Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մարտի 20-ին, Մոսկվայում ընդունել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին և հայտարարել, որ պաշտպանում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։
«Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, նույն իրավունքներն են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»,- ասել է Լավրովը։












