Քաշաթաղ. Հայ դատի պաշտպանները

2583

Միացյալ Նահանգների պետքարտուղարության աշխատակից Լուիս Օ’Նիլը ծննդյան օրը` 2005թ. փետրվարի 4-ը, անցկացրեց Ղուբաթլուի շրջանում: Օ’Նիլի ծննդյան օրը համընկել էր Քաշաթաղի դիտարկմանը: Ղուբաթլուի շրջանում` Որոտան և Հակարի գետերի երկայնքով տեղաբաշխված բնակավայրերում փաստահավաք խումբը տուն առ տուն ստուգում էր մարդկանց ինքնությունը` որտեղի՞ց են եկել, ե՞րբ, ինչո՞ւ են եկել, ո՞վ է նրանց բերել:

Փաստահավաք խումբը մեկ շաբաթվա ընթացքում այցելելեց տասնյակ բնակավայրեր` փորձելով ճշտել` արդյոք Հայաստանն ու ԼՂ-ը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն վարո՞ւմ են, ինչպես պնդում է Ադրբեջանը:

Դասական իմաստով, այս մարդիկ կարող են տեղավորվել ՙՀայ դատի պաշտպաններ՚ որակավորման տակ, իրականում նրանց ճակատագրի հարվածն է քշել այս կողմերը: Մի մասը փախստականներ են և տուն չունենալու պատճառով տանիք են փնտրում պատերազմական գործողությունների հետեւանքով ավերակների վերածված բնակավայրերում: Կան մարդիկ, որոնց տունը քանդել է երկրաշարժը: Քիչ չեն նաև նրանք, ովքեր կյանքում պարզապես ձախողակ մարդիկ են: Բնակչության մի մասը պատրաստ էր հեռանալ, եթե Հայաստանում կամ այլուր հնարավոր լինի գտնել արժանապատիվ կյանք:

Գետաշենում տունը, կահ-կարասին եւ անցյալը կորցրած 38-ամյա Արթուր Բալասանյանին փաստահավաք առաքելության ղեկավար Էմիլի Հաբերը հանդիպեց Միջնավանի (Մինջեւան) գլխավոր փողոցում: Արթուրը, որ ավելի շատ 50 տարեկանի էր նման, Միջնավան է տեղափոխվել 1996-ին: Այստեղ են ծնվել նրա չորս որդիներից երկուսը: Իսկ մինչ այդ Արթուրը հիվանդ ծնողների հետ ապաստան էր գտել Հրազդանի պանսիոնատում, ապա Մեղրիի Նռնաձոր (Նյուվադի) գյուղում: Նրա համար Միջնավանը կյանքի վերջին կանգառը չէ հավանաբար և հնարավորության դեպքում կհեռանա մեկ այլ վայր, որի անունն ինքն էլ չգիտի:

Շրջագայության վերջին օրը փաստահավաք խումբը եղավ Բերձորում (Լաչին), հարակից գյուղերում: Ավանեսյանների ընտանիքն առաջիններից է հաստատվել Բերձորում: ՙՏնից` Մարաղայից, դուրս ենք եկել տկլոր: Սկզբում գնացինք Հրազդան, բայց այնտեղ հնարավոր չէր ապրել: Պատրաստվում էինք Ռուսաստան գնալ, երբ իմացանք, որ հնարավորություն կա Բերձորում բնակվելու՚,- ասաց Վալերի Ավանեսյանը:

Վարսիկ Սարաջյանն ընտանիքով տեղահանվել է Գետաշենից, ամուսնու եւ երեք երեխաների հետ հաստատվել Բերձորում. ՙՄենք տուն ու տեղ թողեցինք Գետաշենում: Բռնագաղթից հետո սկզբում բնակվեցինք Վարդենիսում, բայց այնտեղ շատ ցուրտ էր: Ամուսինս ասաց` գնանք Բերձոր, բնությունը նման է Գետաշենին՚:

Փաստահավաք առաքելությունը 2005թ. մարտին ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնում է պատրաստած զեկույցը: Նրանում ասվում էր, որ ՙընդհանուր առմամբ վերաբնակեցումը շատ սահմանափակ է, կանոնավոր, կազմակերպված վերաբնակեցում գոյություն չունի, չկա նաև ոչ կամավոր վերաբնակեցում կամ հավաքագրում՚: Առաքելությունը նշում էր վերաբնակիչների հետևյալ թվաքանակը. Քելբաջարի շրջանում` մոտ 1500, Աղդամում` 800-1000, Ֆիզուլիում` ոչ ավելի, քան 10, Ջեբրայիլում` ոչ ավելի, քան 100, Զանգելանում` 700-1000, Ղուբաթլուում` 1000-1500, Լաչինի շրջանում` ոչ ավելի, քան 8000: Զեկույցում նշվում էր, որ ՙառաքելությունը նշված տարածքներում Հայաստանի իշխանությունների ուղղակի միջամտության որևէ վկայություն չի արձանագրել՚, իսկ ՙբնակիչների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանված անձինք են, մասնավորապես` Շահումյանից, Գետաշենից, որոնք ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ են, ինչպես նաև` Սումգայիթից եւ Բաքվից՚:

ԵԱՀԿ զեկույցը հաստատեց, որ պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը բնակեցման, յուրացման քաղաքականություն չեն վարում: Մինչդեռ եթե Հայաստանին եւ ԼՂ-ին կամ Հայ դատի պաշտպան սփյուռքին հաջողվեր իրականացնել վերաբնակեցում, ապա հայկական կողմը կարող էր ունենալ զիջումների չգնալու լուրջ կռվաններ: Եթե հնարավոր լիներ Խորհրդային Ադրբեջանում տունը կորցրած մի քանի հարյուր հազար մարդու վերաբնակեցնել ԼՂ-ում և հարակից տարածքներում, միջազգային հանրությանը գործով ապացուցել, որ ՙանվտանգության գոտին՚ նաև կենսատարածք է, ապա բանակցային սեղանի շուրջ հայկական դիրքերն ամուր կլինեին: Մինչդեռ այսօր հայկական կողմը շրջանառում է միջազգային հանրության համար անհասկանալի և դիվանագիտության մեջ արժեք չներկայացնող ՙՂարաբաղը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում՚ պնդումը:

Հայաստանի և ԼՂ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գնալ փոխզիջումների, չնայած հստակ չի ասվել, թե որո՞նք են այդ փոխզիջումների սահմանները, որտե՞ղ են սկսվում ՙկարմիր գծերը՚: 1996թ. հոկտեմբերին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի հարցին` ՙԴո՞ւք ուզո՞ւմ եք ԼՂ-ը միացնել Հայաստանին՚, պատասխանել է. ՙՉեմ ասում, որ պետք է միացնենք, չեմ ասում նաև, որ պետք է ճանաչենք ԼՂ անկախությունը: Բայց ոմանք տգիտության պատճառով ասում են, թե ես ուզում եմ ՙծախել՚ Ղարաբաղը՚:

Մեկ տարի անց Տեր-Պետրոսյանը որպես բանակցությունների հիմք, բայց վերապահումներով, ընդունելի էր համարում Մինսկի խմբի ներկայացրած առաջարկությունը, որով Ադրբեջանին էին վերադարձվելու ԼՂ-ին հարակից տարածքները, բացառությամբ Լաչինի շրջանի:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է փոխզիջումների երեք ՙսահման՚. ԼՂ-ը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը և ԼՂ-ը պետք է ունենան ցամաքային ընդհանուր սահման, ԼՂ-ը պետք է ստանա անվտանգության միջազգային երաշխիքներ: Քոչարյանը որպես բանակցությունների հիմք` կրկին վերապահումներով, ընդունելի է համարել Մինսկի  խմբի կողմից ներկայացված պաշտոնական և ոչ պաշտոնական մի քանի առաջարկներ, որոնցում հստակ նշվում էր հետ տրվելիք տարածքների չափը. ԼՂ կարգավիճակի դիմաց, բացի Լաչինի միջանցքը, մյուս տարածքները կարելի է վերադարձնել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է Քոչարյանից ժառանգություն ստացած Մադրիդյան առաջարկների շուրջ քննարկումները Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ: Այդ փաստաթուղթը (ավելի ճիշտ` նորացված Մադրիդյանը) ենթադրում է ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրում (որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի անորոշ ապագայում քվեարկության միջոցով), այսինքն` ստատուս քվոյի միջազգայնորեն օրինականացում, որի դիմաց Ադրբեջանը ստանում է վեց կամ վեցուկես շրջան, բացի Լաչինի միջանցքը:

Անգամ վեցուկես շրջան զիջելու դեպքում Մարինե Գրիգորյանը ստիպված չի լինելու հերթական անգամ բնակության նոր վայր փնտրել: Նա ամուսնու հետ Ծիծեռնավանք է տեղափոխվել ավելի քան տասը տարի առաջ: Նախիջևանի հայկական վերջին` Զնաբերդ գյուղում տունը կորցնելուց հետո Գրիգորյանների ընտանիքը 1988 թ. հաստատվել է Եղեգնաձորում, ապա տեղափոխվել Քաշաթաղի շրջան: Մարինեն յոթ երեխա է բերել` հինգ տղա, երկու աղջիկ, և որպես բազմազավակ ընտանիքի մայր, պետությունից որոշակի գումար է ստանում:

ՙՀողամաս էլ ունենք, անասուն ենք պահում: Մեծացնում ենք երեխաներին՚,- ասում է փոքրամարմին ու վտիտ Մարինեն, որի ձեռքերի երակները խոսում էին առավոտից մայրամուտ չարքաշ աշխատող հայ կնոջ մասին: Գրիգորյանների տունը 5-6-րդ դարերում կառուցված Ծիծեռնավանք եկեղեցու ստորոտում է: Մի քանի կիլոմետր ներքեւ` գետի ձախ ափին, պահպանվել են 16-րդ դարի Քաշաթաղի Մելիք-Հայկազյան իշխանական տոհմի ապարանքի ավերակները: Բնությունը այս կողմերում հրաշալի է, վեր սլացող ժայռերը մխրճվում են երկինք:

Մարինեն, նրա ամուսինը, յոթ երեխաները և Ծիծեռնավանքում հաստատված մյուս հայ ընտանիքները արժանի են ավելի լավ կյանքի: Ծիծեռնավանքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ Ջուլիետա Իսահակյանը գյուղի առաջին վերաբնակիչներից է: Նա ընտանիքի հետ եկել է Նոր Հաճընից: Վերաբնակեցնման առաջին տարիները սոսկալի էին: ՙԱյս բարեկարգ տները, որ հիմա տեսնում ես, նախկինում չկային: 1994-ին, երբ տեղափոխվեցինք` այստեղ միայն ավերակներ էին: Մենք ավերակների բնակիչներ էինք: Ամեն ինչ թալանված էր, չկար լույս, քանի որ էլեկտրական լարերն էին տարել: Հատկապես պատերազմից հետո եկողները հերոսներ են, քանի որ գալիս են շենացնելու ավերակները՚,- ասում է վաստակավոր ուսուցչուհին:

Հովհաննես Թավաքալյանը, ով նույնպես Նոր Հաճընից է Ծիծեռնավանք տեղափոխվել, համաձայն է. ՙՈրտեղ մարդու սիրտը տաք է, այնտեղ էլ ստեղծելու է դրախտը: Ճիշտ է ասացվածքը` ՙԱստծուն հավատա’, բայց հույսդ քո վրա դիր՚: 2001-ին, երբ տեղափոխվեցի, գիտեի, որ սա Ավետյաց երկիր չէ, որ նախեւառաջ պետք է աշխատել: Բայց շատ կարևոր է նաև պետության ուշադրությունը: Այս տարածքներից վերաբնակիչները հեռանում են, հատկապես` երիտասարդները: Վերջին մի քանի տարիներին մեր եւ հարևան ն Տանձուտ գյուղի դպրոցից հեռացել է 28 աշակերտ՚,- ասում է նա:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Լուսանկարում՝ Բերձոր քաղաքը, նախկինում՝ Լաչին, Աբդալլար