Ի պատասխան Չիչերինի յունիսի 3-ին Թուրքիայի ազգային ժողովին ուղղւած նամակի՝ վերջինս պատասխանում է.
«Մենք հաճոյքով ծանօթացանք Ռուսաստանի խորհրդային հանրապետութեան արտաքին գործոց ժողովրդական կօմիսարիդ 1920 թ. յունիսի 3-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի անունով ուղղւած նամակի բովանդակութեան հետ: Ի պատասխան պատիւ ունենք հաղորդել հետևեալը.
- Թիւրքիային վերաբերեալ դրութիւնները կազմում են հիմքը մեր անկեղծ ու լուրջ սկզբունքներին:
Մենք կռւում ենք արևմտեան պետութիւնների դէմ բացառապէս նրա համար, որ նրանք խոչընդոտ են այդ սկզբունքների կիրառման:
Հենց որ կապահովւի անկեղծ և գործնական հող, մենք ամբողջությամբ կանցկացնենք կեանքի մէջ:
- Մենք սիրայօժար կերպով ընդունում ենք Ռուսաստանի խորհրդային հանրապետության միջնորդութիւնը Հայաստանի ու Պարսկաստանի հետ սահմաններ որոշելու գործում․ անհրաժեշտ ենք համարում դիւանագիտական բանակցութիւնների միջոցով լուծել այդ խնդիրը:
- Մենք վախենում ենք հարևան անվիճելի Թիւրքիայի հողամասերի ազգաբնակութեան կոտորածի ենթարկւելուց, ուր արևմտեան իմպերիալիստներն իրենց յատուկ սիստեմով արհեստական խմբակցութիւններ ու մեծամասնութիւններ են ստեղծել:
Այդ դրութիւնը վերացնելու համար մեզ անհրաժեշտ էր շուտափոյթ կերպով գրաւել այդ երեք շրջանների (Ղարսի, Բաթումի և Արդահանի) մի քանի կէտերը, բայց Ձեր նամակի հետևանքով մենք յետաձգեցինք այդ գործողութիւնները:
Խնդրում ենք դադարեցնել հայերի յարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել Ձեր առաջարկութիւնը՝ միջնորդութեան համար:
- Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր արտակարգ լիազորութիւնները ստացած ներկայացուցիչները ճանապարհին են և սպասում են Էրզրումում:
Նրանք լիազօրւած են հաստատելու քաղաքական կայուն յարաբերութիւններ խորհրդային հանրապետութեան հետ:
Մեր բարեկամական կապը խորհրդային հանրապետութեան հետ ուշացել է մեր հարևանների կողմից յարուցւած դժւարութիւնների պատճառով:
Մենք շատ ենք ցանկանում փութացնել այդ կապի հաստատումը և խնդրում ենք ըստ կարելւոյն աջակցութիւն՝ խորհրդային հանրապետութեան կողմից:
Սպասում ենք խորհրդային հանրապետութեան լիազօր ներկայացուցիչների գալստեան՝ միսսիայի անդամներով հանդերձ:
- Մենք չենք սահմանափակում մեր փրկութեան ու անկախութեան պաշտպանութեամբ այլ խոչընդոտեր ենք ստեղծում արևմտեան իմպերիալիստների դէմ, որպէսզի նրանք թուրք ժողովրդին խաղալիք չդարձնեն իրենց ձեռքում:
Մենք հաւատացած ենք, որ դրանով ծառայում ենք համայն մարդկութեան:
Մենք բախտաւոր ենք այն յոյսով որ կարող ենք գործնական հետեւանքներ սպասել միացեալ՝ ռուս և թուրք ժողովրդի սերտ բարեկամութիւնից:
․․․ Ես բախտաւոր եմ հաղորդելու որ ինչպէս Թուրքիայի ազգային ժողովը, այնպէս էլ թուրք ժողովուրդը ուրախութեամբ ընդունեց մեր խոստումը, որ կապ է հաստատել Խորհրդային հանրապետության հետ:
Ազգային ժողովի նախագահ՝
Մուստաֆա Քեմալ»
Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 1920թ․












