Տիգրանաշեն գյուղի բնակչությունը. Հայաստան-Նախիջևան սահմանի բնակավայրերը

3647

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը ներառված է Պարույր Սևակ համայնքի կազմում: Գտնվում է Մ2 միջպետական մայրուղու հարևանությամբ, սահմանակից է Պարույր Սևակ, Լանջառ, Ուրցալաջ, Զովաշեն և Զանգակատուն գյուղերին:

Տիգրանաշեն գյուղը, որը մինչեւ 1990 թվականը կրում էր Քյարքի անունը և, որպես Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գյուղ, անկլավ էր Խորհրդային Հայաստանի կազմում, եղել է Հայաստանի Հանրապետության (1918-1920/21), ապա Խորհրդային Հայաստանի մաս առնվազն մինչեւ 1926 թվականը:

1926-ին ԽՍՀՄ-ում անցկացվել է առաջին մարդահամարը, որի տվյալներից հստակ երեւում է, որ այդ եւ հարեւան մեկ այլ գյուղ՝ Գենուտը (Գյուննութ), եղել են Խորհրդային Հայաստանի մաս, հակառակ դեպքում տվյալներն ընդգրկված կլինեին Խորհրդային Ադրբեջանի մարդահամարի ցուցակներում:

20-րդ դարի հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատության մեջ՝ հրապարակված 1933-ին, Քյարքի անունով գյուղ ընդհանրապես չի հանդիպում: Պատճառն այն է, որ Քյարքին ավելի վաղ կրել է Ջաֆառլու եւ Գյուննութ-Ջաֆառլու անունները:

Ջաֆառլուն Խորհրդային Հայաստանի, իսկ ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության մաս է եղել, իսկ 1926 թվականի քարտեզում այն նշված չէ որպես անկլավ: Ջաֆառլուն Գյուննութ գյուղի հետ (այսօր գտնվում է Նախիջեւանի կազմում եւ ընկնում է Զանգակատան դիմացի սարի հետեւի հատվածում՝ դեպի Ելփին, բնակեցված չէ) Խորհրդային Հայաստանի մաս է կազմել:

1920-ականներին բազմաթիվ են եղել վիճելի տարածքները Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ, եւ որոշ դեպքերում ուղղակի տեղի են ունեցել տարածքային փոխանակություններ: Ամենայն հավանականությամբ, հենց այդպիսի տարածքային փոխանակությունից հետո է Գյուննութը, որ հայկական աղբյուրներում հանդիպում է Գենուտ անունով, անցել Նախիջեւանին, իսկ Ջաֆառլուն՝ Քյարքին՝ վերածվել անկլավի Խորհրդային Հայաստանի կազմում:

1919 եւ 1922 թվականների մարդահամարի՝ հաշվառումների ժամանակ Ջաֆառլու գյուղում, որը Կորկոտյանի ցուցակում նշված է Վեդիի գյուղերի մեջ, բնակչություն չի եղել: 1926-ին գյուղն ունեցել է 162 բնակիչ, որից 5-ը՝ հայ, 53-ը՝ քուրդ, 104-ը՝ թուրք: 1931-ին գյուղն ունեցել է 156 բնակիչ, բոլորը՝ թուրքական խմբի ներկայացուցիչներ:

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Տիգրանաշենն ունեցել է 154 մշտական և 151 առկա բնակչություն:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Շարքի մյուս հրապարակումները

Երասխ գյուղի բնակչությունը. Հայաստան-Նախիջևան-Թուրքիա սահման/եռանկյունի

Պարույր Սևակ գյուղի բնակչությունը. Հայաստան-Նախիջևան սահմանի բնակավայրերը