2024 թվականին Ադրբեջանի սպառնալիքների պայմաններում Հայաստանը վերադարձրեց 4 ադրբեջանական գյուղեր, որոնք վարչականորեն Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի մաս են կազմել:
1990-ական թվականների սկզբներին հայ-ադրբեջանական բախումներ էին տեղի ունենում նաև Տավուշ-Ղազախ հատվածում: Հայկական ուժերը վերահսկողություն էին հաստատել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի և մասամբ՝ Կըզըլ Հաջիլի, ինչպես նաև անկլավային Հին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերի վրա:
Խորհրդային տարիներին՝ 1930-ական թվականներից հետո, Խորհրդայի Հայաստանի տարածքում ձևավորվել է ադրբեջանական 3 անկլավ.
Վերին Ոսկեպար (ադրբեջաներեն՝ Yuxarı Əskipara), տարածքը՝ 25,6 քառակուսի կիլոմետր,
Սոֆուլու և Բարխուդարլու (ադրբեջաներեն՝ Sofulu, Barxudarlı), տարածքը՝ 10,2 քառակուսի կիլոմետր,
Տիգրանաշեն (ադրբեջաներեն՝ Kərki), տարածքը՝ 8,4 քառակուսի կիլոմետր:
1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցի» համաձայն, որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը բաժանված էր 4 ոստիկանական շրջանների (Полицейский участок):
Վերին Ոսկեպարը, որ ռուսական աղբյուրներում գրված է Аксибара Старое, երկրորդ ոստիկանական շրջանի մաս էր կազմում: Այդ շրջանի մեջ էին մտնում նաև Аксибара татарское՝ Աշաղը Ասկիպարա, Баганис-Айрум, Хейрумли, Кизил-Гаджили գյուղերը:
Այս գյուղերը ու ևս ադրբեջանական երեք բնակավայրեր՝ Ղուշչու Այրում, Մազամլի և Փարալու, կազմում էին Ակսիբարայի գյուղական հասարակությունը:
Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը, որոնք 1930-ական թթ վերջերին դարձան անկլավ Խորհրդային Հայաստանի տարածքում, Երրորդ ոստիկանական շրջանի կազմում էին: Այդ երկու գյուղերը, ինչպես նաև հայկական Լալաքենդ, Ռևազլու, Ուզունթալա գյուղերը, կազմում էին Ուզունթալայի գյուղական հասարակությունը: Լալաքենդը այսօրվա Վազաշենն է, Ռևազլուն՝ Դիտավանը, իսկ Ուզունթալան՝ Այգեհովիտը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 8-ը հուլիսի, 2026թ













