Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Երկրապահի առաջին համագումարում. 23 հուլիս, 1993թ

2081

Շաբաթներ առաջ, ավելի ստույգ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին, Յութուբի վրա առաջին անգամ նկատեցի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Երկրապահի առաջին համագումարում՝ 23 հուլիս, 1993թ:

Տեր-Պետրոսյանի ելույթը ներբեռնեցի ԱՆԻ կենտրոնի Յութուբի ալիքում: Ընդհանրապես, ԱՆԻ կենտրոնի Յութուբի ալիքում և կայքում տեղադրում եմ առաջին նախագահի ելույթները, որպեսզի իմ ձեռքի տակ ունենամ: Տարիներ անց պատրաստվում եմ գիրք գրել, գուցե՝ ֆիլմ նկարել նաև:

ԱՆԻ-ի Յութուբի ալիքում տեղադրելուց հետո այն դիտեցի և առաջին ու հիմնական բանը, որ նկատեցի, Աղդամի պահն է: Նախագահը իր ելութում նշում է, որ Աղդամը անցել է հայկական վերահսկողության տակ: Այսպիսով, դեռ լրատվամիջոցները չեն հայտնել Աղդամի լուրը, իսկ նախագահը այդ մասին խոսում է Երկրապահի համագումարում: Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի ու նրան աջակցող ուժերի կողմից տարվել է անբարո քարոզչություն, որ իբր Հայաստանն ու նրա նախագահը տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Արցախում:

Հունվարի առաջին օրերին հիմնականում ադրբեջանական լրատվամիջոցները Տեր-Պետրոսյանի այդ ելույթից տարածեցին բոլորովին այլ՝ Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիներին մասին հատվածը:

Այսօր իմ լրագրող ընկերներից մեկը խորհուրդ տվեց պարզաբանում տալ, թե ինչու եմ երեսուն տարի վաղեմության տեսանյութը միայն շաբաթներ առաջ տարածել, մանավանդ՝ ոմանք այս թեման այլ նպատակներով են ցանկանում օգտագործել։

Պատասխանեմ. այս տեսանյութը վերցրել եմ Ազդագիր լրատվականի Յութուբի ալիքից, որտեղ Տեր-Պետրոսյանի ելույթը տեղադրվել է երկու տարի առաջ: Այդ ելույթը այս պահին էլ կա այդ ալիքում և երկու տարվա ընթացքում ունեցել է 806 դիտում:

Եթե Տեր-Պետրոսյանի այս ելույթը ունենայի 15 տարի առաջ, ապա առանց երկմտելու կտեղադրեի Յութուբի իմ ալիքում, բայց քանի որ այն տեսել եմ միայն վեց շաբաթ առաջ, տեղադրել եմ տեսնելուն պես:

Ես չգիտեմ, թե ով ինչ նպատակներով է օգտագործում Տեր-Պետրոսյանի այս ելույթը, ինչպես չեմ կարող կանխատեսել, թե ով ինչ նպատակներով է օգտագործել և օգտագործելու նախկին նախագահների, արտգործնախարարների ելույթները կամ իմ հարցազրույցներն ու հոդվածները այսօր, հինգ տարի կամ հիսուն տարի հետո:

Ես սովոր եմ համակարգված հարձակմանը կամ ատելության թիրախում հայտնվելուն:

Եթե ընտրել ես լրագրողի մասնագիտություն, ապա պետք է պատրաստ լինես հայտնվելու հարձակումների ու ատելության թիրախում, անկախ նրանից՝ արդար է դա, թե՝ ոչ:

Լրագրող լինելու գինն է դա:

Թաթուլ Հակոբյան

6 հունվարի, 2025թ, Դովեղ