Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի տեղադրում՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Պրոպստայ եկեղեցու մոտ

1488

Գերմանիայի Լայպցիգում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում և հայկական խաչքարի օծում, հաղորդում է տեղի Հայ Մշակութային Միությունը (Armenische Kulturgemeinde Leipzig e.V.)։

Խաչքարի ներքնամասում տեղադրված ցուցանակն ասում է.

«1915 թվականին Օսմանյան կայսրությունում մեկնարկած Հայոց ցեղասպանության 1,500,000 զոհերի և այլ քրիստոնյա ժողովուրդների հիշատակին նվիրված խաչքար:

Այս խաչքարը հիշեցնում է հայկական մշակույթի և քրիստոնեական հավատքի վերացման փորձերը և ընդգծում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։

Այն 2005 թվականին Ջուղայում (Նախիջևան) ոչնչացված խաչքարի կրկնօրինակն է։

Որպես խաղաղության և հաշտության խորհրդանիշ՝ կոչ է ապագա սերունդներին պահպանելու արդարությունը և նպաստելու ժողովուրդների խաղաղ համակեցությանը։

Հայկական խաչքարերի ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Հուշարձանը կանգնեցվել է Լայպցիգ և Երևան քաղաքների համագործակցության շրջանակում։ Իրականացվել է Լայպցիգի Հայ Մշակութային Միության (Armenische Kulturgemeinde Leipzig e.V.) նախաձեռնությամբ՝ նվիրատու քաղաքացիների հանգանակությունների շնորհիվ»։

Խաչքարի հեղինակը Արտակ Համբարձումյանն է:

Բացման խոսք են ասել Նիկոլայ եկեղեցու պատվելի Բերնհարդ Ստիֆը և Լայպցիգի Հայ Մշակութային Միության ղեկավար Անահիտ Բաբայանը։ Բանախոսներն էին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Լայպցիգի քաղաքապետ Բուքհարդ Յունգը։

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը կատարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի բարեխոսական կարգ։ Աղոթքներ են հնչեցրել Պրոպստայ եկեղեցու վարդապետ Ռալֆ Կոչինկան և Նիկոյալ եկեղեցու պատվելի Բերնարդ Ստիֆը։