«Լոզանի սինդրոմն ու Էրդողանի «Ծովային Սևրը». Հայկ Գաբրիելյանի նոր՝ հինգերորդ հատորը

2918

Լույս է տեսել թուրքագետ Հայկ Գաբրիելյանի «Լոզանի սինդրոմն ու Էրդողանի «Ծովային Սևրը» հաստափոր հատորը: Սա Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի, Հայկ Գաբրիելյանի և «Լուսակն» հրատարակչության համատեղ նախագծի վերջին՝ հինգերորդ գիրքն է:

Ավելի վաղ՝ 2024 թվականի ընթացքում, մենք հրատարակել էինք Գաբրիելյանի հետևյալ հատորները.

«Էրդողանը և Քրդական հիմնախնդիրը» – Ա հատոր,

«Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ» – Բ հատոր,

«Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը» – Գ հատոր,

«Էրդողանի ընտրությունը՝ Շամգե՞ն, թե՞ Շենգեն» – Դ հատոր:

«Լոզանի սինդրոմն ու Էրդողանի «Ծովային Սևրը» Ե հատորով ավարտում ենք հինգ արժեքավոր աշխատությունների հրատարակությունը՝ ծանրակշիռ և կարևոր ներդրում բերելով Հայաստանում ժամանակակից Թուրքիայի մասին մեր փորձագիտական, հայագիտական ու ակադեմիական գրականությանը:

Յուրաքանչյուր հայ դիվանագետ, թուրքագետ, փորձագետ ու հարևան երկրի մասին հետաքրքրված անձ պետք է ծանոթ լինի այս հինգ հատորներին: Թուրքիայի և այդ երկրի երկկողմ ու բազմակողմ դիվանագիտության մասին նման համակարգված, համակողմանի և խորքային աշխատանք՝ միմյանց հետ կապված հինգ հատորներ, հայկական իրականության մեջ չես հանդիպի:

Հայկ Գաբրիելյանի հինգհատորյակի առաջին երկու գրքերը՝ «Էրդողանը և Քրդական հիմնախնդիրը» և «Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ», վերաբերում են ժամանակակից Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին՝ ընտրական գործընթացներ, քրդական հարց, ռազմական ոլորտի բարեփոխումներ, էներգետիկ խնդիրներ, Էրդողանի «Նոր Թուրքիան», պայքար «Հին Թուրքիայի» դեմ:

Արտաքին քաղաքականության մասը կազմված է երեք հատորից՝ «Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը», «Էրդողանի ընտրությունը՝ Շամգե՞ն, թե՞ Շենգեն» և այս մեկը՝ «Լոզանի սինդրոմն ու Էրդողանի «Ծովային Սևրը»:

Այս վերջին՝ հինգերորդ հատորը, որ ամենից ծավալունն է, Թուրքիայի ռազմավարությունների և գլոբալ հավակնությունների մասին է: Հեղինակն անդրադարձել է վերջին 15 տարիների Թուրքիայի արտաքին և նեոօսմանյան քաղաքականության միտումներին, «Կապույտ հայրենիքի» դոկտրինին, Գազայի ճգնաժամին, հետախուզա-լրտեսական գործունեության ակտիվացումը, Անտարկտիկայում գիտակայան ստեղծելու և Էրդողանի Ասրիկա նախագծերին և ուշագրավ այլ թեմաների, որոնք հայկական լրատվական, փորձագիտական դաշտում հազվադեպ են դառնում լուրջ քննարկումների առարկա:

Թաթուլ Հակոբյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն, 3 մարտի, 2025