Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խորհրդաժողովը Թիֆլիսում․ ապրիլ, 1920թ

2448

Թիֆլիսում կոնֆերանսը բացված

Թիֆլիսից տեղեկացնում են, որ Անդրկովկասյան երեք հանրապետությունների կոնֆերանսի բացումը կայացել է ամիս 9-ին [ապրիլ, 1920]։

Առաջին հերթին բարձրացվեց Ղարաբաղի ռազմական գործողությունների դադարեցման խնդիրը։

Ադրբեջանի պատգամավորները հայտնեցին, որ իրենք լիազորված չեն այդ հարցը քննելու և համաձայնվեցին ուղիղ գծով խնդրել իրենց կառավարությունից այդ խնդիրը սպառող լիազորություն։

Վրաստանի կառավարության պատգամավորներն են՝ արտաքին գործերի նախարար Ե․ Գեգեչկորի, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Երևանում՝ Մախարաձեն և զինվորական նախարար Լորդկիպանիձեն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան Խոյսկին, որ նույնպես պատվիրակության անդամ է, դեռ Թիֆլիս չի հասել։

Անմիջապես դադարեցնել բոլոր արյունալից ընդհարումները

Անդրկովկասյան երեք հանրապետությունների կոնֆերանսի նախագահությունը ամսի 11-ին հեռագրում է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների կառավարություններին հետևյալը․

Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կոնֆերանսը, ձեռնարկելով յուր աշխատանքներին, որոշում է նախ՝ անմիջապես դադարեցնել բոլոր արյունալից ընդհարումները, որոնք այժմ տեղի են ունենում Ղարաբաղում, երկրորդ՝ դրա հետ միասին կոնֆերանսը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները անմիջապես ձեռք առնեն ամենակտրում միջոցները համապատասխան հանրապետությունների սահմաններում հայկական և մահմեդական ազգաբնակությունների միջև ընդհարման բոլոր հնարավորությունները վերացնելու համար, երրորդ՝ այս որոշման մասին շտապ կերպով տեղեկացնել Ադրբեջանյան և Հայկական կառավարություններին համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար։

Կոնֆերանսի նախագահություն՝ Աղաև, Մամիկոնյան, Գեգեճկորի

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 76, հինգշաբթի, 15 ապրիլի, 1920թ․

Լուսանկարում՝ Խատիսյանի պատասխանը ՅԱՌԱՋ-ի 1920թ․ ապրիլի 16-ի թիվ 77-ում

[Հասան բեկ Աղաևը սպանվեց 1920 թ. հուլիսի 19-ին, Թիֆլիսում – ԱՆԻ]