Պաղակն. Ամասիայի շրջան՝ Կովկասի ամենացուրտ վայրը (-46 աստիճան ըստ Ցելսյուսի)

6674

Անդրկովկասում ամենացուրտ ջերմաստիճանը արձանագրվել է Արփի լճի հարևանությամբ՝ Պաղակն (Խորհրդային Միության ժամանակ՝ Շուրաբադ, ավելի վաղ՝ Սուլթանաբադ) գյուղում՝ -46 աստիճան ըստ Ցելսյուսի:

Պաղակն գյուղը այսօր Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Գառնառիճ, Դարիկ, Եղնաջուր, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Շաղիկ բնակավայրերի հետ կազմում է Արփի համայնքը Բերդաշեն կենտրոնով:

Պաղակն գյուղը գտնվում է Բերդաշեն գյուղից 1 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափին, Ամասիա բնակավայրից 20 կմ հյուսիս-արևմուտք:

Պաղակնը նախկինում ունեցել է Շուրաբադ և Սուլթանաբադ անունները: Պաղակն է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին։

Խորհրդային Հայաստանի ժամանակներում Շուրաբադ-Սուլթանաբադը Դուզքենդ, այսօր՝ Ալվար, և Թափաքյոյ (Թափաքյանդ) գյուղերի հետ կազմել է Թափաքյոյի գյուղական խորհուրդը համանուն կենտրոնով:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Սուլթանաբադն (Շուրաբադ) ունեցել է 171 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:

Ինչպես Սուլթանաբադի (Շուրաբադ), այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 249 իսլամ բնակիչ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 286 և 384 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Սուլթանաբադն (Շուրաբադ) ունեցել է 163 բնակիչ, որից 144-ը՝ թրքո-թաթար, 19-ը՝ հայ: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 406 բնակիչ, որից 402-ը՝ կարափափախ, 4-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Սուլթանաբադն (Շուրաբադ) ուներ 299 բնակիչ, որից 224-ը՝ թուրքական խումբ, 62-ը՝ պարսիկ, 13-ը՝ հայ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Սուլթանաբադ (Շուրաբադ) գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Սուլթանաբադի (Շուրաբադ) բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

1939-ին գյուղն ունեցել է 341 բնակիչ, 1959-ին՝ 173, 1970-ին՝ 219, 1979-ին՝ 260, 1989-ին՝ 55: Այսօր Պաղակնում բնակվում է մինչև 30 մարդ:

Դիտել նաև՝