Լևոն Արոնյան և Սարգիս Ավագյան. պապն ու թոռը

1122

Այս պատմությունը լսել եմ իմ աշխարհագրության ուսուցչից՝ Սարգիս Ավագյանից, երբ արդեն ավարտել էի համալսարանը, իսկ ընկեր Ավագյանը թոշակառու էր:

Դասարանով հավաքվել էինք մեր գյուղի անտառում և հրավիրել էինք նաև ընկեր Ավագյանին: Իննսունականների վերջերն էր, Լևոն Արոնյանը արդեն լուրջ հաջողությունների էր հասել: Լևոնը մեր աշխարհագրության ուսուցչի թոռն է:

– Լևոնին փոքր ժամանակ ամռան ամիսներին ծնողները՝ Սեդան, իմ աղջիկը և ամուսինը, գյուղ էին բերում քրոջ հետ: Չորս-հինգ տարեկան էր, երբ շախմատ սովորեցրի: Քայլերը բացատրելուց հետո առաջին խաղը հազիվ ավարտեցի ոչ-ոքի: Երկրորդ և հաջորդ բոլոր պարտիաներում Լևոնը հաղթեց:

Լևոնի մայրը՝ Սեդա Ավագյանը, ամուսնացել է Բելառուսից հրեա տղամարդու հետ, որի ազգանունը Արոնով է: Լևոնի Արոնյան ազգանունը գալիս է հորից:

Մանրամասնորեն չեմ հետաքրքրվել, թե ինչու Լևոնը նեղացավ Հայաստանից և հեռացավ Ամերիկա: Գիտեմ, որ փոքր ժամանակ Լևոնին և նրա ծնողներին շատ են օգնել Վանո Սիրադեղյանը, ով Նոյեմբերյանի Կոթի գյուղից էր, և Երևանի քաղաքապետերից Ռոբերտ Նազարյանը, ով Արոնյանի մորական՝ Դովեղ գյուղից է: Լսել եմ նաև, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է միշտ օգնել Արոնյանին:

2018 թվականի ապրիլին Լևոն Արոնյանը և Հայաստանի շախմատային ողջ ընտրանին հայտարարություն տարածեցին՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի: Մի քանի օր անց Սարգսյանը հրաժարական տվեց:

2017 թվականի սեպտեմբերի Լևոն Արոնյանին տրվել է Դովեղ գյուղի պատվավոր քաղաքացու վկայական:

Մեր աշխարհագրության ուսուցիչ Սարգիս Ավագյանը ապրեց մինչև խոր ծերություն: Նրա մահից հետո որդին վաճառեց տունը և տեղափոխվեց Երևան: Լևոն Արոնյանը Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո տեղափոխվեց Ամերիկա:

Թաթուլ Հակոբյան

21 հուլիսի, 2025թ, Դովեղ