Ասքանազ Մռավյանի նամակը Քյազիմ Կարաբեքիրին. 22 հուլիս, 1921թ

8966

Ծանոթ.- 1920-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի վերջը Խորհրդային Հայաստանը, թեև ենթարկվել է բոլշևիկյան Ռուսաստանին, սակայն դե յուրե եղել է անկախ: Այդ տարիներին և անգամ մինչև 1925 թվականը, Խորհրդային Հայաստանն ու քեմալականները (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը), ապա Թուրքիան, ունեցել են դիվանագիտական հարաբերություններ: Ներկայացնում ենք Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ասքանազ Մռավյանի նամակը Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին՝ թվագրված հուլիս 1921-ով: Ամիսներ անց Մռավյանը պետք է մեկներ Կարս՝ ստորագրելու հայտնի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի կողմից, որով Երևանը հրաժարվեց Կարսի նահանգից՝ Անի մայրաքաղաքով, և Սուրմալուից՝ Արարատ սարով:

Թուրքիայի Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիր բեյին

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Արտաքին գործերի կոմիսարիատը պատիվ ունի խնդրելու Ձեզանից՝ հաղորդել, թե ինչպիսի դրության մեջ են գտնվում այս կամ այն կերպ Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի տերիտորիայում գտնված Խորհրդային Հայաստանի քաղաքացիները և կարող են նրանք վերադառնալ: Մեր կառավարությունը հայտնում է իր հավաստիքը, որ հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիները չեն հանդիպի արգելքների թուրքական իշխանության կողմից՝ այլ ընդհակառակը, կստանան նրանց օժանդակությունը:

Հարկավոր եմ համարում հայտնել Ձեզ ի գիտություն, որ Թուրքիայի քաղաքացիները, որոնք հայտնել են ցանկություն հայրենիք վերադառնալու՝ Խորհրդային Հայաստանի կողմից լայն օժանդակության են արժանացել:

Ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Ա. Մռավյան

Ն. 6042, 22 հուլիս, 1921 թ.  

Աղբյուրը՝ Խորհրդային Հայաստան օրաթերթ, 28 հուլիս, 1921 թ.

Դիտել նաև՝