1920 թվականի ապրիլի 28-ին ռուսական Կարմիր բանակը առանց գնդակ արձակելու գրավեց Բաքուն։ Ադրբեջանում հայտարարվեց խորհրդային իշխանություն՝ Հեղափոխական-զինվորական կոմիտե, որի մաս կազմեցին Նարիման Նարիմանովը, Միրզա Դավուդ Հուսեյնովը, Համիդ Սուլթանովը, Ալիմովը, Ալի Հայդար Կարաևը։ Երկու օր անց Հայաստանը ստացավ վերջնագիր։ Ներկայացնում ենք վերջնագրի տեքստը և Հայաստանի արտգործնախարարի պատասխանը։
ԱՆԻ կենտրոն
—————-
Հայկական կառավարությանը, պատճեն՝ Ադրբեջանի խորհրդային հանրապետության հեղափոխական կոմիտեին, Մոսկվա, ժողովրդական կոմիսարների նախագահ Լենինին, արտաքին գործերի կոմիսար Չիչերինին, Կովկասյան ճակատի հրամանատարին
Հայաստանի և մեզ բարեկամ ու դաշնակից խորհրդային Ադրբեջանի սահմաններում շարունակվում են զինվորական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Ռուսական բանվորա-գյուղացիական կառավարությունն իր սրբազան պարտքն է համարում բոլոր ուժերով օգնության գալ Ադրբեջանի համայն աշխատավորության անունից իրեն օգնության ձեռք մեկնողներին, որոնք կամենում են վերջնականապես ամրապնդել բանվոր-գյուղացիական իշխանությունն Ադրբեջանում։
Ազգային հողի վրա տեղի ունեցող թշնամանքը, անգլիացիների ու դաշնակիցների և Դաշնակցություն ու Մուսավաթ կուսակցությունների ագիտացիայով բորբոքվող զինվորական գործողությունները հայ-ադրբեջանական զորքերի միջև ձեռնտու է միայն ժողովուրդների հաղթողների և Հայաստանի ու Ադրբեջանի աշխատավոր դասակարգերին շահագործելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ բոլոր վիճելի հարցերը կարող են լուծվել միայն աշխատավորության և ինքնորոշվող ժողովուրդների կամքով։
Խորհրդային Ադրբեջանը չի կարող տանել ոչ մի շովինիստական, ազգայնական ագրեսիվ գործողություն և ցեղային թշնամությունը խորհրդային Ադրբեջանում տեղ չպիտի ունենա։
Ռուսական սոցիալ-ֆեդերատիվ խորհրդային հանրապետության անունից առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը անմիջապես դադարեցնել ամեն տեսակի զինվորական գործողությունները խորհրդային Ադրբեջանի հետ և դուրս տանել իր զորքերը նրա սահմաններից։ Դա պետք է կատարված լինի 24 ժամվա ընթացքում՝ ներկա առաջարկությունը ստանալու օրից սկսած, որի չկատարումը կնկատվի որպես մարտահրավեր Հայաստանի կառավարության կողմից Ռուսական սոցիալ-ֆեդերատիվ խորհրդային հանրապետությանը։
Վերոհիշյալ առաջարկությունը կիրագործվի ռուսական կարմիր բանակի ուժերի կողմից։ Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի կառավարության վրա։
Կովկասյան ճակատի զինվորա-հեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձե, առաջին բանակի զինվորա-հեղափոխական խորհուրդ՝ Կիրով, Միխանոշին, Լևանդովսկի։
Բաքու, 1 մայիսի, 1920թ․
***
Հայաստանի արտգործնախարարի պատասխանը Հեղափոխական զինվորական խորհրդին
Երևան, 1 մայիսի
Մայիսի 1-ի ձեր վերջնագրին հայտնում եմ, որ Ադրբեջանի տերիտորիայի վրա հայկական զորքեր չեն եղել և չկան։ Հակառակը, Ադրբեջանի բեկական մուսավաթական կառավարության զորքերը գտնվում են նրա համար իսկ վիճելի հայկական Ղարաբաղի գավառներում և դեռ նորերս այնտեղ կազմակերպեց հայ ազգաբնակության ջարդեր, այրեց գյուղեր և քաղաքներ։
Ղարաբաղի բնակչությունը իր գյուղացիական ներկայացուցիչների համագումարներում հաճախ արտահայտել է իր անհողդողք կամքը Ադրբեջանի մեջ չմտնելու համար, և Ադրբեջանի զորքերը գտնվում են այդ շրջանում հենց նրա համար, որպեսզի փշրեն ինքնորոշված ժողովրդի այդ կամքը։
Բնավ զորք չունենալով Ադրբեջանի սահմաններում, հայկական կառավարությունը խնդրում է ձեզ առաջարկել Ադրբեջանի նոր կառավարությանը դուրս բերել իր զորքերը հայկական Ղարաբաղի լեռնային շրջաններից․․․
Հայկական կառավարությունը առաջարկում է Սովետական սոցիալիստական Ռուսաստանի ներկայացուցիչներ ուղարկել Ղարաբաղ մի չեզոք հանձնաժողով՝ երկրի իսկական դրությունը պարզելու համար։
․․․ Իմ կառավարությունը հարկ է համարում հայտարարել, որ ներկա պարագայում հիմք չկա վերջնագիր նոտայի, և կատարյալ վստահություն ունենալով, որ սովետական Ռուսաստանի բանվորա-գյուղացիական կառավարությունը, որ վաղուց ճանաչել է Հայաստանի անկախությունն ու ինքնուրույնությունը Լենինի դեկրետով և չորրորդ համառուսական սովետների համագումարի վճռով, թույլ չի տա նոր ճնշում գործ դնել երկար տարիների ընթացքում արյունաքամ եղած հայ աշխատավոր ժողովրդի վրա։
Հայկական հեռագրական գործակալության կողմից․ ներկա անթել հեռագրի պատճենը ուղարկված Մոսկվա՝ Սովնարկոմի նախագահ Լենինին և արտաքին գործերի կոմիսար Չիչերինին։
ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 90, երեքշաբթի, 4 մայիսի, 1920թ