մեկի բացակայությունը կարող է տապալել ողջ գործընթացը:

Առաջին՝ աշխարհաքաղաքական մակարդակ. որքան էլ կարգավորման բանալին լինի Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, միևնույնն է՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջև հարմոնիան էական է: Այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը դիվանագիտական պատերազմի փուլում են, հետևաբար՝ նրանք չեն կարող համագործակցել Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ավելին, նրանցից մեկը կամ մյուսը, հաշվի առնելով իր շահերը, կարող է հակամարտության կողմերի օգնությամբ ականահարել ամեն առաջընթաց:

Երկրորդ՝ էլիտաների մակարդակ. երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 2011-ին Կազանում Հայաստանը պատրաստ էր 7 շրջան վերադարձնել, արդյոք նա պատրաստ է՞ր նման քայլի իրականացման: Իսկ Իլհամ Ալիևը պատրա՞ստ է տարածքներ ստանալու դիմաց թղթի տակ ստորագրել Արցախի՝ հանրաքվե անցկացնելու առաջարկության տակ: Եթե երկու դեպքում էլ այո, ապա նրանք ունե՞ն այդքան խիզախություն՝ աչքի առաջ ունենալով իշխանություն կորցնելու վտանգն ու այլ վտանգներ:

Երրորդ՝ հասարակությունների մակարդակ. պատրա՞ստ են հայ և ադրբեջանական հասարակությունները լուծման: Քանի դեռ լրատվամիջոցները Ադրբեջանում ամբողջությամբ, իսկ Արցախում և Հայաստանում՝ գրեթե ամբողջությամբ գտնվում են գործող իշխանությունների վերահսկողության տակ, դժվար է խոսել հասարակական կարծիքի մասին:

Կարելի է նշել այլ մակարդակներ ևս, ինչպես թուրքական գործոնը: Բայց մեծ հաշվով, եթե երեք մակարդակներում լինի համաձայնություն, ապա այդ դեպքում կարելի է խոսել իրական ճեղքման ու առաջընթացի և լուծման մասին:

Այդ նպատակից,- եթե այդպիսի նպատակ կա ընդհանրապես,- հասարակությունները, համակարտող կողմերը և աշխարհաքաղաքական խաղացողները շատ ու շատ հեռու են:

Իսկ այսօրվա ստատուս քվոն շարունակում է երիտասարդ կյանքեր խլել, և դա այն անգին գինն է, որ վճարվում է 18-20 տարեկան տղաների արյամբ:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ