Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Խորհրդի բացումը․ 1918-ի օգոստոսի 1 («Ժողովուրդ», ՀԺԿ օրգան, թիվ 1)

4477

[1918 թվականի] Օգոստոսի 1-ին, հինգշաբթի առավոտյան ժամը 13-ին բացվեց Հայաստանի Հանրապետության Խորհրդի առաջին նիստը քաղաքային ակումբի դահլիճում, որը հատկապես պատրաստված էր դրա համար։

Պատգամավորները դասավորված էին երեք կարգում․ աջակողմյանը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը (6 պատգամավոր), թուրքերի 6 ներկայացուցիչները, 1 ռուս և 1 եզդի։

Կենտրոնը բռնել էին դաշնակցականները (18) և անկուսակցականները (2), իսկ ձախակողմը՝ սոցիալ դեմոկրատները (6) և սոցիալիստ հեղափոխականները (6)։

Բացմանը ներկա էին ներկայացուցիչներ  Գերմանիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Պարսկաստանի և Ուկրաինայի կողմից։

Հրավիրված էր նույնպես Վեհափառ կաթողիկոսը, ով սակայն անակնկալ պատճառով անկարող էր գալ։

Նիստը բացեց Թիֆլիսի Հայոց Ազգային կենտրոնական խորհրդի փոխնախագահ Ավետիք Սահակյանը մի ճառով և ապա բացված հայտարարելով Հայաստանի Հանրապետության խորհուրդը՝ առաջարկեց ընտրել նախագահություն։

Նախագահ ընտրվեց ինքը՝ Սահակյանը (դաշնակցական), փոխնախագահներ՝ Գրիգոր Տեր-Խաչատուրյան (Հայ ժողովրդական կուսակցություն) և Դավիթ Զուբյան (սոցիալիստ հեղափոխական), իսկ ավագ քարտուղար՝ Պետրոս Զաքարյան (անկուսակցական)։

Այդ ժամանակ շենքի վրա, դրսում, բարձրացվեց հայկական եռագույն դրոշակը (կարմիր, կապույտ, նարնջագույն), որ ցնծություն առաջ բերեց ժողովրդի խուռն բազմության մեջ։

Նիստը փակվելուց հետո կատարվեց զորահանդես, որ ընդունեցին պրեմիեր մինստր Հովհաննես Քաջազնունին, զինվորական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկյանը և զինվորական նախարար Հախվերդյանը։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ․

Դիտել նաև՝