Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ բանակցությունների արևմտյան հարթակները, քանի որ,
ա/ փորձում է իր այդ մերժումները «վաճառել» իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որոշ իմաստով նաև՝ Թուրքիային,
բ/ փորձում է խաղն ավարտել զրո վերջնարդյունքով, այն է՝ ստանալ ամեն ինչ Հայաստանից, թեև ակնհայտ է, որ ստացել է արդեն գրեթե ամեն ինչ,
գ/ նախապատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի՝ նպատակ ունենալով՝
- անկլավների և տարածքների հարցերը լուծել ուժով, որպեսզի ինքը ոչինչ չզիջի,
- զավթել միջանցք և դա «վաճառել» Ռուսաստանին:
Բանակցային գործընթացում դադարները միշտ վտանգավոր են:
Հայաստանը պետք է,
ա/ Բաքվի հետ բանակցային գործընթացը շարունակել երկկողմ մակարդակով՝ առաջարկելով հանդիպումներ հայ-ադրբեջանական սահմանաբերանին,
բ/ փորձել երկկողմ մակարդակում շփումների մեջ մտնել Ռուսաստանի հետ և իր բաժին թույնը հանել հայ-ռուսական հարաբերություններից,
գ/ շարունակել փոխլրացնել անվտանգությունն ու ջանքեր գործադրել ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ:
Հասկանալի է, որ եթե անգամ Հայաստանը կարողանա վերականգնել ռազմական հավասարակշռությունը, ապա այսօրվա աշխարհակարգի և ռուս-թուրքական գործակցության հետևանքով դժվարությամբ է դիմակայելու ադրբեջանական ագրեսիային:
Երկարաժամկետ՝ 25-30 տարվա կտրվածքով, Հայաստանը հավանաբար ի վիճակի լինի իր սահմանների շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ստեղծել, բայց դրա համար պետք է նախ և առաջ ի վիճակի լինել հետ գնել այն անվտանգությունը, որ մաս-մաս վաճառել է ժամանկին՝ դրա դիմաց ստանալով հիմնականում խոստումներ, որոնք այսօր չեն աշխատում:
Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն
20 նոյեմբեր, 2023թ












