Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի կազմակերպությամբ (Diözese der Armenischen Kirche in Deutschland) և ներկայությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, Քյոլնի Հայ Համայնքի սրահում փետրվարի 25-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիպում-քննարկում լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ:
«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով դասախոսության ընթացքում Հակոբյանը խոսել է այսօր Հայաստանի առաջ կանգնած ներքին և արտաքին մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից, բայց նաև՝ ստեղծված նոր հնարավորություններից: Հիմնական սպառնալիքների շարքում Հակոբյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի հավանականությունը՝ դեպի Նախիջևան ճանապարհ-միջանցք բացելու նպատակով:
Բանախոսը անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության համալրումներին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, Հայաստանում ահագնացող ատելության մթնոլորտին, տնտեսական իրավիճակին, ինչպես նաև պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերի:
Նախօրեին Հակոբյանը դասախոսություն է կարդացել Մյունխենում՝ տեղի հայ ուսանողների, համալսարանավարտների և իրենց մասնագիտությամբ աշխատող երիտասարդության, իսկ Բեռլինում՝ մի քանի տասնյակ հայերի հետ:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին և 7-ին, Հակոբյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում, փետրվարի 10-ին` Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հանրային գրադարանում և փետրվարի 13-ին` Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքի մի խումբ հայերի հետ, իսկ փետրվարի 15-ին՝ Յեյլի համալսարանի Իրավունքի դպրոցում՝ Yale Law School:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ











