2009 թվականի մարդահամարի տվյալներով` Բելառուսում բնակվել է 8.512 հայ, որից 1955-ը` մայրաքաղաք Մինսկում, Մինսկի մարզում` 1705, Բրեստի մարզում` 946, Վիտեբսկի մարզում` 1.149, Գոմելի մարզում` 915, Գրոդնոյի մարզում` 905, Մոգիլեւի մարզում` 937:
Բացի այդ, ըստ համայնքի տվյալների, 2011-ի դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվում ևս մոտ 15 հազար հայաստանցիներ:
Պաշտոնական տվյալներով՝ հայերը Բելառուսում թվաքանակով 6-րդն են բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002 թ. Մինսկում լույս տեսած ՙԲելառուսի 100 անվանի գործիչներ՚ տեղեկատուի մեջ հիշատակված է 10 հայազգի գործիչների անուններ:
Մինսկի հինգ փողոց կրում են հայերի անուններ` Միասնիկյանի, Գայի, Ալեբեկովի, Այվազովսկու, Ավագյանի:
Բելառուսի ամենախոշոր հայկական համայնքային կազմակերպությունը Մինսկ քաղաքի «Հայաստան» կրթամշակութային ընկերությունն է, որը հիմնադրվել է 1989 թվականին: Բելառուսի տարբեր մարզերում գործում են ևս չորս հայկական հասարակական կազմակերպություններ:
1991 թվականին «Հայաստան» համայնքային կառույցը, Մինսկ քաղաքի Ալեքսանդր Նևսկու ուղղափառ եկեղեցու բակում տեղադրել է Մեծ եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը պատրաստվել է Հայաստանում և օծվել` Էջմիածնում:
2006 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց` մոտ 150 աշակերտներով:
Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը, «Անիվ» ամսագիրը, www.miasin.by կայքը:
Աղբյուրը՝ http://belarus.mfa.am/hy/community-overview/
Լուսանկարում՝ տեսարան Մինսկից











