Իլհամ Ալիևը ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա»-ի հետ զրույցում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում «խելամիտ փոխզիջում հնարավոր է», սակայն «մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել. կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման հարցերում․ ապագայում, եթե պայմանավորվենք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»։
Այսպիսի առաջարկ՝ նախկին ԼՂԻՄ-ին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ, առաջին անգամ հնչել է դեռ 1988-ի գարնանը՝ ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստում, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր սկսվել: Այն ժամանակ Խորհրդային Միության արտգործնախարար Էդուրադ Շևարդնաձեն առաջարկեց ԼՂԻՄ-ը դարձնել ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, ինչպես Աբխազիան՝ Վրաստանի կազմում:
Մոսկվան փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գտնել փոխզիջումային լուծում և ԼՂԻՄ-ին սոցիալ-տնտեսական օգնությունից բացի, տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ:
Այս տարբերակը արդեն հունիսին Բաքուն և Մոսկվան ներկայացրեցին ԼՂԻՄ ղեկավարությանը, անձամբ՝ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանին, ով թվում է, որպես միջանկյալ լուծում, ընդունելի էր համարում այդ տարբերակը:
Համենայն դեպս, նա ինքնավար հանրապետության առաջարկը մեկ քայլ առաջ էր համարում: Մի հարցազրույցում Պողոսյանը ասել է. “Ինքնավար հանրապետությունն ունի ավելի շատ ինքնուրույնություն և իրավունքներ ու հնարավորություններ, քան ինքնավար մարզը: Եթե մենք դառնանք ինքնավար հանրապետություն, ունենալու ենք նախարարների խորհուրդ: Մենք կարող ենք ուղղակի տնտեսական և այլ կապեր որոնել ըստ մեր հայեցողության` հանրապետությունում և նրանից դուրս: ԽՍՀՄ Գերագույն խորհրդում մեր ներկայացուցիչները հասնելու են 11-ի”: “Սովետական Ղարաբաղ” թերթ, 12 օգոստոս, 1988թ., թիվ 188:
Հոկտեմբեր, 2016թ







![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




