Խորհրդային Հայաստանի՝ ԽՍՀՄ-ին միանալու և մաս կազմելու բանաձևի նախագիծ․ 12 դեկտեմբեր, 1922թ

6819

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՁԵՎ

Հայաստանի բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդների երկրորդ համագումարը, լսելով ընկ. Մռավյանի զեկուցումը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մասին, ջերմագին ողջունում է այդ առաջարկը, ընդունելով, որ հասունացել է ժամանակը այդ միությունն իրականացնելու համար և այդ թելադրվում է քաղաքական շինարարության հրամայական պահանջներով: Համագումարն ընդգծում է այն, որ Խորհրդային Հանրապետությունների Միությունը, համապատասխանում է բոլոր Խորհրդային Հանրապետությունների, մասնավորապես նաև Խորհրդային Հայաստանի բանվորության և գյուղացիության շահերին: Իբրև հիմք այդ միության, համագումարն ընդունում է հետևյալ նախագիծը:

«Կնքել պայմանագիր Ուկրաինայի, Բելոռուսիայի, Անդրկովկասյան Հանրապետությունների և Ռ. Ս. Ֆ. Հ. միջև՝ «Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Միություն» կազմելու նպատակով, վերապահելով ամենքին միության կազմից ազատորեն դուրս գալու իրավունքը»:

Միության բարձրագույն մարմինը համարել դաշնակցային կենտգործկոմը, որ կազմում է Ռ. Ս. Ֆ. Խ. Հ., Անդրկովկասյան Ֆեդերացիայի, Ուկրաինայի և Բելոռուսիայի Կենտգործկոմների ներկայացուցիչներից՝ համապատասխան նրանց ներկայացնող ազգությունների քանակի: Միության Կենտգործկոմի գործադիր մարմին համարել դաշնակցային Ժողկոմխորհը, որ նշանակում է Դաշնակցային Կենտգործկոմի կողմից:

Արտգործժողկոմը, Արտառը, Ռազմժողկոմը, Հաղորդակցության Ժողկոմը և Պոստահեռժողկոմը այդ ֆեդերացիաների և հանրապետությունների, որոնք մտնում են Միության կազմի մեջ ձուլել սոցիալիստական հանրապետությունների միության համանուն ժողկոմատների հետ, այնպես սակայն, որ Հանրապետությունների և Ֆեդերացիաների մեջ ունենան իրենց լիազորներին ոչ ծավալուն ապարատով, որոնք նշանակվելու են Միության Ժողկոմների կողմից, համաձայնության գալով ֆեդերացիաների և հանրապետությունների Կենտգործկոմների հետ: Անհրաժեշտ համարել շահագրգռված հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությունը  Արտգործկոմատի արտասահմանյան ներկայացուցիչների կազմում»:

«Հանրապետությունների և Ֆեդերացիաների՝ ֆինանսների, պարենավորման, ժողովրդական տնտեսության, աշխատանքի և տեսչության ժողկոմատները, ինչպես և հակահեղափոխոխության դեմ պայքարող կենտրոնական մարմինները յենթարկել համապատասխան ժողկոմատների հրահանգներին և հանրապետությունների միության աշխատանքի և պաշտպանության խորհրդի ժողկոմխորհին»:

«Մյուս ժողկոմատները, ինչպես որինակ, արդարադատության, լուսավորչության, ներքին գործերի, հողագործության, առողջապահության և սոցիալական ապահովության համարվում են անկախ և ինքնուրույն»:

Խորհրդային Հայաստան, թիվ 276, 12 Դեկտեմբեր, 1922թ

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով

Դիտել նաև՝