«Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ». Հայկ Գաբրիելյանի հինգհատորյակի երկրորդ գրքի շնորհանդեսը Գյումրիում

2778

Ապրիլի 20-ին Գյումրիի Ժուռնալիստների ԱՍՊԱՐԵԶ ակումբում տեղի ունեցավ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի երկու գրքերի՝ «Էրդողանը և Քրդական խնդիրը» և «Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ» շնորհանդեսը, որը կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ներկայացնելով երկու աշխատությունները, հատկապես կարևորեց այն իրողությունը, որ Գաբրիելյանը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը անդրադառնում է բացառապես գիտական, քաղաքական, փորձագիտական տեսանկյունից՝ հեռու մնալով քարոզչական խոսույթից:

Հատորների հեղինակը կարճ անդրադարձ կատարեց երկու աշխատություններին և այս տարվա ընթացքում հրատարակվելիք մյուս երեք հատորներին, որոնք վերաբերում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, հարևանների հետ հարաբերություններին, ապա պատասխանեց շուրջ երկու տասնյակ ներկաների բազմաբնույթ հարցերին:

Շնորհանդեսի ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

Երկուշաբթի, ապրիլի 22-ին, երեկոյան ժամը 18:30-ին, Հայկ Գաբրիելյանի «Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ» հատորի շնորհանդեսը կկայանա Երևանում, Մոսկովյան 6/7 հասցեում (Կարարա սրճարան)՝ Ավետիք Իսահակյանի արձանից 50 մետր դեպի Տերյան փողոց:

Երևանի շնորհանդեսին կլինի արցախյան ժենգյալով հաց, գինի, հյութեր, թեյ և սուրճ:

Շնորհանդեսների օրը գիրքը, հեղինակի ստորագրությամբ, հասանելի կլինի 5.000 դրամով:

Գաբրիելյանի հինգհատորյակի առաջին երկու գրքերը կարող եք ձեռք բերել ինչպես Երևանի գրատներից, այնպես էլ ԱՆԻ կենտրոնից և հեղինակից՝ նրա ստորագրությամբ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

20 ապրիլի, 2024թ