«Հերոսների ճամփորդությունը» հատորը ներառում է նույն ժամանակահատվածի երկու առանձին պատմություն՝ Եղիշե Քաջունու «Հայկական առանձին հարվածող զորամասը. զորավար Անդրանիկ» և Սարդապապատի հերոսներից Վաղարշակ Շահինյանի հարցազրույցը արևմտահայերենով, որ արվել է նրա կյանքի մայրամուտին՝ 1953-ին, Նյու Ջերսիում, ԱՄՆ:
Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Շահինյանը ծնվել է 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել է ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին: Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում: Սարդարապատի հերոսամարտի միակ մասնակիցն է, որ արժանացել է նման պատվի:
Վաղարշակ Շահինյանի հետ հարցազրույցը անգլերենով առաջին անգամ տպագրվել է 2021թ, ապա 2023թ՝ «The Journeys of Heroes: General Antranig, Vagharshag Shahinian» հատորի առաջին և երկրորդ անգլերեն հրատարակություներում, որն իրականացրել է ԱՆԻ կենտրոնը: Արևմտահայերենից այն անգլերենի է վերածել Փոլ Շահինյանը (Վայկոֆ, Նյու Ջերսի, ԱՄՆ):
Զորավար Անդրանիկի հայաստանյան օրագրությունը (1918 թվականի ապրիլ-1919 թվականի ապրիլ) արևելահայերեն, աբեղյանական ուղղագրությամբ հրատարակվում է առաջին անգամ:
Նախքան այս հրատարակությունը, որ հնարավոր դարձավ Փոլ Շահինյանի ջանքերի ու օժանդակության շնորհիվ, զորավարի օրագրությունը արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ հրատարակվել է 1921-ին՝ Բոստոնում՝ «Հայկական առանձին հարուածող զօրամասը – Ժեներալ Անդրանիկ» խորագրով, Ռամկավար կուսակցության «ԱԶԳ» թերթի տպարանում։
Տասնամյակներ՝ ավելի քան 50 տարի անց, երկրորդ հրատարակությունը տպագրության է պատրաստել օրագրության հեղինակը՝ Եղիշե Քաջունին: Խմբագրման աշխատանքներին նրան օգնել է ընկերը՝ Արամ Հայկազը: Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Նյու Ջերսիում, 1976-ին՝ հեղինակի մահից ամիսներ հետո և կրում է «Անդրանիկի և Հայկական առանձին հարվածող զորամասի հետ» խորագիրը։
Արևմտահայերեն երրորդ և արևելահայերեն առաջին հրատարակությունը պատրաստելու ընթացքում որպես հիմք ընդունել ենք 1921-ի հրատարակությունը: Արևմտահայերեն առաջին և երկրորդ հրատարակությունների միջև կան տարբերություններ: Այսպես, «ԱԶԳ»-ի տպագրության մեջ՝ օրագրության վերջում, դրված են մի շարք պատմական վավերաթղթերի պատճեններ, ինչպես նաև «ԱՆԴՐԱՆԻԿ ԿԸ ԽՕՍԻ» հոդվածաշարը, որը լույս է տեսել «Ապագայ» թերթում: Քաջունու պատրաստած հրատարակությունում այդ հոդվածաշարը տեղ չի գտել: Մենք ևս հարմար չենք գտել այն ներառել մեր արևմտահայերեն երրորդ, անգլերեն առաջին և երկրորդ, ինչպես նաև արևելահայերեն այս հատորում, քանի որ այն ուղղակի կապ չունի Քաջունու օրագրության հետ և վերաբերում է Անդրանիկ- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն փոխհարաբերություններին:
ԱՆԻ կենտրոնի բոլոր հրատարակություններում տրվել են տասնյակ ծանոթագրություններ, քանի որ Քաջունու օրագրությունից և Վաղարշակ Շահինյանի հարցազրույցից անցել են տասնյակ տարիներ, բազմաթիվ անուններ և տեղանուններ անծանոթ են ընթերցողին: Քաջունին մարդկանց անունները տալու փոխարեն գրել է անունների սկզբնատառերը և միայն գրքի վերջում տվել ամբողջական ցանկը: Այսպես, Ա. Մ. Մ.-ն Աշոտ Մելիք-Մուսյանն է։ Մենք անհրաժեշտ ենք նկատել հենց տեքստում տալ մարդկանց անուններն ամբողջությամբ:
Արևելահայերեն այս հրատարակության մեջ, նախքան Քաջունու օրագրությունն ու Շահինյանի հարցազրույցը, կարող եք կարդալ Քաջունու կենսագրականը, որ վերցրել ենք արևմտահայերեն երկրորդ հրատարակությունից, Քաջունու երեք թոռների մուտքի խոսքը, ինչպես նաև Շահինյանի թոռան՝ Փոլ Շահինյանի նախաբանն ու առաջաբանը: Հատորում տեղ են գտել նաև քարտեզներ և բազմաթիվ լուսանկարներ:
Գիրքը կազմել են Փոլ Շահինյանը և Թաթուլ Հակոբյանը:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
Դովեղ, 2 հունվարի, 2025թ












