Խորհուրդների Ադրբեջանական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի դեկրետը ՙԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման՚ մասին
7 հուլիս, 1923թ.
Ցարական ինքնակալությունը, ձգտելով նախկին ռուսական կայսրությունում ազգային փոքրամասնությունների ստրկացմանը, չէր խորշում նույնիսկ առանձին մանր ազգությունների ոչնչացմանը դիմել` նրանց մեկը մյուսի դեմ գրգռելու ճանապարհով:
1905-1906 թթ. հայ-մուսուլմանական կոտորածը Անդրկովկասում կարող է ծառայել որպես վելիկոռուսական ինքնակալության կործանարար քաղաքականության լավագույն ապացույց: Այն պահին, երբ Անդրկովկասի հեղափոխական բանվորական զանգվածները բացեիբաց սկսեցին իրենց զայրույթն արտահայտել կապիտալի կողմից իրենց ճնշման դեմ, ցարական գեներալներ Վորոնցով-Դաշկովների ձեռքով թշնամանք սերմանվեց երկու բարեկամական, պատմականորեն իրար հետ կապված ժողովուրդների` հայերի և մուսուլմանների միջև:
Դա էլ ավելի բացահայտվեց, երբ Անդրկովկասը մասնատվեց երեք ՙինքնուրույն պետությունների՚, որոնցում ղեկավար դերը անցավ մի խումբ նացիոնալ-շովինիստների` մուսավաթականներին, դաշնակներին և մենշեւիկներին՝ արևմտյան կապիտալի լակեյներին, որոնք ազգային փոքրամասնությունների նկատմամբ գերիշխելը դնում էին առաջին պլանում:
Այդ ՙպետությունների՚ գոյության աննշան ժամանակամիջոցում աշխատավոր գյուղացիության քիչ արյուն չի թափվել Ղարաբաղի լեռներում ու Անդրկովկասի այլ տարածքներում:
Ազգային ճնշման ու անհավասարության վերացումը` ինչ ձևով էլ որ այն արտահայտված լինի, ժողովուրդների ազգային թշնամանքի և ատելության փոխարինումը միասնական պետական միությամբ բանվորագյուղացիական հեղափոխության և խորհրդային իշխանության հիմնական խնդիրներից մեկն է:
Ի կատարումն այդ խնդրի` Խորհուրդների Ադրբեջանական Կենտրոնական Գործադիր Կոմիտեն (ԿԳԿ) որոշում է.
Ղարաբաղի հայկական մասից կազմավորել ինքնավար մարզ` որպես ԱԽՍՀ բաղկացուցիչ մաս, կենտրոնը` Խանքենդի գյուղաքաղաքում:
Ինքնավար մարզի կառավարման մարմիններն են մարզային գործադիր կոմիտեն և տեղական խորհուրդները:
Մինչև մարզային գործադիր կոմիտեի կազմավորումը ստեղծել ժամանակավոր հեղափոխական կոմիտե, պարտավորեցնել երկու ամսից ոչ ուշ խորհուրդների համագումար հրավիրել մշտական գործադիր մարմին ընտրելու համար:
Ծանոթություն. բոլոր արոտավայրերի, անտառների, այգիների, հողերի ու ջրերի փաստական տիրակալությունը մնում է դրանց ներկայի տերերին:
Բոլոր անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցներով մարզային գործադիր կոմիտեն մատակարարվում է ԱԽՍՀ-ի ընդհանուր միջոցներից` Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեից տրված անմիջական կարգադրությամբ:
Մարզի կանոնադրության մշակման և վարչական միավորները Ղարաբաղի ինքնավար մարզին փաստորեն հանձնելու, ինչպես նաև ինքնավար մարզի սահմանները որոշելու համար խառը հանձնաժողով ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Ցածրադիր Ղարաբաղի, Քուրդստանի և ԱԽՍՀ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներից, որին (հանձնաժողովին) պարտավորեցնել իր աշխատանքն ավարտել մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը:
Ադրբ. ԿԳԿ նախագահի տեղակալ` Մ. Վ. Կասումով:
Դիտել նաև՝
Խորհրդային Հայաստանը 1923-ին և ԼՂԻՄ-ի ձևավորումը
Լուսանկարում՝ Շուշին 1920թ մարտյան հայկական կոտորածներից հետո











