Բերքաբեր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

8106

Այսօրվա Բերքաբեր գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 312 բնակիչ, բոլորն էլ հայ:

Բերքաբերը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում՝ Ջողազի ջրամբարի մոտ՝ Գավազան կամ Գվարզին սարի դիմաց: Այսօրվա Ադրբեջանին ամենամոտ հայկական գյուղերից է: Գյուղի հողատարածքների մեծ մասը՝ շուրջ 900 հեկտար, այդ թվում՝ այգիներ, գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ:

Սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին ու ադրբեջանական մի քանի գյուղերի: Բերքաբերի դիմացը՝ ջրամբարի ափին, Մազամ գյուղն է, քիչ ավելի հեռու՝ Ղուշչու Այրումը, արևելքում՝ Կիզըլ Հաջիլի փոքր բնակավայրը, որը հայկական վերահսկողության տակ է:

Բերքաբերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Նախկինում ունեցել է Պիպիս, Պապիս, Ճողազ և Ջողազ անվանումները։ Բերքաբեր է անվանվել 1978 թվականի հունվարից:

Բերքաբերի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 312 հոգի

1873 թվական – 214 հոգի, որից 212-ը՝ հայ, 2-ը՝ այլ, բայց ոչ իսլամ

1886 թվական – 266 հոգի, որից 263-ը՝ հայ, 3-ը՝ թաթար

1897 թվական – 276 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1908 թվական – 330 հոգի

1914 թվական – 333 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 209հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 261 հոգի

1922 թվական – 271 հոգի

1926 թվական – 281 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական –  317 հոգի

Խորհրդային Միության շրջանում Բերքաբերի բնակչությունը անցել է 500-ից: 1991-ի անկախությունից հետո արտագաղթի հետևանքով բնակչությունը զգալի նվազել է: Գյուղի դպրոցում այսօր սովորում է 35 աշակերտ:

Պատմական

Բերքաբերը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների: Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Բերքաբերը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝