Կողբի Մշկավանքի մասին ներքո հրապարակումը և նկարները վերցրել ենք ArmGeo կայքից
Մշկավանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղի հարավային մասում՝ անտառածածկ բլրի վրա: 2014թ.-ից այն ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում:
Մշկավանքի մասին ուսումնասիրողներին հայտնի միակ վկայությունը պատկանում է հայ պատմագիր Վարդան Արևելցուն, ով առավել հայտնի է Վարդան Գանձակեցի անունով: Ըստ նրա Մշկավանքը կանգուն է մնացել մինչև 1220թ.՝ քանդվելով 1220-1221թթ.-ի երկրաշարժից:
Մշկավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու և գավթի արձանագրությունների ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Եվ չնայած արձանագրությունները բավականին շատ են, սակայն դրանցից միայն չորսն են պարունակում հստակ տարեթվեր: Ցավոք, նշված արձանագրություններից և ոչ մեկում նշված չէ կառուցման հստակ տարեթիվը: Սբ. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ կա մի պահպանված նվիրատվական արձանագրություն, որի փաստմամբ՝ եկեղեցու վերանորոգումն ավարտել են 1246-1247թթ.:
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը կառուցել են եկեղեցուց ավելի ուշ՝ երկրաշարժից հետո՝ եկեղեցու վերակառուցման ժամանակ: Այս մասին է փաստում գավթի հարավային պատի վրա պահպանված արձանագրությունը, ըստ որի գավթի կառուցումն ավարտել են 1253թ.:
Իրականում վերոնշյալ 50 արձանագրություններից շատերը հենց նվիրատվական բնույթ ունեն՝ ընդգրկելով 1247-1652թթ. ընկած ժամանակահատվածը:
Մշկավանք վանական համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից և մատուռից: Բացի այդ, վանքի հիմնական հուշարձանախմբից մի փոքր հեռավորության վրա են գտնվում գերեզմանաքարերը: Սբ. Աստվածածին եկեղեցին արտաքինից զուսպ է և հասարակ: Ունի քառակուսի սրահ՝ կիսաշրջանաձև թաղածածկ հատվածով և նեղ, երկհարկանի խորաններով:

Մշկավանք վանական համալիրը վերանորոգվել է 1955-1960-ականներին՝ ճարտարապետներ Հովհաննես Հակոբյանի և Ալ. Թամանյանի որդի՝ Յուրի Թամանյանի նախագծով:


















