Հայաստանի աշխարհիկ և հոգևոր ընդդիմության սխալ հաշվարկը Ռուսաստանի հարցում

1508

Հայաստանի ընդդիմությունը՝ լինի աշխարհիկ կամ հոգևոր, շարունակաբար կարևորագույն սխալ է թույլ տալիս 2020 թվականի աղետալի պարտությունից հետո:

Բնական է, տրամաբանական և արդարացված, երբ նախկին նախագահները, գործող վարչապետի կառավարությանը մաս կազմած ՀՅԴ-ն, Ապրելու երկիր կուսակցության անդամները և այլ անհատներ, որոնք տարիներ շարունակ եղել են գործող իշխանությունների թիմում, քննադատում են Նիկոլ Փաշինյանին:

2020թ ՄԵԾ ԱՂԵՏԻ թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, քանի որ նրանց կառավարման ժամանակ է տեղի ունեցել այս ամենը, բայց մի մեծ ԲԱՅՑ կա:

Մեր ընդդիմությունը՝ լինի աշխարհիկ կամ հոգևոր, բառ անգամ չի խոսում Ռուսաստանի դերակատարության, Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմավարական համագործակցության մասին: Ավելին, մեր ընդդիմությունը անուղղակի կերպով արդարացնում է Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը՝ անդադար և բացառապես Փաշինյանին թիրախավորելով:

Իբր չլինի Փաշինյանը, ռուսները մեզ կօգնեն: Այսպիսով, Կովկասում Ռուսաստանի շահերը համադրում են Փաշինյանի գոյության հետ: Սա, մեղմ ասած, մանկապարտեզի տրամաբանություն է: Կովկասում Ռուսաստանի շահերը հայ անհատներով չեն պայմանավորված: Ճիշտ այնպես, ինչպես պայմանավորված չէին մեկ դար առաջ՝ 1920-ին, երբ նրանք գործակցում էին բոլշևիկյան Ադրբեջանի և քեմալական Թուրքիայի հետ՝ ընդդեմ “իմպերիալիզմի գործակալ” Հայաստանի և “Արևմուտքի դրածո” Համո Օհանջանյանի ՀՅԴ Բյուրո-կառավարության:

Մինչդեռ պարզ, քաղաքականությունից դուրս մարդիկ անգամ տեսնում, գիտակցում և հասկանում են, որ մեր այսօրվա աղետալի վիճակում տխուր, եթե չասենք դավադիր դերակատարություն ունեն նաև այն ուժերը, որոնց կուրորեն հավատացել ու հավատում ենք:

Մեր ընդդիմությունը, ինչպես 1920թ հայ բոլշևիկները, հավանաբար սպասում են, որ Ռուսաստանը կտապալի Փաշինյանի վարչակարգը, և իրենց են տեսնում ՀՀ նոր վարչակարգի դերում:

Սա մեր ընդդիմության երկրորդ սխալն է: Ռուսաստանի համար Փաշինյանն այսօր ամենաընդունելի առաջնորդն է, քանի որ Փաշինյանի վարչապետությունն է, որ արդարացնում է Մոսկվայի՝ Բաքվի և Անկարայի հետ գործակցությունը, որը խորքում ընդդեմ Հայաստանի է:

Եթե այսօր Ռուսաստանը որոշի Հայաստանում իշխանափոխություն իրականացնել և, օրինակ, առաջ բերել Լևոն Քոչարյանին կամ Իշխան Սաղաթելյանին, ապա Մոսկվան պարտավորված պետք է լինի առաջնայնությունը տալ ՀՀ շահերի սպասարկմանը, քան Ադրբեջանինը: Մի բան, որ Մոսկվայի շահերից չի բխում այսօր, բայց կարող է բխել վաղը:

Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չի տեղավորվում Կովկասում Ռուսաստանի կենսական շահերի կենտրոնում, իբր արևմտամետ Փաշինյանի առկայությունը միայն ու միայն ձեռնտու է Մոսկվային: Հենց իբր հակառուս Փաշինյանի առկայությունն է ռուսների ձեռներն ազատում մեր հանդեպ ստանձնած երկկողմ և բազմակողմ՝ ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները կատարելուց:

Այս պարզագույն հաշվարկը, թվում է, մեր ընդդիմությունը ճիշտ չի գնահատում:

Ավելին, երբ անգամ Հայաստանի ամենառուսամետ և Ռուսաստանին հավատարիմ բնակավայրերն ու մարդիկ են դժգոհում Ռուսաստանի կեցվածքից, մեր աշխարհիկ և հոգևոր ընդդիմությունը մնացել է Մոսկվային հավատարիմ միակ ուժը փաստորեն: Այս պայմաններում, նոր ընտրություններում Փաշինյանը կարող է միայն և միայն հաղթել:

Եւ մեր այսօրվա ընդդիմությունը Փաշինյանի համար ամենաձեռնտու տարբերակն է:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն

Նոր Նորք, 12 ապրիլի, 2024թ