Զինվորական ծառայությունից խուսափումը, որ լայնորեն տարածված էր, մատնանշում էր երկրի աղետալի վիճակը: Հողագործ դասակարգը ուժասպառ էր եղել աշխատուժի հնգամյա պարպումից և մշտական զրկանքներից: Զորակոչն առավելապես ծանրանում էր աղքատների վրա, ովքեր չէին կարողանում զինվորական ծառայությունից ազատվել անփոխարինելի աշխատանքի պատրվակով և տեղական կոմիսարներին կաշառելու միջոցներ չունեին: Զինվորական գործերի նախարարությունը փորձեց զորահավաքը մեծացնել համընդհանուր զինվորական ծառայություն հաստատելու միջոցով՝ 18 տարեկան երիտասարդների կամ 20-ամյա ուսանողների համար եռամյա ակտիվ զինապարտությամբ և տասնհինգ տարվա պահեստային ծառայությամբ: Աշխատանքի ընդունվելու և պետակա օգնություն ստանալու համար 16-ից մինչև 43 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է անձը հավաստող փաստաթղթեր կրեին, որոնք ցույց կտային իրենց զինվորական կարգավիճակը: Դրան հաջորդած 1919 թվականի զորահավաքը սակայն ցույց տվեց, որ սոսկ կարգավորումներով հարցը չի լուծվի: Լիակատար հուսահատության մատնված՝ կառավարությունն ի վերջո արտոնեց մահապատժի վերականգնումը և ռազմական արագընթաց դատավարություների նպատակով դաշտային արտակարգ տրիբունալների ձևավորումը:
Աղբյուրը՝ Հ.Հ. Պատ. Դիւան, գործ 13/13, Հայաստանի Հանրապետութիւն, 1920, «Աշխատաւոր», 18 յունիսի, 1919, էջ 2, «Նոր աշխատաւոր», 31 յուլիսի, 1919, էջ 3 և 14 օգոստոսի, 1919, էջ 3, Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան, 2014, էջ 10:
Համաձայն մի փաստաթղթի, որ խորհրդային հետազոտություններում հաճախ էր վկայակոչվում, 1919 թվականին դասալքության համար ավելի քան 17 հազար ձերբակալություն է կատարվել:
Աղբյուրը՝ Великая Октябрьская революция, с. 298, Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան, 2014, էջ 10:
Լուսանկարում՝ ՀՀ ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը, լուսանկարը հավանաբար արվել է 1907 թվականին