Հայերի վիճակը Ադրբեջանի Նուխու և Արեշի գավառում. 1920-ի աշուն

1762

ԱԴՐԲԷՋԱՆՈՒՄ. ՆՈՒԽՈՒ ԵՒ ԱՐԷՇԻ ԳԱՒԱՌՈՒՄ

Մի մահմեդական կօմմունիստ պատասխանատու գործիչ, որն Ադրբէջանի կենտրոնական կառավարութեան կողմից Արէշի ու Նուխու գաւառներն էր ուղարկւել որոշ յանձնարարութիւններով, իր շրջագայութիւնից յետոյ յիշեալ գաւառների ազգաբնակութեան դրութեան մասին հետևեալ տեղեկութիւններն է տւել.-

Նուխու և Արէշի գաւառների հայ ազգաբնակութիւնը տնտեսապէս բոլորովին քայքայւած է:

Հայերը մեծ մասամբ կոտորւած են, իսկ գիւղերը կրակի մատնւած:

30-ից աւել գիւղերից երեք գիւղերը միայն – Նիջ, Վարդաշէն և Ջալէթ, դեռ ևս անվնաս էին մնացել, միջի բնակչութիւնը գտնւոմ է գերի վիճակում:

Բայց այդ վերջին 3 գիւղերն էլ աւերածութեան ենթարկվեցին Ղարաբաղի վերջին դէպքերի ժամանակ, իսկ ազգաբնակութիւնը, թէև աննշան չափով նոյնպէս կոտորւել է:

Ազատւածներ մինչեւ օրս էլ շարունակում են իրենց խղճուկ եւ ողբալից կեանքը Նիջի շրջակայքի անտառներում:

Նուխու և Արէշի գաւառների համարեա բոլոր գիւղերում կան բազմաթիւ գերի հայեր. տղամարդ, կին, օրիորդներ և երեխաներ: Շատերը բռնի կերպով մահմեդանակացւել են:

Կոտորածի կազմակերպիչները եղել են գլխաւորապէս տեղական վարչական իշխանութեան պատասխանատու վարիչները, բէկերը և գիւղացիներից դուրս եկած կուլակները:

Հայերի գոյքը, բաւական աչքի ընկնող, մեծ մասամբ սեփականացրել են վարչական բարձր ու ստորին պաշտօնեաներն ու բէկերը:

Վերջիններս վախենալով ապագայ պատասխանատւութիւնից, դիմել են խորամանկ միջոցների՝ թալանը, կողոպտւած և սեփականացրած իրերի հետքերն անյայտացնելու նպատակով, միւս գաւառներում փոխանակութեան են ենթարկել:

Թէ այդ և թէ յետագայ- Ղարաբաղի դէպքերի ժամանակ տեղի ունեցած, կողոպուտներից տեղական վարչութեան անդամները համարեա առանց բացառութեան, բէկերն ու աղալարները տիրացել են բազմամիլիօն արժէք ունեցող գանձերի, անասունների ու կայքերի:

Բէկերից ու տեղական վարչական իշխանութիւնից կախում ունեցող գիւղացիներն ևս մասնակից եղան յիշեալ դէպքերին ու կողոպուտին:

Գիւղացիութեան գիտակից մասը անոյժ լինելու պատճառով, բողոքել չէր կարող:

Չարիքն արմատախիլ չի արվել նաև Ադրբէջանում խորհրդային իշխանութիւնը հաստատւելուց յետոյ, որովհետև մուսաֆաթական կառավարութեան օրօք պաշտօնավարող բարձր ու ստոր կարգի պաշտօնեաները մնացել են իրենց տեղերում:

Պաշտօնի մէջ են մնացել մարդիկ, որոնք մի անգամից մի շէնքի մէջ հաւաքելով 700-ից աւել կին, երեխայ, ողջ-ողջ այրել են, սարսափելի տանջանքների ենթարկելով նրանց: Այդպիսի մարդիկ պաշտօնեաներ են դեռ ևս և շարունակում են մնալ խորհրդային դիմակի տակ:

Ամենուրեք և բոլոր գիւղերում իշխանութիւնը հին է և քաղաքականութիւնը հնի շարունակութիւնը:

Հայերի արտերն ու ցանքսերը ամբողջապէս կուլակների ու բէկերի ձեռքումն են:

Որբ երեխաները ահագին բազմութեամբ անտուն և անտիրական թափառում են, հիւանդութիւնների ու մահացութեան ենթակայ:

Մահմեդական ազգաբնակութիւնն ամբողջապէս ոտից գլուխ զինւած է. նա ամեն գնով աշխատում է իր մօտ եղած գերի հայերին բաց չթողնել, աշխատող անասունների տեղ աշխատեցնելով նրանց:

Հայերին այդ գերութիւնից ազատելու ուղղութեամբ կատարւած բոլոր աշխատանքներն անցել են ապարդիւն:

Նոյն այդ մահմեդական կօմմունիստ գործիչը առաջ է բերում 15-16 անձերի ցուցակ, որոնք մեղաւոր և մասնակից են հայերի կոտորածին:

Այժմ Նիժ, Վարդաշէն և Ջալէթ գիւղերն յատկացւած են մահմեդականներին բնակութեան համար:

Ցարական ոգով լցւած կեղեքիչ ու թալանիչ պաշտօնեաներն այժմ էլ շարունակում են իրենց աւերիչ դերը, առանց որևէ պատիժ կրելու կամ պատասխանատութեան ենթարկւելու երկրի բարձր իշխանութեան կողմից: Փոխւել են անունները միայն, նախկին չար ու կործանիչ գործը դեռ ևս շարունակւում է և զարգանում:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 223, Չորեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 1920թ.