Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

2511

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի վերջերին փորձագետների հետ փակ հանդիպմանը ասել էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում իր՝ Թուրքիա այցելության շուրջ: Փաշինյանը նշել էր, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը այցելում է Թուրքիա երկկողմ ձևաչափով:

Երբ մի քանի որ առաջ Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Թուրքիա և հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ, արդեն պարզ էր դառնում, որ քննարկվում են Փաշինյանի այցի մանրամասները:

Այսօր Ազգային ժողովի նախագահը հաստատել է, որ Փաշինյանը Թուրքիա է մեկնելու հունիսի 20-ին:

Իր վարչապետության ընթացքում Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ կոպտագույն սխալներ է թույլ տվել, այդ թվում՝ Թուրքիայի հարցում:

Մասնավորապես, 2020-ին Սևրի հարյուրամյակ նշելը, Միջերկրականում Թուրքիային դասեր տալու նրա արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի սադրիչ հայտարարությունը 44-օրյա պատերազմի նախօրեին, նրա մեկ այլ արտգործնախարար՝ Արա Այվազյանի՝ Մոսկվայից Անկարային դասեր տալը պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո մեծ վնաս էին հասցրել Թուրքիա-Հայաստան երկխոսությանը:

Հատկապես այսօր, երբ Իրանը հայտնվել է ծանրագույն իրավիճակում, իսկ Ռուսաստանը դաշնակցում է Ադրբեջանի հետ, Հայաստանն այլընտրանք չունի, քան Թուրքիայի հետ երկխոսությունը վերականգնելը:

Անկախ արդյունքներից՝ Փաշինյանի այցը Թուրքիա չափազնանց կարևոր է, կասեի՝ նրա արտաքին քաղաքական կարևորագույն քայլը իր վարչապետության ամբողջ ընթացքում:

Անկասկած, Արցախում մեր կրած սարսափելի պարտության մեջ էական է եղել Թուրքիայի դերակատարությունը: Թուրք զինվորականությունը ուղղակի մասնակցություն է ունեցել այդ պատերազմում և Ադրբեջանին օգնել ռազմական, ռազմատեխնիկական, քաղաքական և քարոզչական ոլորտներում: 1991-ից ի վեր Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանին, մեր հանրապետությունը դուրս է դրել տարածաշրջանային բոլոր կարևոր նախագծերից:

Սակայն Թուրքիայի հետ չխոսելու այլընտրանք Հայաստանը ուղղակի չունի: Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու փակ սահմանները բխում են Ադրբեջանի և Ռուսաստանի, բայց ոչ Հայաստանի շահերից:

Դեռ վաղ է խոսել հարաբերությունների կարգավորման մասին, սակայն այդ ուղղությամբ քայլեր կատարելը նախ և առաջ Հայաստանի շահերից են բխում, այդ թվում՝ անվտանգության առումով:

Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ: 2024թ սեպտեմբերին Նյու Յորքում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը ՄԱԿ-ի շրջանակներում, իսկ 2023 թվականի հունիսին Փաշինյանը Անկարայում ներկա էր գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 17 հունիսի, 2025թ

Արխիվային լուսանկար, Նյու Յորք, սեպտեմբեր, 2024թ