Քյարքի-Տիգրանաշեն. Սամվել Մելիքսեթյանի ուսումնասիրությունը

1207

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտորի կայքում ծավալուն ուսումնասիրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

Քյարքիի՝ մինչ այժմ հայտնաբերված ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1727–1728 թվականներին։ Երևանի էյալեթի օսմանյան ընդարձակ դեֆթերում (հարկամատյանում) այն գրանցված է Քյարքիչիք (Kərkiçik, բառացի՝ «Փոքր Քյարքի») անունով՝ Սադարակի նահիեի կազմում։ Գյուղում հաշվառվել է 6 մահմեդական հարկատու:

Այն, որ խոսքը մեծ հավանականությամբ հենց հետագա Քյարքիի մասին է, երևում է հարկամատյանում նշված հարևան բնակավայրերից. Քյարքիչիքը թվարկված է Սադարակի և Ասնիի կողքին՝ նույն բնակավայրերի, որոնց հարևանությամբ Քյարքին հիշատակվում է նաև XIX դ. ռուսական աղբյուրներում։

Նույն հարկամատյանում Սադարակի գոտում հիշատակվում են քրդական դումբուլի ցեղի համայնքները (ջամաաթները)։ Սակայն հենց Քյարքիչիքի բնակիչների ցեղային պատկանելությունը նշված չէ։

Քյարքիի մասին հաջորդ տեղեկությունները գտնում ենք Հայկական մարզի 1831–1832 թթ. կամերալ նկարագրության մեջ, որը հետագայում հրապարակել է ռուսական վարչակազմի պաշտոնյա և տարածաշրջանի ուսումնասիրող Իվան Շոպենը։

Կամերալ վիճակագրությունը (կամերալ նկարագրությունը) վարչական և հարկային նպատակներով իրականացվող հաշվառում էր, որի ընթացքում արձանագրվում էին բնակավայրերի բնակչության թվաքանակը, ընտանիքների (ծխերի) թիվը, ազգային ու կրոնական կազմը, հողատարածքները և տնտեսական ռեսուրսները։ Հիմնական նպատակը հարկման ենթակա բնակչության և հարկային ներուժի գնահատումն էր։

Հավաքագրված տեղեկությունների հարստությամբ և մանրամասնությամբ այս աշխատությունն իր ժամանակի եզակի ուսումնասիրություններից է և մինչ օրս մնում է Հարավային Կովկասի պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը։ Վեդիբասարի մահալի կազմում գտնվող, մուսուլմաններով բնակեցված «Кiорки» գյուղում այդ ժամանակ հաշվառվել էր երեք ընտանիք՝ 17 բնակիչ։ Գյուղը նշված է Սադարակի և Ասնիի հարևանությամբ։

Այս տեղեկությունն առանձնապես կարևոր է երկու համանուն բնակավայրերի պատճառով։ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» հիշատակում է Քյարքի անունով երկու գյուղ. մեկը գտնվել է ապագա անկլավի տարածքում, մյուսը՝ Արաքսի աջ ափին՝ ներկայիս Թուրքիայում։ Վերջինս հայտնի էր նաև Վերին Քուրդումվար կամ Քուրդոմար անուններով։

Բառարանի հեղինակները Շոպենի՝ 1831–1832 թթ. տվյալները սխալմամբ վերագրել են Արաքսի աջ ափին՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող համանուն գյուղին։ Հետագայում այս սխալը կրկնվել է նաև մի շարք հայկական հրապարակումներում։ Մինչդեռ Շոպենի ցանկում Քյարքին նշված է Սադարակի և Ասնիի կողքին, իսկ Կարասուի և Արաքսի միջագետքում նա ընդհանրապես որևէ գյուղ չի հիշատակում։ Ավելին՝ 1847 թ. ռուսական ռազմատեղագրական քարտեզում Քյարքին հստակ նշված է հենց ապագա անկլավի տարածքում։

Քյարքին, Սադարակը և Ասնին Կովկասի 1847 թ. ռազմատեղագրական քարտեզում

Արաքսի աջափնյա Քարքին, որ սկսում է հիշատակվել XIX դարի երկրորդ կեսից, ընդհակառակը, պատկանում էր Բուրուկիի գյուղական հասարակությանը, որի անունը կապված է քրդական Բրուկի/Բիրուկի ցեղի հետ։ Շոպենը հիշատակում է այս հատվածի քրդական քոչավայրերը, իսկ XIX դարի հետազոտող Ս. Եղիազարովը տալիս է նաև այս հատվածում այդ ցեղի տարբեր խմբերի հաստատման բացատրությունը. Բրուքի խմբերը, որոնք նախկինում հիմնականում ապրել են Արաքսի ձախ ափին (ներկայիս Արարատի մարզի հարավային հատվածում), Կախանովի ջրանցքի կառուցումից հետո (1870-ականներ) տեղափոխվել են գետի աջ ափ՝ մասամբ հաստատվելով Արաքսի և Կարասուի միջագետքում, մասամբ՝ Կարասուի աջ ափին։ Шопен И. Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи. СПб., 1852. С. 521; Егиазаров С. А. Краткий этнографический очерк курдов Эриванской губернии. Тифлис, 1884. С. 9–10 (Բրուքիի տեղափոխությունը Արաքսի ձախ ափից աջ ափ)։

XIX դարի ընթացքում ապագա անկլավային Քյարքին շարունակում էր համեմատաբար փոքր բնակավայր մնալ՝ բնակեցված շիա թաթարներով (ադրբեջանցիներով)։ Եթե 1831–1832 թթ. այստեղ հաշվառվել էր ընդամենը 17 բնակիչ, ապա 1873 թ. նրանց թիվը հասել էր 131-ի, իսկ 1886 թ.՝ 150-ի։ Списки населённых мест Кавказского края // Сборник сведений о Кавказе. Т. V. Тифлис, 1879, Эриванская губерния, տվյալներ 1873 թ. համար. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. Тифлис, 1893, Эриванская губерния, «Керки» և «Верхний Курдумвар» բնակավայրերի գրանցումները։ Մինչդեռ Արաքսի աջ ափին գտնվող Քարքին՝ Վերին Քուրդումվարը, թեև «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում» ներկայացվում է որպես խառը բնակչությամբ գյուղ, բնակեցված էր բացառապես քրդական Բիրուկի (Բրուկ) ցեղի համանուն տոհմով։ 1873 թ. գյուղն ուներ 430, իսկ 1886 թ.՝ 466 բնակիչ, որոնք սուննի մահմեդականներ էին։ Списки населённых мест Кавказского края // Сборник сведений о Кавказе. Т. V. Тифлис, 1879, Эриванская губерния, տվյալներ 1873 թ. համար. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. Тифлис, 1893, Эриванская губерния, «Керки» և «Верхний Курдумвар» բնակավայրերի գրանցումները։

Այսպիսով, առնվազն XIX դարի երկրորդ կեսին երկու բնակավայրերը հստակ տարբերվում էին թե՛ էթնիկ, թե՛ դավանական կազմով։

Քյարքիի պատմության համար կարևոր է Արարատյան դաշտի հարավում և Շարուրում քրդական խմբերի ներկայության համատեքստը։ XVIII դարի օսմանյան հարկամատյանի ցեղային համայնքների մասին տեղեկություններին հաջորդում են XIX դարի ազգագրական ու վիճակագրական նկարագրությունները։ Ուշագրավ են Ճաթղռանի (ներկայիս Ոսկետափի հարևանությամբ) և Շիխլարի (ներկայիս Լուսառատի) օրինակները. Շոպենի տեղեկություններում քրդական բնակչությամբ այս գյուղերը XIX դարի վերջի աղբյուրներում արդեն ներկայացվում են որպես թաթարաբնակ (ադրբեջանաբնակ)։ Шопен И., նշվ. աշխատությունը, Վեդիբասարի մահալի բնակավայրերի և քրդական բնակչության նկարագրությունը։ Կորկոտյան Զ., Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831–1931), Երևան, Պետհրատ, 1932, էջ 83–89։

Քրդական բնակչությունը տարածաշրջանում պահպանվել էր նաև XX դարում։ Զավեն Կորկոտյանի ներկայացրած՝ 1926 թ. մարդահամարի տվյալներում քրդական բնակչություն է արձանագրված Վեդիի շրջանի ավելի քան երկու տասնյակ գյուղերում։ Սադարակի շրջակայքի համար առանձին տվյալներ է ներկայացնում Ա. Բուկշպանը՝ 1931 թ. դրությամբ. նրա աղյուսակի հինգ քրդական գյուղերում հաշվառված էր ընդհանուր 284 տնտեսություն և 1507 բնակիչ։ Шопен И., նշվ. աշխատությունը, Վեդիբասարի մահալի բնակավայրերի և քրդական բնակչության նկարագրությունը։ Կորկոտյան Զ., Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831–1931), Երևան, Պետհրատ, 1932, էջ 83–89։ Букшпан А. Азербайджанские курды. Лачин, Кельбаджар, Нахкрай. Баку, 1932. С. 37–38, Սադարակի շրջակայքի քրդական գյուղերի վիճակագրական աղյուսակ՝ 1931 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։

Բաթումի հաշտության պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 1918 թ. հունիսի 4-ին, Հայաստանը կորցրեց Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղու երկայնքով ձգվող Արարատյան դաշտի մեծ մասը։ Պայմանագրով Արտաշատը (Ղամարլու), Արարատը (Դավալու), Նախիջևանի մեծ մասը և Վայոց ձորի հարավային կեսն անցնում էին Օսմանյան կայսրությանը։

Ցարական վարչական բաժանմամբ Քյարքին և հարևան Սադարակը գտնվում էին Երևանի գավառի սահմաններում։ Այդ տարածքը Հայաստանի կազմում էր պատկերված նաև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության՝ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացրած հիմնական քարտեզում։  Երևանի գավառի մի մասը ներառված էր միայն ադրբեջանական կողմի առավելագույն տարածքային պահանջներում (ադրբեջանական կողմը ներկայացրել էր նաև ավելի մեծ սահմաններով տարածքային պահանջ, որը ներառում էր նաև Կարսի մարզը և Բաթումը)։ Այսպիսով, ԱԴՀ-ի՝ առավել լայն շրջանառություն ստացած քարտեզներում, որտեղ Ադրբեջանի կազմում էին ներկայացվում նույնիսկ Սյունիքը, Վայոց ձորը, Սևանի արևելյան ափն ու Տավուշը, Քյարքին և Սադարակը շարունակում էին պատկերվել Հայաստանի կազմում։

Հայաստանի և Թուրքիայի միջև 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրով սահմանը որոշվում էր նաև Նախիջևանի և Շարուրի հատվածում։ Դրանք հռչակվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության տակ գտնվող շրջաններ։ Սահմանն անցնում էր Միջին Կարասու գետի գետաբերանից Արարատ կայարանով, Սարայ բուլաղ (Ուրծ) գագաթով, Արփա գետի մոտ գտնվող 3080 կետով, Սայաթ դաղ գագաթով, Քուրդ ղուլաղ (Բոլորաբերդ) գյուղով, Գամեսուր (Կամեսուր) և Քյուկի (Գոգի) լեռնագագաթներով։ Այսպիսով Քյարքին, ինչպես և ներկայիս Երասխ, Արմաշ, Սուրենավան ու Պարույր Սևակ գյուղերը, հայտնվեցին Նախիջևանի թուրքական վարչակազմի գոտում։

Մինչ այդ Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, որպես կանոն, սահմանափակվում էին Երևանի գավառի հարավային սահմանով՝ Գայլի դրունքով։ Հենց Ալեքսանդրապոլի պայմանագիրն առաջին անգամ ամրագրեց ավելի հյուսիս անցնող սահման՝ ցամաքային կապ ստեղծելով նույն պայմանագրով Թուրքիային անցած Սուրմալուի և Նախիջևանի միջև։ Քյարքին հայտնվեց սահմանագծից հարավ՝ Նախիջևանի կազմում, ինչպես և Հայաստանի Արարատի մարզի ամբողջ հարակից հատվածը՝ մոտ 215 կմ²։ Ավելին, ներկայիս Հայաստանի տարածքից Նախիջևանի թուրքական գոտում հայտնվեցին նաև Նորավանքն ու Վայոց ձորի հարավային հատվածը՝ 358,7 կմ², իսկ ծայր հարավում՝ Կարճևան գյուղը՝ 44 կմ²։ Ընդհանուր առմամբ, ներկայիս Հայաստանի տարածքից Նախիջևանին էր անցնում մոտ 620 կմ²։ Սակայն նույն սահմանագծի նկարագրությամբ ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շուրջ 30 կմ² տարածք՝ Գյուննութ գյուղի շրջանում, Հայաստանի կազմում էր։

Հայաստանի խորհրդայնացման նախօրեին՝ 1920 թ. նոյեմբերի վերջին, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին հօգուտ Հայաստանի Նախիջևանից և Զանգեզուրից հրաժարվելու մասին[31]։ Դեկտեմբերին Խորհրդային Հայաստանի իշխանություններն էլ հռչակեցին Նախիջևանի ինքնորոշման իրավունքը։ 1921 թ. հունվարի սկզբին Երևանը Բ. Վելիբեկովին հաստատեց Նախիջևանի արտակարգ կոմիսարի պաշտոնում, ինչը հարուցեց տարածաշրջանի թուրքական զորքերի հրամանատար Վեյսալ բեյի դժգոհությունը։ Այս շրջանում բոլշևիկ առաջնորդների՝ Օրջոնիկիձեի և Ստալինի հայտարարություններում Նախիջևանը միանշանակ ընկալվում էր որպես Հայաստանին անցնելիք տարածք։

Սյունիքում Գարեգին Նժդեհի ապստամբության պատճառով ամբողջ կապը Նախիջևանի հետ խորհրդային իշխանությունները իրականացնում էին Ղազախ-Իջևան-Երևան գծով: Մինչև 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի հաշտության պայմանագիրը Նախիջևանում փաստացի երկիշխանություն էր․ պահպանվում էր թուրքական ռազմական ներկայությունը, գործում էր հեղկոմը, որը կապված էր Նախիջևանին ֆինանսավորող Երևանի հետ, և տեղակայված էին Կարմիր բանակի զորամասերը։ Թուրքական ուժերը տարածաշրջանից հեռացան 1921 թ. ապրիլի վերջին։

1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Նախիջևանն ամրագրվեց Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չի կարող փոխանցվել երրորդ կողմի։ Համաժողովի գլխավոր վիճահարույց հարցը Նախիջևանի երկրամասի հյուսիսային սահմանն էր։ Խորհրդային պատվիրակները պնդում էին, որ նույնիսկ անկախության շրջանի Ադրբեջանի իշխանությունները չէին հավակնում Գայլի դրունքից՝ ցարական ժամանակաշրջանի Երևանի գավառի սահմանից հյուսիս գտնվող տարածքներին։ Ուստի Հայաստանի և Նախիջևանի սահմանը պետք է անցներ հենց այդ բարձունքների գծով՝ Սադարակից հարավ։

Մոսկվայի պայմանագրում այս հարցի շուրջ համաձայնեցվեց հետևյալ ձևակերպումը․ «Նախիջևանի տարածքի՝ Արաքսի թալվեգի (հունի ամենախոր գծի), Դահնա (3829)–Վելի դաղ (4121)–Բաղարզիք (6587)–Քեմուրլու դաղ (6930) լեռնագծի միջև ընկած եռանկյունաձև գոտում նշված տարածքի սահմանագիծը, որը սկսվում է Քեմուրլու դաղից (6930), անցնում Սարայ բուլաղ (8071) լեռան և Արարատ կայարանի վրայով ու ավարտվում Կարասուի և Արաքսի հատման վայրում, կճշտվի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովի կողմից»։ Քյարքին այդ «եռանկյունու» ներսում էր, որտեղ, ըստ Մոսկվայի պայմանագրի, սահմանը դեռ պետք է ճշտվեր։

Կարսի պայմանագիրը Քյարքին թողնում էր Հայաստանում:

Ապրիլ–մայիսին կովկասյան բոլշևիկներն այս հարցով մի քանի խորհրդակցություն կազմակերպեցին և որոշեցին «եռանկյունու» սահմանը ճշտել տեղում՝ հատուկ հանձնաժողով ուղարկելով։ Այն պետք է առաջնորդվեր ազգագրական գործոններով և հաշվի առներ տեղացիների կարծիքը։ Արդյունքում մինչև 1921 թ. ամռան վերջը Մոսկվայի պայմանագրով սահմանված եռանկյունու ներսում համաձայնեցվեց Հայաստանի և Նախիջևանի նոր սահմանագիծը։ Այն ընդունեց նաև թուրքական կողմը՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի խաղաղության խորհրդաժողովում։ Ձեռք բերված համաձայնությամբ մոտ 400 կմ² մակերեսով եռանկյունին բաժանվեց երկու մասի․ հյուսիսային ավելի մեծ հատվածը՝ շուրջ 250 կմ², անցավ Հայաստանին, իսկ հարավայինը՝ 150 կմ², Սադարակ գյուղով՝ Ադրբեջանին։ Գիծը որոշելիս հաշվի էր առնվել, որ Արազդայան (Երասխ) գյուղն ու շրջակա ագարակները՝ Իսֆահանն ու Սմո-քենդը, մինչև 1918 թ. հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը հայաբնակ էին, իսկ գծից հարավ գտնվում էր մուսուլմանական խոշոր Սադարակ գյուղը։

Հայկական կողմն ու ՌԽԴՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը պահանջում էին սահմանն անցկացնել Գայլի դրունքով։ Սակայն այն անցկացվեց այնպես, որ Նախիջևանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունենան։

Հայաստանի ազգային արխիվի հրապարակած՝ Հայաստանի և Նախիջևանի փաստացի սահմանի առաջին՝ 1922 թ. նկարագրությունը (№ 125, 2017) ցույց է տալիս, որ այն տարբերվում էր Կարսի և նախորդ բոլոր պայմանագրերով սահմանված գծից։ Արաքսից մինչև Բաղարսըխ բարձունքը այն ամբողջությամբ կրկնում էր Կարսի պայմանագրի գիծը, ապա թեքվում էր հարավ՝ դեպի Արդըչ բարձունքը։ Հայաստանի կազմում էին մնում ոչ միայն Վայոց ձորի գյուղերը՝ Խաչիկը, Քուրդ Ղուլաղը, Աղխաչը, Ալմալուն, Օղբինը, Հորադիսը, Սուլթանբեկը, ինչպես նաև Կարճևանը, որոնք Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նախատեսված սահմանագծերի համաձայն ընդգրկվում էին Նախիջևանի տարածքում, այլև Գյուննութը։ Միայն Իթղռանը՝ ներկայիս Նոր Ազնաբերդը, որը հետագայում ճանաչվեց Հայաստանի մաս, այս սահմանագծով գտնվում էր Նախիջևանի տարածքում։

Արդեն 1923 թ. ադրբեջանական կողմը բարձրացնում էր Վայոց ձորի հատվածում Հայաստանի հետ փաստացի սահմանի և Կարսի պայմանագրով սահմանված գծի անհամապատասխանության հարցը։ Ինչպես նշում է ադրբեջանցի պատմաբան Իլգար Նիֆթալիևը, Ադրբեջանի ԽՍՀ հողագործության ժողկոմատը 1923 թ. դեկտեմբերի 29-ի № 7480 հեռագրով Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի առջև դրել էր Հայաստանի և Նախիջևանի երկրամասի սահմանի հարցը։ Փաստաթղթում նշվում էր, որ Կարսի պայմանագրով Նախիջևանին վերագրված «Գուրդղուլաղ (Բոլորաբերդ), Հորադիզ, Խաչիկ, Աղբին, Աղխաչ, Ալմալը (Խնձորուտ), Դաղալմալը, Իթղռան (Նոր Ազնաբերդ), Սուլթանբեյ (Բարձրունի)» գյուղերն ու դրանց հարակից արոտավայրերը, ինչպես նաև «Գորչևանը»՝ Կարճևանը, «մինչ օրս զբաղեցված են Հայաստանի կողմից»։ Азербайджанская ССР в экспансионистских планах армян (20-е годы XX века)), Баку, Təhsil, 2010, էջ 195–196.

Նախիջևանի հետ սահմանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճը նոր փուլ մտավ 1926 թ.։ Անդրկովկասի Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ) Ադրբեջանի ԿԳԿ-ից պարզաբանում խնդրեց, թե երբ և որ համաձայնագրի հիման վրա են որոշվել Հայաստանի ու Նախիջևանի երկրամասի վարչատնտեսական սահմանները։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԿԳԿ-ն 1926 թ. դեկտեմբերի 4-ին, իսկ Ադրբեջանի ԽՍՀ հողագործության ժողկոմատը՝ դեկտեմբերի 29-ին հայտնեցին, որ հանրապետությունների սահմանը որոշվել է Կարսի պայմանագրով։ 1927 թ. մարտի 12-ին Ադրբեջանի ԿԳԿ-ն որոշում ընդունեց՝ Անդրկովկասի ԿԳԿ-ին խնդրելով Հայաստանի և Նախիջևանի ԽՍՀ-ի միջև հստակ սահման հաստատել՝ Կարսի պայմանագրի V հոդվածին և III հավելվածին համապատասխան։ Այսպիսով, ադրբեջանական կողմը կրկին պաշտոնապես պնդում էր, որ սահմանը պետք է անցնի այդ պայմանագրով նախատեսված գծով։

Անդրկովկասի ԿԳԿ-ի՝ 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ հիշատակված բոլոր գյուղերը վերջնականապես ամրագրվեցին Հայաստանին։ Դրանք, չնայած Կարսի պայմանագրի սահմանագծին, թե՛ հայ-թուրքական պատերազմից հետո, թե՛ հետագայում մշտապես Հայաստանի փաստացի վերահսկողության տակ էին եղել։

Միաժամանակ, Անդրկովկասյան ԿԳԿ-ի 1929 թ. փետրվարի 18-ի նույն որոշմամբ Ադրբեջանին ամրագրվեցին Ալ (Ալագյոլլար) լճերի շրջանում գտնվող վիճելի տարածքները, ինչպես նաև Շինիխ-Այրումի ամբողջ գոտին։ Դրանց ընդհանուր մակերեսը համադրելի էր Հայաստանին ամրագրված Վայոց ձորի գյուղերի տարածքի հետ։ Այսպիսով, Անդրկովկասյան ԿԳԿ-ի որոշմամբ, ըստ էության, իրավականորեն ամրագրվեց կողմերի փաստացի վերահսկողությունը համապատասխան տարածքների նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով տարածքային մոտավոր հավասարակշռությունը։

Անդրկովկասի ԿԳԿ-ի՝ 1929 թ. փետրվարի 18-ի որոշումը՝ Վայոց ձորի ութ գյուղերը և Կարճևանը Հայաստանի կազմում թողնելու մասին։

Քյարքի-Տիգրանաշենին վերաբերող մի շարք հայկական հրապարակումներում պնդվում է, թե Քյարքին նույն Գյուննութ գյուղն է։ Բայց նման նույնացման հիմքեր չկան․ դրանք տարբեր գյուղեր են՝ միմյանցից 9 կմ հեռավորության վրա։ Ցարական շրջանում Քյարքին Սադարակի գյուղական հասարակության կազմում էր, իսկ Գյուննութը՝ Ղարախաչի։

Զավեն Կորկոտյանի 1932 թ. աշխատության մեջ Քյարքին ուղղակիորեն նշված է որպես Նախիջևանի ԽՍՀ-ի մաս, իսկ Գյուննութը ներառված է Հայաստանի Վեդիի շրջանի գյուղերի ցանկում։ Պետք է նշել, որ Գյուննութ անունով երկու գյուղ կար՝ մեկը Ջաֆարլու-Գյուննութը՝ բնակեցված քրդական ծագում ունեցող համանուն ցեղով, ներկայիս ՀՀ տարածքում, Նախիջևանի սահմանին կից (նաև Սումբուլ, 1940-ականներից լքված գյուղ), մյուսը՝ Գյուննութ-Ջաֆարլուն՝ Նախիջևանի տարածքում, ՀՀ սահմանից հարավ: Հենց վերջինն էր, որ մինչ 1930-ականների սկիզբը նշվում է Հայաստանի կազմում:

Թե ինչու էր Գյուննութը մինչև 1932 թ. նշվում Հայաստանի կազմում, իսկ Քյարքին՝ ոչ, չնայած տարածքային առումով ևս Հայաստանին էր անցնում, հնարավոր է՝ բացատրվում է Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերում Նախիջևանի հյուսիսային սահմանների տարբերությամբ։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Քյարքին հայտնվում էր Նախիջևանում, իսկ Գյուննութի հատվածը՝ ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից մոտ 30 կմ², մնում էր Հայաստանում։ Սահմանի նկարագրությամբ այն ընկնում էր 3080 կետը և Սարայ բուլաղ գագաթը միացնող գծից հյուսիս-արևելք։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Նախիջևանին անցնող Վայոց ձորի հայկական գյուղերը 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքական բանակը չէր գրավել։ Ավելին, հայկական բանակը մինչև պատերազմի ավարտը պահել էր նույնիսկ Շարուրի նախալեռնային մուսուլմանական գյուղերի մի մասը՝ Դանզիկը, Ախուրան, Աուշը և այլն։ Դրանցից զորքերը դուրս բերվեցին միայն Քյազըմ Կարաբեքիր փաշայի՝ 1920 թ. նոյեմբերի 27-ի հրահանգով։ Հետևաբար, Գյուննութի գոտում 1920 թ. վերջից մինչև Կարսի պայմանագրի ստորագրումն ու վավերացումը՝ 1922 թ. սեպտեմբերը, ամբողջ ընթացքում գործում էր հայկական վարչակազմ։

Քյարքին 1920 թ. նոյեմբերի կեսից թուրքական օկուպացիայի գոտում էր։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ գյուղի բնակիչներն իրենց Հայաստանի մաս չէին համարում, թեև Կարսի պայմանագրի սահմանն անցել էր ավելի հարավ և Քյարքին թողել «եռանկյունու»՝ Հայաստանին անցած հատվածում։

1926 թվականի մարդահամարն ու Կորկոտյանի վկայությունը 1926 թ. համամիութենական մարդահամարի ժամանակ Հայկական ԽՍՀ կենտրոնական վիճակագրական վարչության աշխատակիցները չկարողացան հաշվառում անցկացնել Քյարքիում՝ արդեն գոյություն ունեցող սահմանային վեճերի պատճառով։ Նման իրավիճակ էր նաև Նյուվադի, Թուղութ և Երնաձոր գյուղերում, ինչպես նաև Կապանից արևելք գտնվող 21 գյուղերում, որոնք 1929 թվականից փոխանցվեցին Ադրբեջանին։

Այդ գոտու գյուղերից Հայկական ԽՍՀ ներկայացուցիչները հաշվառեցին միայն Աղքենդն ու Ղարաբաբան, որոնք ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս են։

Անկլավների մասին մի շարք հրապարակումներում, վկայակոչելով Զավեն Կորկոտյանի հայտնի աշխատությունը, պնդում է արվում, թե 1919 և 1922 թթ. Քյարքին անմարդաբնակ էր։ Մինչդեռ Կորկոտյանը նշված տարիներին Քյարքիի անմարդաբնակ լինելու մասին տեղեկություն չի տալիս։ Ավելին, նա ուղղակիորեն բացատրում է, թե ինչու է գյուղը բացակայում Վեդիի շրջանի վիճակագրությունից․ Քյարքին, ինչպես նախկին Երևանի գավառի հարավի՝ Սադարակի շրջակայքի մի շարք այլ բնակավայրեր, պատկանում է Նախիջևանի ԽՍՀ-ին։ 1926 թ. մարդահամարի աշխատակիցներին գյուղ չթողնելու մասին տեղեկությունն ինքնին վկայում է, որ այնտեղ բնակիչներ կային։

Զավեն Կորկոտյանի նշումը՝ Քյարքիի՝ Նախիջևանի ԽՍՀ-ին պատկանելու և Վեդիի շրջանի վիճակագրության մեջ չներառվելու մասին, 1932 թ.։

Գյուննութը, ընդհակառակը, Կորկոտյանի մոտ նշված է Հայաստանի Վեդիի շրջանի գյուղերի շարքում՝ որպես 1919–1931 թթ. անմարդաբնակ բնակավայր։ Այն Նախիջևանին, ըստ երևույթին, փոխանցվել է 1932 թվականից հետո, թեև որևէ որոշում այս մասին չկա՝ ոչ հայկական, ոչ ադրբեջանական աղբյուրներում։ Այսպիսով, 1929 թ. ամրագրվեց 1922 թ. փաստացի սահմանին շատ մոտ գիծ։

Անդրկովկասի ԿԳԿ հողային հանձնաժողովի փաստաթղթերում Քյարքիի վերաբերյալ որոշումներ չկան, թեև առնվազն 1932 թվականից հայտնի է դրա փաստացի պատկանելությունը Նախիջևանին՝ ըստ Կորկոտյանի։ Քյարքիի իրավիճակը նման էր Մեղրիի երեք այլ մուսուլմանական՝ թաթական (իրանալեզու ժողովուրդ) գյուղերի՝ Նյուվադիի (Նռնաձոր), Երնաձորի և Թուղութի (Թեղուտ) դեպքին։ Թեև դրանք դեռ 1922 թ. Հայաստանի փաստացի սահմաններում էին, 1926 թ. ադրբեջանցի հաշվարարները դրանք գրանցել էին Ջեբրայիլի գավառի գյուղերի շարքում։ Բայց, ի տարբերություն Քյարքիի, 1927 թ., ապա նաև 1929 թ. փետրվարի 18-ին վերջնական որոշում ընդունվեց դրանց՝ Հայաստանին պատկանելու մասին։

Կարելի է ենթադրել, որ 1929 թ. փետրվարին Վայոց ձորի հատվածի փաստացի սահմանն ամրագրելուց հետո ադրբեջանական կողմն օգտագործեց նույն փաստարկը՝ Քյարքին Նախիջևանին ամրագրելու համար, չնայած Կարսի պայմանագրի սահմանը գյուղից հարավ էր անցնում։