1917 թվականի աշնանը Թիֆլիսում գումարվեց Հայոց ազգային խորհրդակցություն, որին, բացառությամբ բոլշևիկների, ովքեր բոյկոտեցին և դատապարտեցին երկշաբաթյա հավաքը, մասնակցեցին արևելահայ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Բացման հավաքին ներկա էին.
ՀՅԴ-ից՝ 113 հոգի,
Հայ ժողովրդական կուսակցությունից՝ 43,
Սոցիալիստ հեղափոխականներից՝ 23,
Սոցիալ դեմոկրատներից՝ 9 հոգի:
Խորհրդակցությունը ընտրեց 35 հոգանոց Ազգային ժողով, որը Ռուսական Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթներ էր իրականացնելու, ինչպես նաև՝ 15 հոգանոց գործադիր մարմին՝ Ազգային խորհուրդ՝ օժտված գործադիր լիազորություններով:
Ահա Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 15 հոգանոց կազմը.
Ավետիս Ահարոնյան, նախագահ – ՀՅԴ,
Արամ Մանուկյան – ՀՅԴ,
Նիկոլ Աղբալյան – ՀՅԴ,
Ռուբեն Տեր-Մինասյան – ՀՅԴ,
Խաչատուր Կարճիկյան – ՀՅԴ,
Արտաշես Բաբալյան – ՀՅԴ,
Սամսոն Հարությունյան – Հայ ժողովրդական կուսակցություն,
Միքայել Պապաջանյան – Հայ ժողովրդական կուսակցություն,
Միշա (Միքայել) Ղարաբեկյան – Սոցիալ դեմոկրատ,
Ղազար Տեր-Ղազարյան – Սոցիալ դեմոկրատ,
Հայկ Տեր-Օհանյան – Սոցիալիստ հեղափոխական,
Անուշավան Ստամբոլցյան – Սոցիալիստ հեղափոխական,
Ստեփան Մամիկոնյան – ոչ կուսակցական,
Տիգրան Բեկզադյան – ոչ կուսակցական,
Պետրոս Զաքարյան – ոչ կուսակցական:
1918-ի Մայիս 28-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը երկրորդ քվեարկությամբ ընդունեց թուրքերի վերջնագիրը և Բաթում ուղարկեց պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից:
Մայիսի 28-ի առավոտյան Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին:
ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը:
Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:
Ապա տեղի ունեցավ նոր քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը:
Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես.
ՀՅԴ՝ 6 կողմ,
Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ,
Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ,
Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ,
Անկուսակցականներ՝ 2 դեմ:
Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու:
Հայաստանի անկախության տեքստը՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ընդունվեց 1918-ի մայիսի 30-ին:
Հայտարարությունը
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:
Հայոց Ազգային խորհուրդ, 1918թ. մայիս 30, Թիֆլիս
Թաթուլ Հակոբյան












