ՀՅԴ Բյուրոյի կոչը շարքային դաշնակցականներին․ 11 նոյեմբեր, 1920թ

3311

Ընկերներ:

Թուրքերը ոտքի տակ տալով զինադադարի պայմանները, վերսկսել են պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ:

Պարզ է, որ թուրքերը չեն կամենում հաշտություն կնքել մեզ հետ:

Պարզ է, որ նրանք ձգտում են վերացնել Հայաստանի անկախությունը, քար ու քանդ անել մեր երկիրը, կոտորել հայ ժողովրդին:

Ուրիշ ելք չկա՝ պետք է կռվել: Հայաստանի կառավարությունը ամեն միջոց գործ դրեց հաշտություն կնքելու, թշնամին մերժեց և չուզեց մեզ հետ հաշտվել: Այդ հաշտությունը մենք կռվով պիտի ձեռք բերենք:

Եւ այս կռվում, ինչպես միշտ, դաշնակցականները պետք է լինեն առաջին շարքերում: Ճառերի, ժողովների ժամանակը չէ այժմ: Պետք է գործ: Դաշնակցությունը, իբրև գործի կուսակցություն, պետք է իր բոլոր ուժերը տրամադրի երկրի պաշտպանությանը:

Օրվա նշանաբանն է՝ ԴԵՊԻ ՃԱԿԱՏ, ԴԵՊԻ ԱՌԱՋԱՎՈՐ ԴԻՐՔԵՐԸ: Ամեն գիտակից դաշնակցական պետք է զենք առնի և գնա առաջավոր դիրքերը: Դաշնակցական մտավորականները պետք է մտնեն զորամասերը, ապրեն զինվորի կյանքով և իրենց օրինակով ու կենդանի խոսքով բարձրացնեն մեր զորքի կազմակերպությունն ու ոգին:

Ընկերնե՛ր, այս օրհասական կռվում մենք կհաղթենք, եթե կամենանք հաղթել: Դաշնակցությունը երբ կամեցել է, միշտ հաղթել է:

ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ ԵՒ ԱՅՍՕՐ:

1920թ., Նոյեմբեր 11, Երևան

Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՕ

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 248, Ուրբաթ, 12 Նոյեմբեր, 1920թ․

Դիտել նաև՝

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը