1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցի» համաձայն, որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը բաժանված էր 4 ոստիկանական շրջանների (Полицейский участок):
Ներկայացնում ենք Երրորդ ոստիկանական շրջանի գյուղախմբերը, որոնք այն ժամանակ կոչվում էին գյուղական հասարակություն: Երրորդ ոստիկանական շրջանի կենտրոնը Քարվանսարա գյուղն էր՝ այսօրվա Իջևան քաղաքը:
Կարադաշի գյուղական հասարակություն
Ներքին Աղդան, Агдан Нижний, այսօր՝ Ակնաղբյուր
Աչասու, Ачасу, այսօր՝ Աչաջուր
Կարադաշ, Карадаш, այսօր՝ Սևքար
Կլիչքենդ, Кличкенд, այսօր՝ Սարիգյուղ
Կունեն, Кунен, այսօր՝ Կիրանց
Մելիքքենդ, Меликенд, այսօր՝ Ներքին Ծաղկավան
Պիպիս, Пипис, այսօր՝ Բերքաբեր
Քարվանսարայի գյուղական հասարակություն
Վերին Աղդան, Агдан Верхний, այսօր՝ Գանձաքար
Արմութլի, Армутлы, եղել է ձմեռանոց այսօրվա Դիլիջան քաղաքից ոչ հեռու
Հախկըխլու, Ахкихлы, այսօր՝ Հովք
Քարվանսարա, Каравансарай, այսօր՝ քաղաք Իջևան
Ղարանլուխդարա, Каранлухдара, այսօր՝ Լուսաձոր
Քրդեվան, Кирдеван, այսօր՝ Ենոքավան
Թալաքենդ, Талакенд, այսօր՝ Գետահովիտ
Խաշթառակ, Хаштарак
Կարակոյունլուի գյուղական հասարակություն
Ալաչուխ, Алачух, այսօր՝ Գոշ գյուղի ներքին հատվածն է՝ Գետիկի հարևանությամբ
Գյոլքենդ, Гелкенд, այսօր՝ Այգուտ
Գյորչին, Георчин, այսօր՝
Կարակայա, Каракая, այսօր՝
Մարալիջա, Маралиджа, այսօր՝
Փալադ-Այրում, Палад-Айрум, այսօր՝ Խաչարձան
Սալահ, Салах, այսօր՝ Աղավնավանք
Չայքենդ, Чайкенд, այսօր՝ Դպրաբակ
Միխայլովկայի գյուղական հասարակություն
Միխայլովկա, Михайловка
Վերին Ճամբարակ, Чамбарак Верхний
Ներքին Ճամբարակ, Чамбарак Нижний
Նոր Դիլիջանի գյուղական հասարակություն
Նոր Դիլիջան, Дилижан Новый
Գոլովինո, Головино
Հին Դիլիջանի գյուղական հասարակություն
Հին Դիլիջան, Дилижан Старый,
Ջարխեչ, Джархеч, այսօր՝ Թեղուտ
Գոշավանք, Кошеванк, այսօր՝ Գոշ
Պողոսքիլիսա, Погоскилиса, այսօր՝ Դիլիջանի Շամախյան թաղամասը
Ուզունթալայի գյուղական հասարակություն
Բարխուդարլիխ, Бархударлы, այսօր՝ անկլավային գյուղը
Լալաքենդ, Лалакенд, այսօր՝ Վազաշեն
Ռևազլի, Ревазлы, այսօր՝ Դիտավան
Սոֆուլու, Софулу, այսօր՝ անկլավային գյուղը
Ուզունթալա, Узунтала, այսօր՝ Այգեհովիտ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թվականներին՝ երկու հանրապետությունների կարճատև անկախության տարիներին, վիճելի երեք հիմնական շրջաններ կային՝ Արցախ, Զանգեզուր և Նախիջևան:
Կար նաև չորրորդ վիճելի հատվածը՝ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը: Ղազախի գավառը 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով ուղղակի կիսվեց դեռևս անկախ Հայաստանի և արդեն խորհրդայնացված Ադրբեջանի միջև: Անշուշտ, համաձայնագրում բառացի չէր ասվում կիսվելու մասին, սակայն հասկանալի էր, թե խոսքն ինչի մասին է:
1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրում այսպիսի ձևակերպում կա. «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:
Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում բախումներ, և հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ, փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ մուսուլմանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Սահմանագիծը հյուսից-հարավ անցնում էր հետևյալ գծով (նշում ենք միայն սահմանի հայկական հատվածի բնակավայրերը)՝ Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Ղուրումսուլու/Դոստլու (Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան) – Բաղանիս – Ոսկեպար – Կիրանց – Ջողաս (Բերքաբեր) – Սռի գեղ (Սարիգյուղ) – Ուզունթալա (Այգեհովիտ) – Լալիգյուղ (Վազաշեն) – Թաթլի հայ (Պառավաքար) – Ղզլբուլաղ (Ներքին Կարմիրաղբյուր)- Այգեպար – Մովսես – Չինարի:
Առանձին թեմա դարձավ Արծվաշենը, այն ժամանակ՝ Բաշգյուղ, ապա՝ Բաշքենդ: Նախքան Ճամբարակի՝ նախկինում՝ Կրասնոսելսկի շրջանի ձևավորումը, Արծվաշենը եղել է Դիլիջանի շրջանի կազմում:
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականից հետո (այդ թվականին անցկացված մարդահամարի կամ հաշվառման ժամանակ Արծվաշենը չի հիշատակվում), գյուղը հիշատակվում է 1873-ի հաշվառման ժամանակ՝ 1015 հոգի, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել է 1831-ի և 1873-ի միջև ընկած ժամանակահատվածում, հավանաբար՝ 19-րդ դարի կեսերին:
Գյուղը, որպես Ղազախի գավառի մաս, եղել է 1867-ին ձևավորված Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմում: 1920-ին Կարմիր բանակը չկարողացավ ուժով խորհրդայնացնել Արծվաշենը, սակայն բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները ստանձնեցին գյուղի վերահսկողությունը: Արծվաշենը Հյուսիսային Արցախի միակ բնակավայրն էր, որ մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1921-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում Արծվաշենը դարձավ Իջևանի գավառի մաս, որը 1922-ին կոչվեց Դիլիջանի գավառ: 1937 թվականին Արծվաշենը դարձավ նոր ձևավորված Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի (ներկայում՝ Ճամբարակ) շրջանի մաս:
1992 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրավեց Արծվաշենը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 9-ը հուլիսի, 2026թ













