Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

1688

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը:

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

Երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության և խաղաղության ապահովմանն աջակցելու ձգտումով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթն արձանագրում է երկու երկրների ցանկությունը՝ «ամրապնդելու արդյունավետ համագործակցության կապերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, զարգացման, առևտրի և մշակույթի ոլորտներում՝ տարբեր բնագավառներում ջերմ հարաբերությունների հաստատման երկուստեք ձգտումներն իրականացնելու նպատակով»։

2022թ հունիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:

Միրզոյանն ու Ալ-Ջուբեյրին քննարկել էին համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները, նշել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել էր, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:

2021թ հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այց էր կատարել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդյան Արաբիա։ Մայրաքաղաք Էր-Ռիյադի օդանավակայանում նախագահին դիմավորել էր արտաքին գործերի պետնախարարը։

Նախագահ Սարգսյանը և նավթի մեծ պաշարներով հարուստ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ մասնակցել էին «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով համաժողովի բացմանը։ Սարգսյանն ու թագաժառանգը զրուցել էին երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։