Սևրի դաշնագրի ստորագրման տոնակատարությունը Երևանում. 19 օգոստոս, 1920թ

4191

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Օգոստոսի 19-ին Երևանը տօնում էր Միացեալ Հայաստանի դաշնագրի ստորագրումը:

Վաղ առաւօտից քաղաքը ընդունել էր տօնական բնոյթ: Պետական, հասարակական հիմնարկութիւնները և տները զարդարված էին եռագոյն դրօշներով, գորգերով: Պետական, առևտրական և այլ հիմնարկութիւնները փակ էին:

Ժամը 10-ին պարէտային վարչութեան հրապարակն եկան զօրամասերը, երաժշտախմբի նւագով:

Քիչ յետոյ եկան նաև նոր համազգեստներ հագած բոյսկաուտները:

Ամբողջ ազգաբնակչութիւնը համարեա հաւաքվել էր հրապարակ, չնայած տիրող շոգին:

Ժ. 11-ին ժամանեցին զինւորական նախարարի օգնական զօրավար Հախվերդեանը, ընդհանուր հրամանատար զօր. Նազարբէկեանը, զօր. Սիլիկեանը, որոնց գալուստը նւագով և կեցցէով ողջունւեց:

Մի քանի րոպէ անց ժամանեցին նախարարապետ և արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանեանը և զինւորական նախարար Ռ. Տէր-Մինասեանը: Ողջոյնի նւագից յետոյ նախարարապետը ողջունեց զօրքին և ժողովրդին, որն ընդունւեց երկարատև կեցցէներով:

Հրապարակ ժամանեցին նաև Մերձաւոր Արևելքի օգնության կօմիտէի ներկայացուցիչները…

Զօրահանդէսի վայրում հաւաքւել էին օտար պետութիւնների, քաղաքային և գաւառային ինքնավարութիւնների, հասարակական հիմնարկութիւնների ներկայացուցիչները և սպայութիւնը:

Զօրահանդեսից առաջ նախարարապետ Հ. Օհանջանեանը ներկաներին դիմեց մի ճառով, բացատրելով օրւայ նշանակութիւնը:

«Հայաստանի քաջարի բանակ և քաղաքացիներ.

Մօտենում է մեր դարաւոր իղձերի վերջնական իրականացումը: Մենք ստացել ենք պաշտօնական տեղեկութիւն, որ օգոստոս 10-ին, Սևրում ստորագրւել է դաշնագիր, որով ճանաչւել է նաև Միացեալ Անկախ Հայաստան (երկարատև «կեցցէներ»):

Մենք վաղուց արդէն մեկ մարմին ու մէկ հոգի դարձած ամբողջացել էինք:

Բաժանումը բռնի էր և արեամբ էր պահպանւում:

Այժմ մեզ համար ստեղծւում են նպաստաւոր պայմաններ և մենք շուտով հնարաւորութիւն կունենանք կցել մեր այժմեան սահմաններին նաև Տաճկաստանի [Արեւմտեան Հայաստան-ԱՆԻ] հայկական գաւառները:

Հայ ժողովուրդը վերջին 30-40 տարւայ ընթացքում ամեն ինչ տւել է հասնելու համար այս օրւան: Այս օրւայ յաջողութեամբ մենք պարտական ենք այն ազնիւ զաւակներին, որոնք դրա համար չխնայեցին իրենց կեանքը: Նրանց սուրբ յիշատակների առջև մենք խոնարհում ենք մեր գլուխները:

Բայց այսօրւան մենք հասել ենք նաև մեր քաջարի բանակի և նրա վերջին տարիների ընթացքում թափած եռանդի շնորհիւ:

Ոչ մի բանակ չի կռւել այնպէս, ինչպէս մեր բանակը, ոչ մի զինւոր չի պաշտպանել իր հայրենիքը այնպէս ինչպէս մեր զինւորը և սպան: (Երկարատև «կեցցէ»ներ, որ յետոյ ընդունում է մեծ ցոյցի բնոյթ): Կեցցեն մեծ դաշնակիցները, որոնք նպաստեցին մեզ, մեր գործում: («Կեցցէներ»):

Եւ վերջապէս կեցցէ մեր ժողովուրդը, որը կարողացաւ տանել վերջնական յաղթանակը»:

Նախարարապետ Հ. Օհանջանեանի խօսքից յետոյ կայացաւ զորահանդէս, որն և լուսանկարւեցաւ:

Զօրահանդէսից յետոյ ժ. 11-ից 30 րոպէ անց սկսւեց միտինգ Հ. Յ. Դ. տան առջև, ուր զօրահանդէսից յետոյ դիմել էր բազմահազար ժողովուրդը, սկաուտները:

Հ. Յ. Դաշնակցութեան տան պաշգամբից միտինգը  բացւած յայտարարեց ընկ. Ա. Ատոմեանը:

Հ. Յ. Դաշնակցութեան կողմից խօսք տւաւ ընկ. Ս. Թորոսեանը, որն օրւայ առթիւ խօսելուց յետոյ, հաւատ յայտնեց, թէ հայ աշխատաւոր ժողովուրդը կայ, կմնայ և հայ գիւղացիութեան ստեղծված պետութիւնը կբարգաւաճի:

Նա խօսեց հայ ազատագրական շարժման, նրա ծագման և հերոսների մասին, բնորոշեց 900 տարի հայ ժողովրդի տէրերի կատարած սև և աւերիչ գործը:

Ի վերջոյ կոչ արաւ կրկնապատկել մեր ուժերը և այդպիսով փաստօրէն իրար միացնել հայկական գաւառները՝ ամբողջացնել Անկախ և Միացեալ Հայաստանը:

Ընկ. Ս. Թորոսեանի ճառը ընդհատւում էր երկարատև ծափահարութիւններով և կեցցէներով:

Ընկ. Սահակ Թորոսեանի ճառից յետոյ խօսեց սոցիալիստ յեղափոխականների կուսակցութեան ներկայացուցիչ ընկ. Մինախորեանը: Նա իր կուսակցութեան կողմից ողջունեց օրւայ տօնը և ասաց, որ իրենք ողջունում են հայ զօրքի երթը դէպի  Տաճկահայկական գաւառները: Չպէտք է չափազանցնել կատարւածը: Եթէ ստորագրւած դաշնագրի պայմանները կմնայ սոսկ թղթի կտոր, որպիսիները մեր ժողովուրդը շատ է տեսել և որոնց գինը շատ լաւ գիտէ:

Նա իր խօսքը վերջացրեց ասելով՝ «Կեցցէ հայ առաջին զինւորը, որը կմտնէ Տաճկահայաստանի գաւառները»:

Ապա խօսքառու «Յառաջի» խմբագրութեան կողմից ընկ. Արսէն Միքայէլեանը…

Յառաջ, ՀՅԴ, թիւ 178

Լուսանկարում՝ Երևանը 1920-ական թթ