Ոսկեվան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Նոյեմբերյանի շրջան

8380

Այսօրվա Ոսկեվան գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 354 բնակիչ, բոլորն էլ հայ:

Նախկինում Ոսկեվանը ունեցել է Ղոշղոթան անունը:

Ոսկեվանը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում: Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Ղուշչու Այրում և Բաղանիս Այրում գյուղերը: Այս վերջինը 1990-ից գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ:

Ղուշչու Այրում գյուղը, ավելի ներքևում Մազամ գյուղն է
Ղուշչու Այրում գյուղը, ավելի ներքևում Մազամ գյուղն է

Ոսկեվանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 354 հոգի

1873 թվական – 646 հոգի

1886 թվական – 868 հոգի

1897 թվական – 1.041 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1036-ը՝ հայեր, 3-ը՝ ուղղափառ, 2-ը՝ իսլամ

1916 թվական – 1.352 հոգի

1919 թվական – 1.367 հոգի

1926 թվական – 1.139 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1.133-ը՝ հայ, 6-ը՝ թուրք

1931 թվական –  1.368 հոգի

Ոսկեվանը Հայաստանի այն բնակավայրերից է, որի բնակչությունը խորհրդային տարիներին շատ քիչ է աճել, իսկ 1991-ի անկախությունից հետո սկսել է նվազել:

Պատմական

Ոսկեվանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Ոսկեվանը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Ոսկեվանը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

images

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ոսկեվանը մտնում էր Իջևանի շրջանի մեջ:

2011 թվականի ՀՀ առաջին մարդահամարի տվյալներով՝ Ոսկեվանի մշտական բնակչությունը եղել է 1256 մարդ, առկա բնակչությունը՝ 1206 մարդ:

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյան

Լրագրող, ԱՆԻ կենտրոն

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/