1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցի» համաձայն, որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը բաժանված էր 4 ոստիկանական շրջանների (Полицейский участок):
Ներկայացնում ենք Երկրորդ ոստիկանական շրջանի գյուղախմբերը, որոնք այն ժամանակ կոչվում էին գյուղական հասարակություն: Երկրորդ ոստիկանական շրջանի կենտրոնը Ղայմախլի մուսուլմանական գյուղն էր:
Ակիբարիի գյուղական հասարակություն
Ակսիբարա հին, Аксибара Старое, սա անկլավի Վերին Ոսկեպարն է
Ակսիբարա թաթարական, Аксибара татарское
Բաղանիս-Այրում, Баганис-Айрум
Կըզըլ Հաջիլի, Кизил Гаджилы
Ղուշչի Այրում, Кущи Айрум
Մազամլի, Мазамлы
Ֆարահլի, Фарахлы
Խեյրիմլի, Хейлумлы
Բարանայի գյուղական հասարակություն
Բալաքենդ, Балакенд, այսօր՝ Դովեղ,
Բարանա, Барана, այսօր՝ քաղաք Նոյեմբերյան,
Ղալաչա, Калача, այսօր՝ Բերդավան,
Կողբ, Кульп, այսօր՝ Կողբ:
Ղայմախլիի գյուղական հասարակություն
Ասլանբեգլի, Асланбеглы
Ղայմախլի, Каймахлы
Քյամառլի, Кямарлы
Մելիքլի, Меликлы
Կոթիքենդի գյուղական հասարակություն
Ոսկեպար հայկական, Аксибара армянское, այսօր՝ Ոսկեպար,
Բաղանիս հայկական, Баганис армнский, այսօր՝ Բաղանիս,
Ջուջեվանք, Джуджеванк, այսօր՝ Ջուջևան,
Կոթքենդ, Коткенд, այսօր՝ Կոթի,
Ղոշղոթան, Кошкотан, այսօր՝ Ոսկեվան,
Ղուրումսուլու, Курумсулу, այսօր՝ Բարեկամավան:
Փիրիլիի գյուղական հասարակություն
Կազախլի, Казахлы
Փեյքանլի, Пейканлы
Փիրլիի, Пирилы
Սալահլիի գյուղական հասարակություն
Սալահլի Վերին, Салахлы Верхние
Սալահլի Ներքին, Салахлы Нижние
Շիխլիի գյուղական հասարակություն
Շիխլի 1, Шихлы 1-е
Շիխլի 2, Шихлы 2-е
Այսօրվա Նոյեմբերյանի շրջանի մյուս՝ Դեբեդի հովտի հատվածի գյուղերը, մտնում էին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թվականներին՝ երկու հանրապետությունների կարճատև անկախության տարիներին, վիճելի երեք հիմնական շրջաններ կային՝ Արցախ, Զանգեզուր և Նախիջևան:
Կար նաև չորրորդ վիճելի հատվածը՝ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը: Ղազախի գավառը 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով ուղղակի կիսվեց դեռևս անկախ Հայաստանի և արդեն խորհրդայնացված Ադրբեջանի միջև: Անշուշտ, համաձայնագրում բառացի չէր ասվում կիսվելու մասին, սակայն հասկանալի էր, թե խոսքն ինչի մասին է:
1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրում այսպիսի ձևակերպում կա. «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:
Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում բախումներ, և հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ, փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ մուսուլմանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Սահմանագիծը հյուսից-հարավ անցնում էր հետևյալ գծով (նշում ենք միայն սահմանի հայկական հատվածի բնակավայրերը)՝ Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Ղուրումսուլու/Դոստլու (Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան) – Բաղանիս – Ոսկեպար – Կիրանց – Ջողաս (Բերքաբեր) – Սռի գեղ (Սարիգյուղ) – Ուզունթալա (Այգեհովիտ) – Լալիգյուղ (Վազաշեն) – Թաթլի հայ (Պառավաքար) – Ղզլբուլաղ (Ներքին Կարմիրաղբյուր)- Այգեպար – Մովսես – Չինարի:
Առանձին թեմա դարձավ Արծվաշենը, այն ժամանակ՝ Բաշգյուղ, ապա՝ Բաշքենդ: Նախքան Ճամբարակի՝ նախկինում՝ Կրասնոսելսկի շրջանի ձևավորումը, Արծվաշենը եղել է Դիլիջանի շրջանի կազմում:
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականից հետո (այդ թվականին անցկացված մարդահամարի կամ հաշվառման ժամանակ Արծվաշենը չի հիշատակվում), գյուղը հիշատակվում է 1873-ի հաշվառման ժամանակ՝ 1015 հոգի, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել է 1831-ի և 1873-ի միջև ընկած ժամանակահատվածում, հավանաբար՝ 19-րդ դարի կեսերին:
Գյուղը, որպես Ղազախի գավառի մաս, եղել է 1867-ին ձևավորված Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմում: 1920-ին Կարմիր բանակը չկարողացավ ուժով խորհրդայնացնել Արծվաշենը, սակայն բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները ստանձնեցին գյուղի վերահսկողությունը: Արծվաշենը Հյուսիսային Արցախի միակ բնակավայրն էր, որ մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1921-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում Արծվաշենը դարձավ Իջևանի գավառի մաս, որը 1922-ին կոչվեց Դիլիջանի գավառ: 1937 թվականին Արծվաշենը դարձավ նոր ձևավորված Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի (ներկայում՝ Ճամբարակ) շրջանի մաս:
1992 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրավեց Արծվաշենը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 5-ը հունիսի, 2026թ













