Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքականության մաս է կազմում 1989 թվականից

2854

Հայաստանում կա ընկալում և համոզմունք, որ Ռոբերտ Քոչարյանին Երևան է բերել Լևոն Տեր-Պետրոսյանը:

2007 թվականի նոյեմբերի 16-ի բազմամարդ հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահը բառացիորեն ասաց. «Քա­նի գնում, ես ավելի ու ավելի հա­մոզվում եմ, որ իսկապես ապաշ­խարության եւ մեղքերի թողու­թյան խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղ­ծու­թյամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար»:

Իմ արխիվային աշխատանքների ընթացքում նկատեցի, որ երկրորդ նախագահ Քոչարյանը Հայաստանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Հայաստանի քաղաքականության մաս է կազմում դեռ 1989 թվականից, երբ նա ընտրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

Արմենպրես գործակալության այս լուրը հենց այդ մասին է. «1989 թվականի օգոստոսի 27-ին անցկացվել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատների ընտրություններ՝ դուրս եկածների փոխարեն:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատներ են ընտրվել՝

Երևան քաղաքի Եղբայրության թիվ 9 ընտրական օկրուգում՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, 1945 թվականի ծնված, անկուսակցական, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող:

Կիրովական քաղաքի Իսահակյանի թիվ 139 ընտրական օկրուգոըն՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, 1954 թվականի ծնված, ԽՄԿԿ անդամ, Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար»:

Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն օրն են ընտրվել պատգամավոր: Քոչարյանը, ունենալով Ստեփանակերտ քաղաքի գրանցում, ընտրվել է Կիրովական, այսօր՝ Վանաձոր քաղաքից:

Վանաձորի քաղաքական շրջանակներում շրջանառվում է խոսակցություն, որ Քոչարյանը այդ ընտրությունների օրերին մնացել է տեղի Հայոց Համազգային Շարժման ղեկավարներից Աշոտ Մանուկյանի տանը:

Հետագայում, նախագահ Քոչարյանի և նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանի արդարադատությունը ձերբակալեց Մանուկյանին՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն ազատ արձակվեց երկուսուկես տարի անց:

Ռոբերտ Քոչարյանը 1990 թվականի մայիսին ընտրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Նա եղել է այն մեկ տասնյակից ավելի արցախցի պատգամավորներից, ովքեր Խորհրդային Հայաստանի խորհրդարանի անդամ են ընտրվել ԼՂԻՄ-ից:

1997 թվականի գարնանը Քոչարյանը, լինելով Արցախի նախագահ, հրավիրվել է Երևան և նշանակվել Հայաստանի վարչապետ:

Երբ Տեր-Պետրոսյանը 1997թ. մարտին Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ` չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Մեկ տարի անց նա դարձավ Հայաստանի նախագահ:

1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:

Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է ՙՀայկ. ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը՚: Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին` Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը:

Ահա այսպիսի ընտրական արդարադատություն Ռոբերտ Քոչարյանի համար, ով 2003-ին ևս հինգ դարձավ Հայաստանի նախագահ:

Թաթուլ Հակոբյան

6 հուլիսի, 2025թ, ԱՆԻ կենտրոն