Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին, հաղորդում է Ազատությունը:
Դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիթ Չաթինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում:
Թուրք գործիչները նաև ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության հայտնի «սև ցուցակում»:
Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։
Լուսանկարում՝ Ալի Բայրամօղլուն











