Խորհրդային զօրքերը մտել են Ղարաբաղ և Զանգեզուր և ըստ երևոյթին, այդ շրջաններից կամովին դուրս գալու և ոչ մի ցանկութիւն չունին:
Աւելին: Նրանք ամրանալով Հայաստանի միջնաբերդում, պիտի ձգտեն տիրանալ մեր երկրի նաև մնացած շրջաններին:
Բօլշեւիկեան ժանտախտը, որ դաժանօրէն քամեց իր հարազատ ժողովրդի բովանդակ կենսական ոյժերը, այսօր իրական սպառնալիք դառնալով նաև մեզ համար, արդէն իր վարակիչ ախտն է տարածել հայկական Ղարաբաղում և հայկական Զանգեզուրում:
Հայաստանի կառավարութեան բոլոր արդարացի պահանջներն ու բողոքները՝ դուրս քաշել մեր երկրի սահմաններից օտար և թշնամի զօրամասերը՝ մնացին միանգամայն անհետեւանք Մուստաֆա Քեմալի հետ ուխտակցած կօմմունիստների կողմից:
Սօցիալիզմի բանած լաթն ուսերին առած բռնակալները գիտեն անշուշտ, որ չեն կարող հարւած իջեցնել մեր երկրի ողնաշարին՝ առանց մեզնից արժանի հատուցումն ստանալու:
Նրանք քաջածանօթ են այն խօլական պայքարին, որ հայկական բարձրաւանդակի այդ վիթխարի հսկան միշտ վարել է բոլոր կարգի ու տեսակի բռնակալների դէմ:
Եւ որովհետև գիտեն չկայ ու չի կարող լինել անկախ Հայաստան առանց Զանգեզուրի և առանց Ղարաբաղի, հենց այդ պատճառով էլ Հայաստանն ի չիք դարձնելու համար նրանք իրենց արիւնոտ թաթն են դնում թե Ղարաբաղի ու թէ Զանգեզուրի վրա:
Հնարաւոր է արդեօք, որ մեր ժողովրդի այն հատւածը, որն ամենից շատ է կռւել ու պայքարել յանուն ազատութեան, այսօր ամենից հեշտութեամբ իր վիզը ճկի ռուս-թաթարական բռնակալ լծի տակ:
Արդեօք կարո՞ղ է պատահել, որ այն ժողովուրդը, որը կամք ու խիզախութիւն ունեցաւ զենք բարձրացնել անգամ հզոր Ալբիոնի վրա, այսօր մեղկօրէն տեղի տայ ռուսական թափթփուկների ու թաթար արիւնըռուշ խուժանի առաջ:
Կարո՞ղ է արդյօք բովանդակ հայ ժողովուրդը հանգիստ ու անխռով Հայաստանի անկախութեան և ազատութեան բարիքները վայելել, երբ այդ անկախութեան և ազատութեան համար ամենից շատ պայքարած Ղարաբաղն ու Զանգեզուրը վերստին պիտի կրեն օտարի անարգ ստրկական շղթան:
Կայ անկախ Հայաստան, բայց այդ Հայաստանի մէջ չկան ոչ Ղարաբաղ և ոչ էլ Զանգեզուրը,- սա մի այնպիսի դաժան հեգնանք է ողջ հայության, հայության ողջ պատմութեան հասցէին, որի հետ չի կարող հաշտուել բովանդակ հայ ժողովրդի և ոչ մէկ շիտակ ու հայրենասէր զաւակը:
Այսպէս գիտենք մենք մեր ժողովրդին, այսպես գիտենք մեր արիւնաներկ դարավոր պատմութիւնը, այսպէս գիտենք, վերջապէս, ըմբոստ, անվեհեր ու ազատասէր ղարաբաղցուն ու զանգեզուրցուն:
Այսպէս պետք է գիտենան նաև նրանք, որոնք ուխտ ունեն կնքած բռնութեան Աստուծու հետ որոշել են ամենուրեք ու անարգել թքել ազատութեան համար մարտնչող ժողովրդների ազատական պայքարի վրա:
Եւ եթէ Ղարաբաղ ու Զանգեզուր ներս խուժած ռուս թաթարական հրոսակախմբերն ականջներ ունեն, որոնք, սակայն, ոչ այսպէս են լսում և ոչ այլ ձևով ըմբռնում, ապա նրանց այդ նոյնը կհասկացւի աւելի զգաստացուցիչ միջոցներով:
Էլ բավական է:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 153, Հինգշանթի, 22 Յուլիս, 1920թ.











